Չգիտես ինչու` այս շարժումն սկսվեց այն պահից, երբ Հանրապետական կուսակցության ամառային արտահերթ համագումարի ժամանակ այդ կուսակցության շարքերը համալրեցին բազմաթիվ գործարարներ, ԱԺ պատգամավորներ, որոնց անունները եւ գործունեությունը հայտնի է բոլորին: Տեսակետ կա, որ այս շարժումն ավելի շատ «հակասարգսյանական» շարժում է, եւ իրականում ստեղծվել է ոչ թե կրիմինալի դեմ պայքարելու, այլ նախագահական հաջորդ ընտրություններում նախագահի հավանական թեկնածու պաշտպանության նախարարին վարկաբեկելու եւ թուլացնելու համար: Այս տեսակետն ավելի հիմնավոր է դառնում, երբ բացի ՀՀԿ-ից նաեւ մյուս ուժերն են սկսում հայտարարել, թե միայն ՀՀԿ-ում չէ, որ նման մարդիկ կան, եւ զարմանում են, թե ինչո՞ւ նախկինում նույն այդ մարդկանց «կրիմինալ» չէին անվանում, բայց հենց դարձան հանրապետական, միաժամանակ դարձան նաեւ «կրիմինալ»: Ի դեպ, նմանատիպ հայտարարություն է երեկ արել նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան, Ազգային ժողովում:
Սեպտեմբերի 26-ին Տիգրան Ուրիխանյանի գլխավորած Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) վարչությունը հայտարարեց, թե հակակրիմինալում կան մաքսանենգության, կաշառքի եւ թմրանյութերի հետ առնչություն ունեցող անձինք: ՀԱԿ-ն այդ անձանց երեք օր ժամանակ էր տվել հակակրիմինալից հեռանալու համար, հակառակ դեպքում՝ սպառնալով հրապարակել կոնկրետ փաստեր: Անդրադառնալով ՀԱԿ-ի այս հայտարարությանը՝ հակակրիմինալի հավաքների մասնակից, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ իր հերթին էր պատասխան տվել, որ եթե Տ. Ուրիխանյանը երեք օրվա մեջ այդ ամենը չհրապարակի, ուրեմն՝ նա «տղամարդ չի»: Ի պատասխան Ա. Կարապետյանի այս հայտարարության, նախօրեին Տ. Ուրիխանյանն Ա. Կարապետյանին անվանել է «կույս աղջիկ» ու հայտարարել, թե պահանջում է, որպեսզի համապատասխան պետական կառույցներն ուսումնասիրեն վերջին մեկ տարվա ընթացքում Ա. Կարապետյանի՝ արտասահմանյան շրջագայություններից, հատկապես ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից Հայաստան մուտք գործելու պահին հայտարարագրված մաքսային դեկլարացիաները, հայտարարագրվածը համեմատեն նրա հետ, «ինչը խուզարկության ընթացքում կարող է հայտնաբերվել ՆԺ առաջնորդի բնակարանում»: «Այսինքն՝ պահանջում եմ խուզարկություն անցկացնել նրա բնակարանում: Նաեւ պահանջում եմ ստուգել նրա կողմից ղեկավարվող կազմակերպությունների հարկային վճարումները՝ հատկապես կենսաթոշակային հիմնադրամի գծով վճարները, բացահայտել հարկային պարտավորություններից խուսափելու դեպքերը, որ տեղի են ունեցել»,- ասել է Տ. Ուրիխանյանը: Վերջինս պատկան մարմիններից պահանջել է նաեւ «Արամ Կարապետյանի բնակարանը խուզարկելուց եւ ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելուց հետո» անցկացնել արյան հարկադիր զննություն՝ թմրամիջոցների գործածության ապացույցներ հայտնաբերելու համար: «Եվ եթե այդ կույս աղջիկը՝ Արամ Կարապետյանը, հայտարարում է, որ եթե չհրապարակի, ուրեմն տղամարդ չէ, կարծում եմ՝ նա ստացավ իր պատասխանը, եւ պետք է, որ այլեւս կասկածելու առիթներ չունենա»,- Ա. Կարապետյանի կասկածներն այսկերպ է փորձել փարատել Տ. Ուրիխանյանը: Ի պատասխան ՀԱԿ ղեկավարի վերոնշյալ հայտարարությունների, երեկ էլ հայտարարություն է տարածել ՆԺԿ լրատվական ծառայությունը, որից էլ տեղեկանում ենք, որ Ա. Կարապետյանի կուսակցության կարծիքով՝ «ոմն սուբյեկտ, մի կուսակցության երիտասարդ նախագահ, ով իրեն «տղամարդ» է համարում», կատարում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի քաղաքական պատվերը: «ՆԺԿ նախագահը դիմելու է ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ստուգել հիշյալ սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկությունների իսկությունը: Եվ երբ հաստատվի այդ տեղեկությունների ստահոդությունն ու ակնհայտ զրպարտությունը (ինչում մենք որեւէ կասկած չունենք), ապա ՆԺԿ նախագահը կպահանջի Ս. Սարգսյանին, Գ. Հակոբյանին եւ նրանց կամակատար կուսակցության երիտասարդ խամաճիկ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով՝ քաղաքական գործչին վարկաբեկելու, նրա հասցեին ակնհայտ զրպարտություններ տարածելու պատճառաբանությամբ»,- ասված է ՆԺԿ-ի երեկ տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ ՆԺԿ ղեկավարն այս օրերին դարձյալ գտնվում է Մոսկվայում:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության եւ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն այս նամակագրության մասին մեզ հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանի քաղաքական ընտրության մասին չի դադարում խոսել ողջ մամուլը եւ հասարակությունը: Սերժ Սարգսյանը 2003թ. կատարել է իր քաղաքական ընտրությունը, եւ այն հաստատել է 2006թ. հուլիսի 22-ին ՀՀԿ արտահերթ համագումարում: Եվ իր քաղաքական տեսակետները, դիրքորոշումը արտահայտելու եւ քայլերն իրականացնելու համար Հայաստանում գրանցված 70-ից ավելի կուսակցություններից եւ ոչ մեկի կարիքը չունի, քանզի նա ՀՀԿ խորհրդի նախագահն է: Պարոն Սարգսյանի անվան հիշատակումը վերոնշյալ հայտարարության մեջ հակված եմ դիտարկել որպես տուրք՝ Հայաստանի քաղաքական նորաձեւությանը»: Ըստ Ա. Աշոտյանի՝ Տ. Ուրիխանյանը որեւէ կապ չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի հետ, եւ Ա. Կարապետյանի պատասխանը սխալ հասցեով է: