Եվրոպական համալսարանը կսնանկանա՞

10/10/2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Եվրոպական համալսարանի խաբված առաջին կուրսեցիների խնդիրը դրական լուծում չի ստանում: Այսօր Կրթության եւ գիտության նախարարությունը վերջապես ունի ուսանողների բողոքի նամակի վերջնական գրավոր պատասխանը, որը ամրագրում է՝ 250 տղաներից բանակ չեն գնա միայն 30-ը: Ըստ դրա, կառավարության հուլիսի 13-ի որոշումը լրիվ օրինական է եւ կկիրառվի զորահավաք սկսելու պահից, այսինքն՝ հոկտեմբերի 27-ից: Ուսանողների վերջին հույսը դատարան դիմելն է: Սակայն այսքանով հարցը չի փակվում, չի փակվում նաեւ ռեկտոր Սերգեյ Բիչախչյանի հրաժարականով: Հնարավոր է, որ ոչ միայն հիմնովին փոխվի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ նախագահի գլխավորությամբ, այլ նույնիսկ բուհը ստիպված լինի հարկայինին վճարել այս տարիներին ունեցած եկամուտների կեսը, քանզի ըստ օրենքի, առանց լիցենզիայի գործող հաստատության եկամուտների 50%-ն առգրավման ենթակա է: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպական համալսարանը կարող է ուղղակի սնանկանալ: