Ցուցահանդեսը բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում հովանավորությամբ տեղի է ունենում այս միջոցառումը: Ներկա էր նաեւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ պատգամավորներից ՏՀՏ ոլորտն ամենաշատ գնահատողը Արշակ Սադոյանն էր: Միգուցե պատգամավորի այցը պայմանավորված էր նրանով, որ «Digitec»-ի գլխավոր հովանավորը «ՎիվաՍելլն» է, իսկ ոլորտի թիվ 1 թշնամին` «ԱրմենՏելը» եւ նրա մատուցած ինտերնետ կապը:
«Digitec»-ը կազմակերպվում է 2-րդ անգամ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքերով, այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվը գերազանցում է «Digitec 2005»-ին ներկայացված ընկերությունների քանակը: Ընդ որում, «Digitec 2006»-ին մասնակցում են ոլորտի մի քանի խոշոր արտասահմանյան կազմակերպություններ: Ոմանք գտնում են, որ այս ցուցահանդեսը կոնկրետ դրական արդյունքներ է տալիս ձեռնարկություններին ու բիզնես միջավայրին: Իսկ ոմանց կարծիքով էլ` «Digitec»-ին մասնակցելը պարզապես ձեւական բնույթ է կրում: Խոշոր արտասահմանյան ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ մասնակցում է այս ցուցահանդեսին` լոկ իրենց «իմիջը» հայկական շուկայում պահելու համար: «Ես բազմիցս մասնակցել եմ Ռուսաստանում կայացած միջազգային ՏՀՏ ցուցահանդեսների: Այնտեղ հենց տաղավարում ֆիրման վաճառք է իրականացնում, ինչը «Digitec»-ում բացակայում է: Այստեղ մարդկանց հոսքը մեծ չէ, հիմնականում ընկերությունների ներկայացուցիչներն ու լրագրողներն են»,- ասում է վերազգային կորպորացիայի աշխատակիցը:
Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում էր համաշխարհային «Microsoft»-ը, որը մայիսին ՀՀ-ում բացեց իր գրասենյակը: Ընկերությունը հոկտեմբերի 5-ին «Enterprise» համաձայնագիր է ստորագրել «ՎիվաՍելլի» հետ: Սա առաջին նմանօրինակ պայմանագիրն է «Microsoft»-ի եւ հայաստանյան որեւէ մասնավոր ընկերության միջեւ: «Սա եւս մեկ անգամ հաստատում է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ տեղային հզոր ՏՏ ոլորտի արագընթաց զարգացմանն օժանդակելու մեր որոշումը»,- ասաց «Microsoft»-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Վահե Թորոսյանը: Պայմանագրի համաձայն, «ՎիվաՍելլը» «Microsoft»-ից կստանա տեխնիկական օժանդակություն, պարզեցված արտոնագրերի կառավարման եւ սպասարկման առավելություններ:
Այս տարի «Digitec»-ին ներկայացել էր նաեւ ճապոնական «Mitsubishi Electric» ընկերությունը, որն արդեն բավականին ժամանակ է, ինչ հայաստանյան շուկա է հանում իր օդափոխիչները: «Այժմ մենք ներկայացնում ենք մուլտիմեդիայի նախագծեր, որոնք կարող են կիրառվել կրթության, բիզնեսի մեջ, կենցաղում: Բացի այդ, մենք ներկայացնում ենք տեսապատեր, որոնք ունեն մեծ ինֆորմացիոն տարողունակություն: Հետագայում մենք նպատակ ունենք ներկայացնել արդյունաբերության համար նախատեսված մոնիտորներ` դիսպետչերական կետերի կամ օդանավակայանների համար, մեծ փողոցային լուսավոր էկրաններ»,- մեզ հետ զրույցում նշեց «Mitsubishi Electric»-ի ԱՊՀ տարածաշրջանային մենեջեր Միխայիլ Նեւզորովը: Նրա խոսքերով, ընկերությունը ցուցահանդեսում միայն լուծումներ է առաջարկում: «Mitsubishi»-ն իր արտադրանքը ոչ թե ուղղակիորեն վաճառում է Հայաստանում, այլ տեղական ընկերությունների հետ համատեղ աշխատում է: Բացի այդ, ըստ Մ. Նեւզորովի, իրենք հանդիպումներ են ունենում ՀՀ վարչապետի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միության հետ` ՏՏ շուկայի եւ մասնավորապես` վիդեո-տեխնոլոգիաների զարգացման գլոբալ խնդիրները քննարկելու համար: «Պարզ է, որ կրթությունն այսօր կավիճով ու ջնջոցով չի կարող այլեւս զարգանալ, պետք է նոր տեխնոլոգիաներով առաջ ընթանա, անհրաժեշտ են նոր լուծումներ: Հայաստանը վերջիվերջո դրան հասնելու է, բայց թե ինչ տեմպերով ու քայլերով, հենց դա էլ ՏՏ արդյունաբերության քննարկման առարկան է»,- ասում է «Mitsubishi»-ի ներկայացուցիչը: Նրա խոսքերով իրենք, օրինակ, ՀՀ էլեկտրաէներգետիկայի ոլորտում ուսումնասիրություն են անցկացրել եւ հասկացել են, որ սարքավորումները մաշված են եւ վաղ թե ուշ նոր լուծումներ են պահանջելու: Հակառակ դեպքում, ըստ Մ. Նեւզորովի, Հայաստանում կարող է մի օր տեղի ունենալ այն, ինչ 2005թ. եղավ Մոսկվայում, երբ մի քանի օր քաղաքը մնաց առանց էլեկտրաէներգիայի: «Mitsubishi»-ի ներկայացուցչի կարծիքով, ՏՏ բոլոր ուղղություններով ՀՀ-ն ունի մեծ պոտենցիալ, հատկապես բարձրորակ ինժեներներ: Մ. Նեւզորովը վստահեցրեց, որ իրենք կնպաստեն, որպեսզի Հայաստանն ընդգրկվի համաշխարհային գլոբալ ՏՏ տարածությանը:
Մեկ այլ միջազգային ընկերություն` հոլանդական «Metris» ՍՊԸ-ն «Digitec»-ում ներկայացնում է բարձր կարգի ճշտությամբ «Լաբորաս» եւ «Սոնոտրակ» չափիչ սարքավորումները, որոնք նախատեսված են միջկլինիկական ուսումնասիրությունների ժամանակ կենդանու վարքագծի ուսումնասիրության համար: Սարքավորման հիմնական նպատակն է տոքսիկոլոգիայի մեջ դեղորայքի ուսումնասիրման ժամանակ ճշգրիտ որոշել դեղերի բացասական ազդեցությունը: «Metris IT Solution» ընկերությունը զբաղվում է ՀՀ-ում ճշգրիտ սարքավորումների ծրագրավորմամբ, ինչպես նաեւ` ինքնաթիռների «ավտոպիլոտ» ծրագրի մշակմամբ: Մեր այն հարցին, թե Հայաստանում օգտագործվո՞ւմ են արդեն այդ սարքավորումները` «Metris» ընկերության տեխնիկական մենեջեր, «Metris IT Solution»-ի տնօրեն Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Տվյալ պահին Հայաստանը չունի բարձր մակարդակի լաբորատորիաներ, քանի որ փլուզման տարիներից ի վեր լաբորատորիաները գտնվում են շատ վատ վիճակում եւ ունեն մեծ ֆինանսական պրոբլեմներ: Տվյալ պահին մենք ոչ թե շուկա ենք փնտրում, այլ տեղեկացնում ենք այս սարքավորումների մասին: Ինձ թվում է, ժամանակի ընթացքում կառավարության միջնորդությամբ (այլ երկրներում, օրինակ, սուբսիդիաների շնորհիվ) հնարավոր կլինի վերականգնել մեր լաբորատորիաները»: Ի դեպ, սարքավորումներից մեկը Եվրոպայում արժե 80.000 եվրո, մյուսը` 12.000: Բայց, Լ. Բաղդասարյանի խոսքերով, հոլանդացիները հայերի համար հատուկ զեղչեր ունեն:
Համաշխարհային «Intel» ընկերությունն, արդեն երկրորդ տարին է, ինչ հայաստանյան «Յունիքոմփ» կազմակերպության միջոցով «Digitec»-ում ներկայացնում է իր նոր տեխնոլոգիաները: Այս անգամ առավել ուշագրավ էր ընկերության «թվային տունը», որն իրենից ներկայացնում է միասնական սարք` համակարգչով, հեռուստացույցով, DVD-փլեերով եւ երաժշտական կենտրոնով: Ըստ «Յունիքոմփի» ներկայացուցչի, սարքն ունի բազմաֆունկցիոնալ հնարավորություններ, սակայն «թանկ չէ, մի հզոր համակարգչի գնի է»:
«Planet Technology Corporation» ներկայացուցիչը հանդիսացող «Ալեքսերվ» ՍՊԸ-ն «Digitec 2006»-ի օրերին անլար ինտերնետ կապի միջոցով ծածկել է Մարզահամերգային համալիրի սրահը: «Ալեքսերվի» տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով, իրենք պլանավորում են ամբողջ Երեւանը ծածկել անլար ինտերնետ կապով: Դա կարող է տեւել 6 ամսից մինչեւ մեկ տարի: Անլար կապը հնարավորություն կտա բնակչությանն, առանց քաղաքային հեռախոսի օգնության, օգտվել ինտերնետից: Ըստ Հ. Եսայանի, այս գործունեությունն «ԱրմենՏելի» հետ կապ չունի, եւ յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել անլար ինտերնետ կապի միջոցը:
Այս տարվա «Digitec» ցուցահանդեսում բացակայում էին որոշ ընկերություններ, որոնք անցյալ տարի իրենց տաղավարներն ունեին: Հավանաբար, նրանք ցուցահանդեսից «պտուղներ» չէին քաղել, իսկ շատ ընկերություններ մեծ ակնկալիքներ ունեն: