«Գիտե՞ս, մեզնից շատերը վերջացած սրիկաներ են, բոլոր մեղքերը կատարել
են բազում անգամներ: Ես էլ կործանված եմ եւ այլեւս վերադառնալ չեմ կարող,
հետդարձի ճանապարհ չունեմ: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնց, եթե կարող եք,
օգնեք դուրս գան էս վիճակից: Ես տեսնում եմ, որ նրանք «պայքարում են»,
դիմադրում են: Բայց այդպես երկար չեն կարող, ես էլ էի մի ժամանակ փորձում
չանցնել էդ սահմանը, մարդ մնալու սահմանը, բայց չկարողացա: Նրանց օգնեք»,-
յոթերորդ հանդիպումից հետո մեզ ասաց քաղաքի բոմժերից մեկը` Ռաֆոն:
Նրանք բոմժեր են, իրենք իրենց մասին այդպես էլ ասում են` մենք` բոմժերս:
Բոմժը ռուսերեն հապավում է, որը նշանակում է՝ ապրելու որոշակի տեղ չունեցող:
Մինչեւ անկախությունը Հայաստանում նման մարդիկ չկային: Երեւանի
փողոցներում նրանց երբեւէ չէիր հանդիպի: Այսօր նրանք ամենուր են` հատկապես
շուկաներին մերձ աղբանոցներում, բնակելի շենքերի աղբատարներում, մեծ
աղբավայրերում, լքված ու կիսափուլ շենքերում, նկուղներում, ստորգետնյա
անցումներում…: Մի խոսքով, այնտեղ, որտեղ կարելի է հայթայթել մթերքի
մնացորդներ, ապակե եւ պլաստիկե շշեր, կոշիկներ, հին շորեր, թղթի ու փայտի
կտորներ… եւ պառկելու մի քիչ տաք տեղ:
Ոչ մի գերատեսչություն, պետական մարմին կամ կազմակերպություն չի կարող
ասել, թե քանի՞ թափառաշրջիկ կա Հայաստանում: Նրանք ոչ մի տեղ հաշվառված
չեն, նրանց անունները չկան աղքատների ու չքավորների ցուցակներում, նրանք
չեն հիշատակվում այդ երեւույթներին վերաբերող ուսումնասիրություններում:
Երբ մահանում են, Երեւանի քաղաքապետարանի Թաղման բյուրոն նրանց դիակներն
ամփոփում է Սովետաշենի գերեզմանոցի` «անտերների» համար նախատեսված
հատվածում:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ իրենց նախարարությունում
չկա թափառաշրջիկներով զբաղվող որեւէ օղակ:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը
տեղեկացնում է, որ իրենց մոտ էլ չկա հատկապես թափառաշրջիկներով զբաղվող
բաժին: Անչափահաս թափառաշրջիկներով, սակայն, ոստիկանությունը զբաղվում է:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասում է, որ
քաղաքապետարանում ոչ մեկը չի զբաղվում թափառաշրջիկներով, միայն Թաղման
բյուրոն է նրանց «ընդունում» եւ «ճանապարհում»:
Մոսկվայում, որտեղ բոմժերի թիվը հարյուր-հազարների է հասնում, «Բժիշկներ՝
առանց սահմանի» միջազգային կազմակերպությունն անտունների համար ախտահանող
կայանին կից բացել է ամբուլատոր կետ: Ամեն տարի, ըստ այդ կազմակերպության
տվյալների, այդտեղով անցնում են 20.000 անտուններ: Այս կետը, ինչպես
արձանագրում են խնդրով զբաղվողները, ռուսական լրատվամիջոցներում տպագրվող
բազմաթիվ հոդվածները, բարելավում է Ռուսաստանի մայրաքաղաքի
սանիտարա-համաճարակային իրավիճակը, սահմանափակում է տուբերկուլյոզի,
մաշկավեներական հիվանդությունների, հեպատիտ «A»-ի եւ այլ ախտերի տարածումը
բնակչության շրջանում:
Երեւանում ոչ մի կառույց չի գիտակցում, որ քաղաքի թափառաշրջիկները
վերոհիշյալ հիվանդությունների տարածման օջախ են եւ լուրջ վտանգ են
ներկայացնում: Արձանագրենք, որ այդ մարդկանց կարելի է հանդիպել շուկաների
մերձակայքում, շենքերի մուտքերի մոտ, հանրային այգիներում: Նրանք նստում
են նույն նստարաններին, որտեղ հանգստանում են մարդիկ, խաղում են
երեխաները:
Այս խնդիրներով չեն զբաղվել եւ չեն զբաղվում նաեւ միջազգային
կազմակերպությունները, ինչի բացատրությունը պարզ է: Քանի դեռ
կառավարությունը չի ընդունում, որ երկրում գոյություն ունի նման խնդիր,
այդ կազմակերպությունները չեն կարող համապատասխան ծրագրեր իրականացնել:
Իսկ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում, որ երկրում թափառաշրջիկներ
կան:
Երեւանի քաղաքային իշխանությունները սա լուրջ վտանգ, սոցիալական լուրջ
խնդիր չեն համարում: Այդ է պատճառը, որ որեւէ օղակ նրանցով չի զբաղվում:
Հաշվառում չկա, հետեւաբար որեւէ մեկը չի կարող ասել, թե քանի թափառաշրջիկ
կա Երեւան քաղաքում: Մեր ուսումնասիրությունների ընթացքում հանդիպեցինք մի
քանի տասնյակ նման մարդկանց: Նրանց իսկ վկայությամբ՝ այդ թիվը հասնում է
500-1000-ի: Թափառաշրջիկ Ռոբերտ Բաղդասարյանն ասում է. «Մեր նմանները
հազարներ են»:
Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում ապրող Արամը, ով տուն չունենալով
հանդերձ՝ իրեն թափառաշրջիկ չի համարում, ասաց, որ այդ շրջանում քառասուն
բոմժ կա:
Մայրաքաղաքում չկա մի կացարան, որտեղ կարող են գիշերել բոմժերը:
Դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին ցրտից մահացել է տասներկու թափառաշրջիկ:
«Սերժիկը մահացավ հենց այստեղ՝ քո նստած տեղը»,- ասաց թափառաշրջիկ Նորոն:
Մահացան Արսենը, Տոման … Ղարաբաղի թալիշցի բոմժին, որը Շահումյանի
պարտիզանական շարժման մասնակիցն էր, 15 օր առաջ սառած գտել են Գումի
շուկայի մոտ…
Նրանք ցրտահարվել են: Այս տեղեկությունները որեւէ պետական մարմնից
հնարավոր չեղավ ճշտել, բացի իրենցից՝ բոմժերից: Նրանք անուններով նշում
էին, թե ովքեր են մահացել: Ամենից շատ, ինչպես պատմում են բոմժերը, տուժել
են հարբածները, որոնք բաց պառկել են ինչ-որ շինության մի անկյունում կամ
այգում եւ ցրտահարվել: Դեկտեմբերյան ցրտերը հարվածել են նրանց, ովքեր
վաղուց զրկված են ամեն ինչից: Գերատեսչություններից մեկի աշխատակցուհին,
որից փորձում էի պարզել, թե ունե՞ն որեւէ տվյալ քաղաքի բոմժերի մասին,
զարմացած պատասխանեց. «Բոմժերի մասին ինչպիսի՞ տվյալներ կարող են լինել»:
Մի մուրացկանի մասին երկու ամիս առաջ գրած մեր հոդվածին որեւէ պետական
մարմին չարձագանքեց, բացի ոստիկանությունից: Հրապարակման հաջորդ օրը
ոստիկանության աշխատակիցները սայլակով հաշմանդամ տղային` Նվերին, եւ նրա
ընկերոջը` Լյութոյին, տարան բաժին: Լյութոյին մի օր պահեցին այնտեղ,
հաջորդ օրը ստորագրություն վերցրին, որ այլեւս չի գնա տեղափոխելու
հաշմանդամ Նվերին, որպեսզի վերջինս քաղաքի կենտրոնում մուրացկանություն
չանի: Սա է եղել իշխանությունների միակ «արձագանքը»: («Հետք»-ը
շնորհակալություն է հայտնում Ջոն Դահլբերգին Սան Ֆրանցիսկոյից, ով 100
դոլար է ուղարկել Նվերի համար, եւ ֆրանսիական «ԱՍՊԱ» կազմակերպությանը:
Վերջինս հաշմանդամ Նվերին սայլակ է նվիրել): Հայաստանյան որեւէ
կազմակերպություն այդպես էլ չարձագանքեց: Եվ այս նյութը գրելիս էլ
մտավախություն ունեմ, որ ոստիկանությունը կարող է բոլոր բոմժերին մի քանի
օրով հավաքել եւ տանել քաղաքից դուրս կամ մեկուսարաններ: Այդպիսի դեպքեր
էլ են արձանագրվել: Չնայած՝ դա գուցե բոմժերի համար նախընտրելի լինի.
«Ո՞ւր է մեզ այդպիսի բախտ, գոնե մի քանի օր կտաքանանք իրենց մոտ»,- ասաց
նրանցից մեկը:
Երբեմն ոստիկանները հավաքում են բոմժերին. «Վերեւից հրահանգ է գալիս, որ
էսինչ օրը քաղաքում բոմժ չպիտի երեւա. հյուրեր են գալիս: Ու մենք ստիպված
դրանց բռնում, տանում ենք քաղաքից դուրս, մեջների մի քիչ մաքուրներին
բաժին ենք տանում, պահում մի երկու օր: Թե չէ, մեզ պե՞տք է դրանցով
զբաղվենք, հազար հիվանդություն կա վրաները»,- ասում է ոստիկանության մի
ծանոթ աշխատակից:
«Մի անգամ, երբ իմ մոտ 18.000 դրամ կար, եւ ոստիկանությունն ինձ տարել էր
բաժին, ես ստիպված տակս կեղտոտեցի, որպեսզի ինձ չխուզարկեն: Ոստիկանները,
քթները բռնած, ինձ վռնդեցին բաժնից»,- ծիծաղելով պատմում է 65-ամյա
Սերոժը:
Քաղաքի կենտրոնում` փողոցում բնակվող այս մարդիկ իշխանական բուրգում
գտնվողներից որեւէ մեկին չեն հետաքրքրում: Ես օրեր շարունակ փորփրեցի
կառավարության աղքատության կրճատման մասին բոլոր փաստաթղթերը, այդ խնդրով
զբաղվող հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները, եւ
որեւէ տեղ այդպես էլ չհանդիպեցի թափառաշրջիկների մասին գրված մի տողի:
Զրուցեցի Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցների հետ` իմանալու, թե
որեւէ աշխատող զբաղվո՞ւմ է իրենց համայնքի թափառաշրջիկներով: Պարզվեց` ոչ:
Հունվարի 4-ին մենք փորձեցինք չորս թափառաշրջիկի տանել բաղնիք:
Մայրաքաղաքի ոչ մի բաղնիք նրանց չընդունեց: Աբովյան փողոցի բաղնիքի
աշխատողն այսպիսի բացատրություն տվեց. «Այստեղ ընտանիքներով են գալիս,
նորմալ մարդիկ են, եթե նրանք իմանան, որ բոմժեր են եկել, մենք կզրկվենք
մեր հաճախորդներից: Կարող է, հազար հիվանդություն ունեն, մենք ի՞նչ
իմանանք»: Մենք որեւէ բան չգտանք նրանց ասելու: Ի վերջո, Երեւանի
լողավազաններից մեկի կաթսայատան աշխատողը համաձայնեց ներս թողնել, եւ
թափառաշրջիկները լողացան: