ԱՄՆ Կոնգրեսի 77 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 15-ամյա անկախությունն ու ամրապնդել քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները ԼՂ-ի հետ: Ըստ «Ա1+»-ի, Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության տարածած նամակում նշվում է, որ ԼՂ ժողովուրդը ժողովրդավարական եւ տնտեսապես կենսունակ պետություն կառուցելու ցանկություն ունի: ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանն էլ հայտարարել է, թե այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը քաղաքական եւ տնտեսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից: «Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին՝ նրա շռայլ տնտեսական աջակցության համար, որն օգնել է պատերազմից տուժած մարդկանց»,- ասել է Վ. Բարսեղյանը: