Մեր թատրոնն, անկասկած, նորոգման կարիք ունի: Թատրոնում կարծես սովորույթ է դարձել որեւէ դասական գործի ու մեր օրերի միջեւ զուգահեռներ անցկացնել, ոճավորել անցյալը, մի քանի արդիական շտրիխ ավելացնել ու ներկայացում սարքել` հանդիսատեսին համոզելով, որ հենց այսպիսի մոտեցումն է ամենաճիշտը:
Վերջին ամիսներին լայն գովազդվել ու «բացառիկ» են անվանվել երկու թատերական ներկայացում: Առաջինը Հակոբ Ղազանչյանի «…Եվ օրինավոր բանտ» ներկայացումն էր` արված Շեքսպիրի «Համլետի» մոտիվներով, իսկ երկրորդը Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Մարիանի քմայքները» ներկայացումն էր, արված՝ Ալֆրեդ դե Մյուսեի համանուն պիեսի հիման վրա: Ոչ մի նշանակություն չունի ներկայացումների պատրաստման սկզբունքը (առաջինը՝ անտրեպրիզային է ու տարբեր ազգերից կազմված դերասանախումբ ունի, իսկ երկրորդը մտնելու է Համազգային թատրոնի խաղացանկ), երկու բեմադրություններն էլ զուրկ են հմայքից ու թարմությունից: Հեղինակային, այսինքն՝ ռեժիսորական հայացքը ջանում է արդիական երեւալ ու մոռանում է, որ այդ նույն հայացքը կարող է բնավ էլ հետաքրքիր չլինել հանդիսատեսի համար: Այլաբանական միջավայրում մի քանի ժամանակակից գիծ ավելացնելն ու դերասաններին տեքստ արտասանել կարգադրելը՝ նշանակում է խաբել հանդիսատեսին: Դրա համար չարժե ժամանակ ու գումարներ վատնել: Նման թույլիկ ճիգեր անում է սկսնակ որեւէ ռեժիսոր-ուսանող, որի հանդիսատեսն իր դասախոսներն են:
Հակոբ Ղազանչյանն իր Համլետին հոգեբուժարան է տեղափոխել, գամել հիվանդասենյակի մահճակալին, նրան զսպաշապիկ հագցրել ու ստիպել ջղաձիգ հնչերանգներով մենախոսություններ ասել: Սկզբից մինչեւ վերջ նույն տոնայնությունն է: Ընդ որում, ներկայացման բոլոր մասնակիցներն էլ ջղաձգվում ու գոռում են, որպեսզի ասեն, թե մենք տառապում ենք այս կյանքում: Կիսախելագար են եւ Գերտրուդը, եւ Օֆելյան, խելագարության շեմին կանգնած մարդկանց կերպարանք ունեն նաեւ հիանալի պլաստիկային տիրապետող բազմազգ դերասանները: Բավական է մի դրվագ դիտել ու հեռանալ թատրոնից: Ներկայացումը լարված դիտելու համար չէ, այն պարզապես անհամ է: Ռեժիսորը խիզախություն է անվանել ներկայացման մեջ տարբեր լեզուներ խառնելը, սակայն դա շատ բնական ու օրգանական է կատարվել, դա չէ ներկայացման խնդիրը: Նույնիսկ կարելի էր էկրանին հայտնվող տեքստի թարգմանություններին չհետեւել, դրա կարիքը չկար, տեքստը տեղ էր հասնում: Չէր հասկացվում, թե ինչի՞ համար է այս ամենը: Այո, աշխարհը կարող է ոչ միայն բանտ լինել, այն կարող է նաեւ բանտ-հոգեբուժարան լինել, որտեղ մարդիկ կամ սրիկա-բժիշկներ կամ անմեղ խենթեր են: Բայց հետո` ի՞նչ… Միայն այդ կարգախոսով ու դասականի բառերով ներկայացում չես կառուցի: Ներկայացումը չի փրկում նույնիսկ աստղ-դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությունը գլխավոր դերում: Ներկայացումը ձանձրալի է, իսկ դա ամենասարսափելի ախտորոշումն է ցանկացած ներկայացման համար:
Կեղծ ռոմանտիզմի ծուղակում
Սփյուռքում ապրող շատ դերասանների կամ ռեժիսորների կարծիքով` Հայաստանը ոչ բանտ է, ոչ հոգեբուժարան է, այլ հեռավոր ու հետամնաց մի գավառ է, որտեղ պակասում է ռոմանտիզմը: Ֆրանսահայ դերասան ու ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը մինչ իր ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնելը տարբեր լրատվամիջոցներով ելույթ էր ունենում ու ասում, որ երկար ու դժվարին որոնումներ է կատարել, որպեսզի գտնի իր մտահղացմանն արժանի դերասանների: «Հայ դերասանները կաղապարված են, ինձ բնական ու թեթեւ դերասաններ են պետք»,- թերեւս սա էր նրա գլխավոր մտահոգությունը: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների շարքում նաեւ նոր թատերական բեմադրություն ընդգրկելու համար Սերժ Ավեդիքյանին պատվեր են արել, գումար տրամադրել ու վստահել եւ պիեսի, եւ դերասանական կազմի ընտրությունը: Նա ընտրել է 19-րդ դարի մելոդրամը, որի հիմքում սիրային պատմությունն ու սիրուն արժանի կամ անարժան լինելու հարցն է: Թեման սերն է, դերասանները երիտասարդ են, տեքստը վեհաշունչ է, իսկ հանդիսատեսի սպասումները` մեծ: Արդյունքը կարող էր եւ ոգեւորիչ, եւ հիասթափեցնող լինել: Եվ եղավ հիասթափեցնող: Պատճառը նույնն է՝ ռեժիսորի հայացքն անհետաքրքիր է: Ռեժիսորն է ներկայացման տերն ու տիրակալը, տեքստը, դերասանները, դեկորացիաներն ու ձեւավորումը միայն գործիքներ են նրա ձեռքին: «Մարիանի քմայքները» պիեսը բարոյախրատական ու վեհաշուք տեքստ ունի, որը բավականին շնորհալի երիտասարդ դերասաններն աշխատում են ճիշտ արտասանել` դեկորացիայից ու երաժշտական ձեւավորումից գրեթե զուրկ բեմում: Նրանք տառապում են, սիրո մասին են խոսում, սեր են խոստովանում, սպանում ու սպանվում… եւ այս ամենը բացարձակ անտարբեր է թողնում հանդիսատեսին: Սերժ Ավեդիքյանն ուզում էր ներկայացում անել «ծուղակն ընկած եւ անորոշ վիճակում գտնվող երիտասարդների ու պատրանքների խորտակման» մասին, բայց ստացվեց ձանձրալի ու անգույն մի ներկայացում: 19-րդ դարի հայտնի ռոմանտիկ դե Մյուսեի գործը սիրախաղերի, հանուն սիրո զոհվելու պատրաստակամության մասին է: Այդ թեման գուցե արդիական է եղել 20-րդ դարի շեմին, երբ կինը` սիրեկան ընտրելով, փորձում էր ինքնահաստատվել: Բայց հիմա ակնհայտորեն հնացած է այդ թեման: Պրագմատիկ ու իրատեսական երիտասարդներին ռոմանտիզմի դաս տալով՝ ավելի լավը չես դարձնի եւ խրատներով չես լրացնի սիրո պակասը: Ստացվում է, որ ներկայացումը հասցեատեր չունի: Գլխավոր հերոսուհին կարող է հեծանիվով բեմ դուրս գալ, զայրույթից աթոռներ շրջել, կարող են պատմություններ պատմվել, որոնց իլյուստրացիաները սպիտակ սավանի վրա ստվերային լուծում են ստանում… այս ամենն ապարդյուն ճիգեր են դառնում այն դեպքում, եթե ռեժիսորը թյուր պատկերացում ունի թատրոնի մասին: Որքան ուզում ես էքսպերիմենտ արա ու միզանսցեն կառուցիր, դա պետք է արդարացված լինի գաղափարով: Եթե, իհարկե, գաղափար ունես, եւ այդ գաղափարը ձանձրալի չէ: Գուցե Սերժ Ավեդիքյանին հանդիսատեսի ռեակցիան բնավ էլ չի մտահոգում, գուցե նրան թվում է, որ սա է թարմն ու գեղեցիկը… Համենայնդեպս, շատ ափսոս է, որ հենց այս ժամանակավրեպ ու թույլ ներկայացումն է ցուցադրվելու Ֆրանսիայում: Ֆրանսիան ու Հայաստանն իրար կապելու առաքելությունը ստանձնած Սերժ Ավեդիքյանի այս առաջին թատերական փորձը չի կարելի հաջողված համարել: Գուցե պետք է կրկին փորձել… Բայց արդեն այլ ռեժիսորի հայացքով ու այլ նյութի վրա: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Հիմա շատերը բեմադրում են ճիշտ այնպես, ինչպես ասֆալտապատում են Երեւանի փողոցները. հիմնական աշխատանքներ են անում, հետո որոշ կոսմետիկ շտկումներ են կատարում, քանդում նախորդ արածը, փորձում ուղղել սխալները, մեծ աղմուկով ու անպատեհ պահերին փակում են փողոցները, խցանումներ են առաջացնում, հետո նորից սարքում, նորից քանդում… Այդպես ասֆալտ, իհարկե, չեն փռում, բայց ներկայացում այդպես պատրաստել արդյոք կարելի՞ է: Նույնիսկ եթե փորձես խոսքերով համոզել, որ ներկայացումը (կամ ասֆալտը) լավ է արված, միեւնույն է, հանդիսատեսին (վարորդին ու հետիոտնին) խաբել չես կարող, նա էլ հո տեսնո՞ւմ է, որ վատն է:
Մեր թատրոնի իրական ողբերգությունը ռեժիսորների (մասնագետների) պակասն է: Պետք է լինի մարդ, ով կառուցել գիտի, եւ ով իր կառուցած ներկայացումով ունակ է հուզել, զարմացնել, հիացնել կամ գուցեեւ՝ զարմացնել ու բողոք բարձրացնել: Լավ ներկայացումը չպետք է անտարբեր թողնի հանդիսատեսին եւ հորանջելու պահանջ առաջացնի:
Երբ թատրոնում ժամանակին ճիշտ սերնդափոխություն չի կատարվում ու տարիներ շարունակ բեմադրություններ անող միեւնույն ռեժիսորները չեն մտահոգվում «Ո՞ւմ թողնել բեմը» հարցով, գալիս է մի պահ, երբ թատրոնը ստեղծագործական առումով կանգ է առնում: Եվ երբ հասարակության մեջ հասունանում է լավ ներկայացում դիտելու պահանջը, պարզվում է, որ բեմադրություններ չկան: Որտեղի՞ց պետք է հայտնվեն: Տասնյակ փորձերից ու սխալներից հետո միայն կարող են սուր հայացք ունեցող ու բեմական տարածք կառուցելու սկզբունքներին ծանոթ ռեժիսորներ ի հայտ գալ: Փորձելու ու էքսպերիմենտներ ստուգելու դաշտ պետք է լինի: Նույն կաթսայի մեջ տարբեր ճաշ եփելու համար պետք է սկզբից այդ կաթսան լվանալ` համերն ու մոտեցումներն իրար չխառնելու համար: Դա պետական թատրոնների գլխավոր (եւ հաճախ` միակ) ռեժիսորների մտահոգությունը պիտի դառնա: Բազմազանությունը, ի վերջո, մի օր համեղ ներկայացումների ծնունդ կտա: Իսկ հիմա թատերային իրադարձությունները կամ թատերային պատվերները նախապես տապալման են դատապարտված, քանի որ ռեժիսորները պարզապես պատվեր են կատարում, անում են այն, ինչ կարող են: Իսկ նրանց արածն այսօր ոչ մեկին պետք չէ: Մինչդեռ մեզանում մտածել իմացող ռեժիսորներ կան: Նրանք պարզապես չեն երեւում, կորել են թատրոնների գլխավոր ռեժիսորների ստվերների տակ, որոնք, չգիտես ինչո՞ւ, բեմադրելու մենաշնորհը միայն իրենց են վերագրում: Եթե բեմադրելու հնարավորություն ու կարողություն ունեցող ռեժիսորներ լինեն, ապա օրերից մի օր էլ լավ դրամատուրգներ ի հայտ կգան: Հիմա մեր թատրոնը ծեր է, հոգնած ու զգուշավոր է, ծեր են բեմից հնչող մտքերն ու բեմավիճակները: Ծեր ու մաշված թատրոնն, իհարկե, համապատասխանում է մեր կյանքի մոդելին, որի ճիշտ պատճենն է դարձել: Եվ հենց մեր անտարբեր հասարակությունից ու անտարբեր հանդիսատեսից է կախված թատրոնի որակը: Պետք է ականջ դնել հանդիսատեսի կարծիքին: