Եթե պատգամավորները կողմ քվեարկեն 2003թ. Նյու Յորքում ստորագրված` կոռուպցիայի դեմ կոնվենցիային, ապա ենթադրվում է, որ Հայաստանը շատ շուտով կազատվի անբարեխիղճ, անազնիվ ու կաշառակեր պաշտոնյաներից, ու Հայաստանի Հանրապետությունը կդառնա ոչ կոռումպացված երկիր, որի վրայից անմիջապես կանհետանան բոլոր այն պաշտոնյաները, ովքեր Հայաստանի նման երկիրը դարձրել են սեփական օգտագործման տարածք, ովքեր անբարեխիղճ են գտնվել իրենց պաշտոնավարման տարիներին, անազնվորեն թալանել են երկիրն ու չարաշահել են պաշտոնական դիրքը:
Երեկ պատգամավորներն իրար հարց էին տալիս` «ուզո՞ւմ ես այսպիսի երկրում ապրել», ու մի քանի րոպե մտածելուց հետո պատասխանում. «Կարամ վաղը պատասխանեմ»: Մի մասն էլ մտածում էր` իրեն ձեռ են առնում` «Հըլը նորից ասա, ի՞նչ ասեցիր», ու մինչ կսկսեին իրար մեջ պարզել, թե ով է իրավունք տվել իր հետ նման տոնով խոսել` հարց տվող պատգամավորն անմիջապես պարզաբանում էր, որ արդեն մեկուկես ժամ է` ԱԺ դահլիճում բոլորին են ձեռ առնում:
Ուրեմն` երեկ խորհրդարանը շատ լուրջ քննարկում էր 2003թ. Նյու Յորքում ստորագրված` կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը եթե ԱԺ-ն ընդունի, ապա Հայաստանը եւս կդառնա Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային մասնակից երկիր: Իսկ միանալը, ինչպես իր գրավոր կարծիքում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին հավաստել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նշանակում է` այսուհետ ավելի «համապարփակ կդառնա միջազգային մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված նորմատիվ իրավական հիմքը եւ հնարավորություն կընձեռի ուժեղացնել միջպետական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարը»:
Օրինակ, կոնվենցիայի գլուխներից մեկը վերաբերում է «Պաշտոնատար անձանց վարքագծին», որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է խրախուսի իր պաշտոնատար անձանց շրջանում անկաշառությունը, ազնվությունը եւ պատասխանատվությունը: Իսկ եթե խրախուսելուց հետո պաշտոնյաները խախտեն այն, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության: Կոնվենցիայի այս հոդվածները պատգամավորները համարում էին չափից դուրս պրիմիտիվ ու ՄԱԿ-ին առաջարկում էին «գալ Հայաստան ու հայերից էդ բաները սովորել»: «Էդ դուք ո՞ւր էիք, որ մենք էդ բաները գիտեինք, բան ասիք»,- ԱԺ միջանցքում ՄԱԿ-ի վրա ծիծաղում էին պատգամավորներն ու մեջբերելով Դավիթ Հարությունյանի ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կոնվենցիայի վերաբերյալ տված եզրակացությունները, թե այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը, քանի որ Հայաստանի օրենքներում էլ են այդ դրույթներն ամրագրված, ասում էին` «յանըմ ի՞նչ, նոր բան ասեք»:
Կոնվենցիան նաեւ ամրագրում է, թե որ դեպքերն են համարվում պաշտոնատար անձանց կաշառում: Այստեղ նույնպես նոր բան չկա: Օրինակ, կաշառել է համարվում ուղղակի կամ անուղղակի խոստումը, առաջարկը, որը նրան կտրամադրվի ինչ-ինչ գործողություն անելու դիմաց: Կաշառք է համարվում նաեւ շորթումը:
Իսկ ովքեր անբարեխիղճ ու անազնիվ են, ապա կոնվենցիան մասնակից պետությանն առաջարկում է անհապաղ ձերբազատվել նրանցից եւ փոխարենը խրախուսել ու նպաստավոր պայմաններ ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են իրենց, որպեսզի բացահայտեն նման «անազնիվներին ու կաշառակերներին»: Ի դեպ, առանձին հոդվածով նաեւ սահմանվում են այն մեխանիզմները, թե ինչպես պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ ու հեշտացնել կաշառակերներին բացահայտելու գործը: Պատգամավորներին հատկապես դուր չէր եկել այդ հատվածը. «Փաստորեն, գործ տվողներին պետք ա պաշտպանեն, իրենցով անեն, որ ստեղից-ընդեղից խաբար տանի-բերի, ու գլխներին սարքի: Այ քեզ բան, էս չէինք լսել` լսեցինք»,- դժգոհում էր անկախ պատգամավորներից մեկը` վստահեցնելով, թե իր ընկեր պատգամավորներին հատ-հատ կանչելու ու բացատրելու է, թե «էդ ինչ «մենթական» կոնվենցիա ա, ու, թե ինչքան լավն են մեր օրենքները, որոնք ոչ մեկին «գործ տվող» չեն սարքում: Բա մենք էդ ազգն ե՞նք»,- ՄԱԿ-ի վրա զայրացած` հարցեր էր տալիս պատգամավորը:
Իսկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ ամբիոնից բղավում էր, որ ինքը չի հասկանում, թե ինչպե՞ս պետք է կոռումպացված պաշտոնյան պայքարի ինքն իր դեմ. «Չեմ հասկանում` կարո՞ղ է ինքը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ ինքը կոռումպացված է,- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու նրա թանկարժեք մեքենաները հիշատակելով` ասաց Վ. Դալլաքյանն ու պատասխանեց,- Իհարկե, ոչ»: Այնուհետեւ` անդրադառնալով Պետդեպարտամենտի եւ Համաշխարհային բանկի հայտարարություններին, թե` երկրում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, եւ որ` Հայաստանում կոռուպցիայի որոշ դրսեւորումներ հասնում են ընդհուպ մինչեւ իշխանության բարձրագույն մակարդակներ, Վ. Դալլաքյանն ասաց. «Հիմա մենք ի՞նչ ենք քննարկում: Կոռուպցիան լուրջ արմատներ ունի, եւ քաղաքակիրթ աշխարհը միշտ պայքարել է դրա դեմ. դրա համար մի քանի մեխանիզմներ են անհրաժեշտ` ավանդույթներ, օրենսդրական համապատասխան դաշտ, օրենսդրության խստացում, նաեւ պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի, ինչպես նաեւ նրանց ծախսերի հայտարարագրում»: Հակառակ դեպքում` հայ պաշտոնյաներն իրենց ծախսերն ու ունեցվածքը գրանցում են իրենց կանանց, խնամիների ու բարեկամների անուններով: Իսկ արդյունքում` Հայաստանում կոռուպցիան շարունակում է բարգավաճել:
Հ.Գ. Այս կոնվենցիայի քննարկումներն ԱԺ-ում կշարունակվեն նաեւ այսօր: Ի դեպ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքը` որպես գործադիր մարմնի ղեկավար, որոշելու եւ ընտրելու բարեխիղճ, ազնիվ եւ անկաշառ նկարագիր ունեցող պաշտոնատար անձանց: Ի պատասխան` նա ասաց. «Ցանկացած կոնվենցիա նաեւ իր մեխանիզմներն ունի: Եվ եթե մեխանիզմները հստակ լինեն, մենք դրանցով կառաջնորդվենք»: