«Դա եւս զրպարտություն էր»

06/10/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մեր հարցին ի պատասխան, թե` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն` ընդառաջելով ձեր հորդորին, որ` եթե «տղամարդ» են, թող կրիմինալի կոնկրետ փաստեր հրապարակեն` հայտարարեց մեկ անուն` Արմեն Վիրաբյան` «Շվարց», իսկ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը որպես կրիմինալ հիշատակեց Հովիկ Աբրահամյանին, բավարար փաստեր չե՞ն, ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կրիմինալի մասին

«Դրանք անհիմն հայտարարություններ էին ընդամենը: Ա. Կարապետյանի ասածն ընդհանրապես կապ չուներ ոչ Հայաստանի, ոչ էլ իրենց ասած կատեգորիայի մարդկանց հետ: Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի մասին արված հայտարարությանը, ապա դա նույնպես անհիմն էր, չփաստարկված: Այնպես որ` դա եւս զրպարտություն էր: Իսկ եթե փաստեր ունեն` թող դիմեն դատարան»,- հակակրիմինալ շարժման ակտիվիստներին խորհուրդ տվեց Անդրանիկ Մարգարյանը: Իսկ ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հայտարարությանը, թե` Անդրանիկ Մարգարյանից էլ «լավ» կրիմինալի օրինա՞կ, ապա Անդրանիկ Մարգարյանն այսպես հակադարձեց. «Ճիշտն ասած, Սուրեն Աբրահամյան անունով մարդ չեմ ճանաչում»: Ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է Ա. Մարգարյանը` որպես վարչապետ, վերաբերվում հակակրիմինալ կոալիցիայի հայտարարությանը, որի առաջին նախադասությունը սկսվում է «Հայաստանի պետականությունը վտանգված է» արտահայտությամբ, Ա. Մարգարյանն ասաց` հումորով: Բայց ՀՀԿ-ն որպես թիրախ ընտրելու հակակրիմինալների քայլին Ա. Մարգարյանի վերաբերմունքը ոչ թե հումորային է, այլ` «ըմբռնումով»: «Մեզ համար էլ անհասկանալի է. երբ Հանրապետական կուսակցության անդամ չէին` կրիմինալ չէի՞ն, դարձան Հանրապետական կուսակցության անդամ` կրիմինալ դարձա՞ն: Այսինքն` սրանով ուղղակի քաղաքական խնդիր է լուծվում, եւ, բնականաբար, որքան մոտենում են ընտրությունները, նրանք տարբեր մեթոդներով են փորձում հարաբերվել իրենց մրցակիցների հետ: Դա սեւ PR է, որ կատարվում է Հանրապետականի դեմ»,- պատասխանելով լրագրողի հարցին` ասաց Անդրանիկ Մարգարյանը: Իսկ լրագրողի` «Ենթադրո՞ւմ եք, թե դա որ ուժի կողմից է պատվիրված» հարցին ի պատասխան` Ա. Մարգարյանն ասաց. «Ընդհանրապես երկնքից ոչ մի բան չի ընկնում: Մինչեւ անգամ երեխան մենակ չի ծնվում, չէ՞: Գոնե երկու հոգի մասնակցում են»:

Աջափնյակի մասին

Երեկ ժամը 18:00-ին ավարտվեց Աջափնյակ համայնքի թաղապետի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Մինչ այդ ժամը հասցրել էին գրանցվել նաեւ վերջին երկու թեկնածուները` Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, եւ ՀՅԴ թեկնածու` Իրանագիտության Կովկասյան կենտրոնի նախագահ Գագիկ Սարգսյանը: Իսկ թե կոնկրետ ում թեկնածությունը կպաշտպանի ՀՀԿ-ն` դեռեւս, ինչպես հավաստիացրեց Անդրանիկ Մարգարյանը, իրենք չեն որոշել: Հիշեցնենք, որ իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ «Ոգու փորձություն» կազմակերպության անդամ Նորայր Գալստյանը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանի տեղակալն էր, եւ «ԺՈՒԿ»-ի անդամ Իշխան Արշակյանը: Ա. Մարգարյանից երեկ լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս հաջողվեց համոզել Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին, որպեսզի չառաջադրի իր թեկնածությունը, եւ արդյոք նրան դրա դիմաց ինչ-որ բան խոստացե՞լ են: «Արման Սահակյանին ոչ մի բան չենք առաջարկել, չենք համոզել, ինքն ինքնուրույն որոշում է կայացրել»,- վստահեցնում էր Ա. Մարգարյանը: