Նյարդերը չդիմացան

06/10/2006

ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը նվիրված էր Սահմանադրության նախագծի քննարկմանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Սահմանադրության ընդունմամբ պետությունն իր կյանքը սկսում է նոր էջից։ Եվ գործող նախագահն էլ կարող է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում»։ Հիշեցնենք, որ խոսքը Արկադի Ղուկասյանի նախագահության երրորդ ժամկետի մասին է։

Հիշեցնենք նաեւ, որ առայսօր տարբեր միջազգային ատյաններում եւ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի ամենազորեղ փաստարկներից մեկը եղել է այն, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է եւ առաջ է շարժվում ժողովրդավարական զարգացման ուղիով։ Հետաքրքիր է, եթե Արկադի Ղուկասյանն այնուամենայնիվ առաջադրվի երրորդ անգամ, ԼՂՀ միջազգային հեղինակությունը դրանից կբարձրանա՞, թե՞ կնվազի։ ՀՀ Արտգործնախարարությունում գտնում են, որ ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել հենց ԼՂՀ իշխանություններին։