«Յուրաքանչյուր վերջ ինչ-որ բանի սկիզբ է»,- համոզում են նրանք:
Անդադար զգալ մահվան շունչը, հաղթել ու պարտվել մահվան հետ պայքարում,
բախվել նրան երես առ երես, բայց շարունակել ապրել ու կյանք պարգեւել: Սա է
վերակենդանացման բաժանմունքում աշխատողի առաքելությունը, որն անտեսում է
մարդու մահկանացու լինելու փաստը: «Մահվանից չենք վախենում, բայց եւ չենք
ընտելացել կամ հաշտվել դրա հետ»,- ասում է «Արմենիա» բժշկական կենտրոնի՝
նախկինում Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ
Սուրեն Մակարյանը: Բաժանմունք բերվում են միայն ծանր, անգիտակից, շոկային
վիճակում գտնվող հիվանդները: Անցած տարվա ընթացքում բաժանմունք է բերվել
771 հիվանդ: Գրանցվել է 223 մահվան դեպք: Ս. Մակարյանի խոսքերով՝ անցած
տարի կորուստները շատ էին: Միայնակ ծերունիները չեն կարողանում ժամանակին
դիմել բժշկի, ուղեղի կաթվածը վրա է հասնում, երբ նրանք տանը միայնակ են:
Շատ են անօթեւան մարդկանց ցրտահարման դեպքերը: Աշտարակ տանող մայրուղու
վրա տեղի ունեցած ավտովթարներից տուժածները նույնպես բերվում են այստեղ:
«Մենք պայքարում ենք մինչեւ վերջ, որովհետեւ էվթանազիան մեզ մոտ ընդունված
չէ»: Հարցին, թե ինչպես է վերաբերվում էֆթանազիային, պարոն Մակարյանը
պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա ճիշտ բան է: Բայց նախքան էֆթանազիայի
մասին խոսելը պետք է որոշել. այդ մարդը, որը ցանկություն է հայտնել
հեռանալ կյանքից, արդյո՞ք իրոք ապաքինվելու շանս չունի: Դա բավականին բարդ
հարց է: Մեր բաժանմունքում մենք նման խնդիր չենք ունենում, քանի որ մեզ
մոտ բերում են սուր դեպքերը, որոնք համեմատաբար արագ զարգացում են
ստանում: Բայց խրոնիկական, ծանր հիվանդություններով, ուռուցքով տառապող,
հյուծվածություն ունեցող հիվանդները նման առաջարկ կարող են անել բժշկին:
Եվ այս դեպքում, կարծում եմ, էվթանազիան ճիշտ լուծում է»: Սուրեն
Մակարյանը, սակայն, չի բացառում հրաշքի հնարավորությունը, որը հազվադեպ է
կատարվում, բայցեւ այն իր տեղն ունի բժշկության մեջ: «Կլինիկական մահ
ապրած իմ հիվանդներից ոչ մեկը դեռ չի պատմել թունելի ու դրա վերջում
լուսավոր տարածության մասին»,- ասում է պարոն Մակարյանը, կոտրելով
վերակենդանացման երեւույթի վերաբերյալ ձեւավորված բոլոր ստերեոտիպները:
Ընդհակառակը, ամեն ինչ ավելի քան պրոզայիկ է, հատկապես՝ ինչ վերաբերում է
հարազատների հետ հարաբերություններին: «Տարիներ շարունակ աշխատելով
վերակենդանացման բաժնում, հիվանդին կամ հարազատին իրավիճակի ծանրությունը
կամ մահվան պատճառը բացատրելու որոշակի փորձ ես ձեռք բերում եւ անում ես
դա ավելի վարժ, բայց ոչ առանց էմոցիայի: Ցավոք սրտի, մարդկանց կողմից դա
ընկալվում է որպես անհոգի վերաբերմունք, թեեւ ամեն մահ իր հետքն է թողնում
մեր մեջ»: