«1993 թվականի հուլիսի 24-ը ես երբեք չեմ մոռանա»,- ասում է Մերի
Մեժլումյանը: Հոր ծննդյան օրն է: Ընտանիքով ու բարեկամներով գնում են
ծնունդը նշեն՝ «գարաժների մոտ, աղբյուր կա»: Աղբյուրի մոտ շնիկի հետ
խաղացող Մերին կռանում է աղբյուրի վրա լվացվելու: «Էդ պահին, ռակետային
բոմբա են ասում, ինքնաթիռից գցեցին գարաժների վրա,- պատմում է Մերին,- ես
որ աղբյուրի մոտ չլինեի՝ ինձ բան չէր լինի, որովհետեւ բոմբի հարվածից ես
ուշաթափվել ու ընկել եմ աղբյուրի վրա, հետո ջրից ուշքս տեղն եկավ,
ձեռքերով հենվեցի գետնին, ուզեցի վեր կենամ, տեսա՝ ձեռքերս չկան, որ ջրից
ուշքս տեղը չգար ու վեր չկենայի, ձեռքերիս բան չէր լինի, էդ ռակետային
բոմբը էդպիսի բան է, էլի, որ հալեցնում է, իմ ձեռքերը հալվել էին»:
Մերին զրկվել է նաեւ ոտքից:
20-ամյա սիրունիկ ու կենսուրախ աղջիկը տնից շատ քիչ է դուրս գալիս: «Չեմ
ուզում,- ասում է,- տանը լավ է»: Կարդում է, ինքնուրույն ռուսերեն է
սովորել: «Դպրոց կարգին չեմ գնացել,- ասում է,- բայց բավականին լավ
ռուսերեն գիտեմ»: Երբեմն ընկերուհիների հետ դիսկո ակումբ է գնում, երբեմն,
երբ ծնողներին հարմար չի լինում, փոքր եղբոր ծնողական ժողովներին է
մասնակցում: Բժիշկները Մերիին փորձել են օգնել, սակայն ծնողների
հնարավորությունները չեն ներում աղջկա աճին զուգընթաց նոր պրոթեզավորում
անել: Առաջին պրոթեզին Մերին հրաժեշտ է տվել դեռեւս 2000 թվականին:
Բարերարների միջոցով աղջիկն ուղեւորվում է Ամերիկա, ուր պետք է
համապատասխան բուժում անցներ ու ստանար նոր պրոթեզներ: Սակայն վրա է
հասնում հաջորդ դժբախտությունը. Մերին բուժումը կիսատ է թողնում ու
վերադառնում Հայրենիք՝ վերջին հրաժեշտը տալու մահամերձ մորը. լեյկոզով
հիվանդ մայրը մահանում է դստեր վերադարձի հաջորդ օրը: Այդ օրվանից Մերին
տանն է: Մերիից բացի, Մեժլումյան ընտանիքն ունի երկու արու զավակ:
Ընտանիքի հայրը՝ Կարոն, աշխատում է Կապանի թռչնաֆաբրիկայում, մի կերպ
ծայրը ծայրին հասցնում է: Մոր մահից հետո ընտանիքի կենցաղային հոգսերն իր
վրա է վերցնում Մերիի քեռակինը՝ Անուշը: 1994 թվականն Անուշի համար էլ է
ճակատագրական եղել. կորցրել է ամուսնուն: Հիմա իրենք բոլորով մի ընտանիք
են, Անուշի համար ամուսնու քրոջ ընտանիքը մխիթարություն է եղել: «Համ էլ,
տես, քեռակինս ինչքան նման է մորս,- ասում է Մերին՝ ցույց տալով մոր
նկարը,- երկուսի մազերն էլ գանգուր են»: Մերին գեղեցիկ, երկար մազեր ունի,
ու սիրում է լիքը հյուսեր անել: Ասում է՝ «Քեռակինս չի ալարում, հյուսում
է»: Փոխարենը՝ Մերին քեռակնոջը կարողանում է օգնել ուրիշ հարցերում.
ինքնուրույն ճաշում է, ատամները լվանում, նույնիսկ մեծ վարպետությամբ
սուրճ է եփում՝ սուրճը լցնում սրճեփը, վառում գազօջախը, հետո՝ սրճեփից
առանց մի կաթիլ կորստի՝ սուրճը բաժանում է բաժակների մեջ: Այդ ամենը անում
է միակ ոտքի ու բերանի օգնությամբ: Բերանի օգնությամբ Մերին նաեւ նկարում
է:
Մերին ասում է՝ «Եթե դիմեմ «Փյունիկին», ինձ կուղարկի Ամերիկա բուժման,
ասել են՝ երբ կուզես՝ կզանգես-կգաս: Մինչեւ հիմա չէի ուզում, բայց հիմա
ուզում եմ»: Հայրը աղջկան չի ուզում հիասթափեցնել ու առանձին է ասում՝ «Դա
էլ է հարց, «Փյունիկը» պիտի դիմի Ամերիկայի իր կենտրոնին, էնտեղից
պատասխանը ստանա, էդ էլ՝ Աստված գիտի»: Մերիին հրավիրում են նաեւ
Ամերիկայի բարերարները: «Ասում են՝ մենակ աղջկան հասցրեք մեզ, մնացածը ձեր
գործը չի»: Բարերարների հետ Մերին ծանոթացել է հիվանդանոցում, որտեղ
բուժվում էր նաեւ նրանց որդին: «Երկար ժամանակ է, իրենց հետ չեմ խոսել,-
ասում է Մերին,- իրենց տղան, որ ինձ հետ հիվանդանոցում գանգրենայից
բուժվում էր, ավտովթարից մահացել է, չեմ ուզում զանգեմ, որ զանգեմ՝ լաց եմ
լինելու, իրենք էլ են լաց լինելու»: Որդու մահից հետո բարերարներն ավելի
են ուզում Մերիին տեսնել, բայց «էստեղից Ամերիկա զանգելու հնարավորություն
չունեմ,- ասում է Մերիի հայրը,- Ամերիկա ո՞նց ուղարկեմ»: Մերին ապրում է
Ամերիկա գնալու հույսով, շատ չի մանրամասնում՝ ինչու, մենակ ասում է՝
«ուզում եմ», Կապանից շատ չի սիրել Ամերիկան։ «Ամենալավ քաղաքը Կապանն է,-
ասում է,- Ամերիկան էլ է լավ, բայց արհեստական է՝ խոտը իրիկունը ցանում
են, առավոտը մի մատնաչափ աճած է լինում»:
Երբեմն Երեւանից լրագրողներ են գնում ու Մերիի մասին ռեպորտաժներ
պատրաստում: Չի էլ հիշում՝ ովքեր են, որտեղից, բայց նրանց նշած օրը նստում
է հեռուստացույցի մոտ ու ժամերով սպասում խոստացված հաղորդմանը: Երբեմն
հաղորդում չի էլ լինում, բայց Մերին, մեկ է, էլի ընդունում է լրագրողների
հաջորդ խմբին. շատ ընկերասեր աղջիկ է: