Սպանության դրդապատճառը պարզ չէ

06/10/2006

ՀՀ Դատախազության կողմից դեռ մանրամասներ չեն հաղորդվում հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Զառ գյուղում կատարված դաժան սպանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ իրավապահները Զառ գյուղի բնակիչներից մեկի տանը կայանված, 1985թ. ծնված Ռ. Սարգսյանին պատկանող «Վազ 2121» «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերել էին Երեւանի բնակիչ, 1969թ. ծնված Արթուր Խալաթյանի դիակը, որի գուխը կտրված-դրված է եղել պոլիէթիլենային տոպրակի մեջ: Մեր տեղեկություններով, Ա. Խալաթյանը, ով եղել է Գագիկ Ծառուկյանի ընկերություններից մեկի տնօրենը, ցանկացել է վաճառել Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող իր բնակարանը եւ գնել նորը: Ռ. Սարգսյանը, որի հետ Խալաթյանը վերջին օրերին է ծանոթացել, եղել է նրա բնակարանի պոտենցիալ գնորդը, որը պետք է բնակարանի համար վճարեր 140.000 դոլար: Հոկտեմբերի 1-ի առավոտյան, երբ Երեւանի փողոցները Շիրակի այցի կապակցությամբ փակ էին, Սարգսյանը Խալաթյանին առաջարկել է իր ավտոմեքենայով գնալ իր հարազատ Զառ գյուղ, քանզի գումարն, իբր թե, այնտեղ է եղել: Ոչինչ չկասկածելով կամ միգուցե վստահ լինելով, որ փոքրամարմին Սարգսյանից վտանգ չի սպասվում` Խալաթյանը համաձայնել է գնալ: Չպարզված հանգամանքներում Սարգսյանը դաժանաբար սպանել է Խալաթյանին եւ վերջինիս դին թաքցրել մեքենայի բեռնախցիկում` նպատակ ունենալով գիշերն ազատվել դիակից: Սակայն, մեր տեղեկություններով, Սարգսյանի տատը նկատել է Խալաթյանի դին եւ անմիջապես աղմուկ է բարձրացրել: Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն: