Հոկտեմբերի երեքին, երեկոյան իննի մոտ հանկարծ հրավառություն սկսվեց։ Լույսի ու գույնի այդ շատրվանումը շատ գեղեցիկ էր։ Այնքան գեղեցիկ, որ կարելի էր չմտածել դրա պատճառի կամ առիթի մասին։ Գրասենյակի պատուհանից հրավառությունն այնպես պարզ ու ընդգծված կոմպոզիցիայով էր երեւում, ասես այն հենց ինձ համար էր։ Հանկարծ զգացի, որ ուղեղիս մեջ սողեսող շարժվում է գովազդներից ծանոթ մի ֆրազ. «Մենք ձեր կյանքը տոն կդարձնենք»։ Կոշիկ են գովազդում ու խոստանում են կյանքը տոն դարձնել։ Կոնֆետ են գովազդում ու խոստանում են կյանքը տոն դարձնել։ Ծաղկեփնջեր են գովազդում ու խոստանում են կյանքը տոն դարձնել։
Հրավառությունը պրծավ։ Դեպքի վայրից հեռու նստած, այդպես էլ չհասկացա, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար էր հրավառվում երկինքը։ Անկախության տոնակատարությունը, կարծես, ավարտվել է։ Ժակ Շիրակն ու Շառլ Ազնավուրն արդեն եկել ու գնացել են։ Հաջորդ տոնը Նոր տարին է, բայց դրա համար նախ տոնածառ է պետք, հետո միայն սալյուտ։ Քիչ անց որոտաց երկինքը, կայծակը լուսավորեց քաղաքի անճոռնի բարձրահարկերն ու այդ ամենը կրկնվեց մի քանի անգամ։ «Երեւի կայծակ-որոտի ռեպետիցիան էր»,- հրավառության մասին մտածեցի ես ու մեջս մի տագնապ հայտնվեց։
Սկսեցի խղճալ ամերիկացիներին։ «Հարիֆ են»,- մտածեցի նրանց մասին։ Մի քանի օր առաջ, երբ ծանր ռազմական տեխնիկայով շքահանդես էր Հանրապետության հրապարակում, նույն օրերին հրապարակը եզերող շենքերից մեկում ստորագրվում էր «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրի մեկնարկի փաստաթուղթը, եւ լրատվական գործակալություններն՝ ի թիվս այլ մանրամասների, տեղեկացնում էին, որ ամերիկյան այս օգնությունը տրվում է ամենաաղքատ երկրներին։ Հոկտեմբերի երեքի անառիթ հրավառությունը համարենք ա՞յս առիթով ու կոչենք այն շուստրիությա՞ն սալյուտ, թե՞ պարզենք՝ քաղաքի կենտրոնում որ օլիգարխն էր նշում իր, որդու, կնոջ կամ զոքանչի ծննդյան օրը։
Հետո սկսեցի խղճալ սփյուռքահայ մեր եղբայրներին ու քույրերին։ «Հարիֆ են»,- մտածեցի նրանց մասին։ Մի քանի օր առաջ, երբ ծանր ռազմական տեխնիկայով շքահանդես էր Հանրապետության հրապարակում, հրապարակից մի քանի կիլոմետր հեռու՝ մարզահամերգային համալիրի դահլիճներում նրանք գլուխ էին կոտրում Հայաստանի մարզերում առկա գյուղական աղքատության խնդիրները հաղթահարելու համար։ Եվ տասնհինգամյակի ռազմական շքերթը տեսած ու ոգեղեն լիցքերով առլեցուն նրանք պիտի գնային իրենց գաղութները՝ բացակա բարեկամներին բացատրելու, որ «Հայոց բանակը բավական առաջ քալած է, միայն գյուղերու ժողովուրդը տակավին կմնա աղքատության մեջ»։ Հոկտեմբերի երեքի անառիթ հրավառությունը համարենք ա՞յս առիթով ու կոչենք այն շուստրիությա՞ն սալյուտ, թե՞ պարզենք՝ քաղաքի կենտրոնում էլիտար որ ակումբն էր նշում հիմնադրման երկու, երեք կամ հինգ տարին՝ «Մենք խոսում ենք միայն հարուստ կյանքի մասին» կարգախոսով։
Հետո, չգիտեմ ինչու, միտս ընկավ Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը։ Մոտ մեկ ամիս առաջ տեսածս պատկերները հերթով եկան ու անցան՝ գյուղի միակ աղբյուրից ջուր են կրում։ Ավանակի վրա զույգ բիդոններ կապած ջուր են տանում։ Ձիու վրա զույգ տակառներ կապած ջուր են տանում։ Երիտասարդ աղջկա ձեռքերից դույլեր կախած ջուր են տանում։ Ամեն տարողություն, որ կարող է լցվել ջրով, լցվում ու շարժվում է այդ գյուղի քարուքանդ, փոշոտ փողոցներով։ Իսկ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ համագյուղացի մի փոխնախարար ջրաշխարհ է կառուցել։
Ո՞վ կասի, թե ջրաշխարհը ազգի, ժողովրդի եւ առանձին մարդու համար չի կառուցվել։ Ոչ ոք։ Եվ չի ասի ոչ այն պատճառով, որ փոխնախարարի եւ այն էլ պաշտպանության փոխնախարարի գործը քննադատելն այնքան էլ անվտանգ չէ, այլ որովհետեւ յուրաքանչյուր բանական էակ հասկանում է, որ երբ պետական պաշտոնյան հերթական եւ հաջորդ նորագույն ու շքեղ ավտոմեքենան գնելու փոխարեն անջուր գյուղերի բնակիչներին զվարճացնելու համար ջրաշխարհ է կառուցում, արդեն հագնում է Մանթաշով կամ Գյուլբենկյան բարեգործների փառապսակը։ Չէ՞ որ կարող էր այդ գումարը նույնիսկ տանուլ տալ աշխարհի բազմաթիվ խաղատներից մեկում՝ շուն ու գելի բաժին անելով պատահաբար իր ձեռքում հայտնված մեր ազգային հարստության մի մասը։ Հիմա գուցե անառիթ այս հրավառությունն այդ գյուղացիների շուստրիության սալյուտն է, որ կոշտ պահանջներ չդնելով, ախմախ բաները չքննադատելով` հասել են ջրի փոխարեն ջրաշխարհ ունենալուն։
Հետո դարձյալ մտաբերեցի ամերիկացիներին ու նորից խղճացի նրանց։
«Հարիֆ են, հարիֆ»,- մտածեցի։ Ամենաաղքատ երկրին մեծ օգնություն են տալիս ու իրենց հսկա դեսպանատան քթի տակ չեն էլ նկատում, որ Ժակ Շիրակի գալստյան առիթով մեծ արագությամբ ասֆալտապատվող ճանապարհները քանդվելու են նույն արագությամբ։ Եվ այնքան անհեռատես են, որ իրենց հսկա դեսպանատնից մի չորս կամ հինգ կիլոմետր այնկողմ չեն նկատում երեկ չէ առաջին օրն արված ասֆալտի «ապամոնտաժումը». Շիրակի համար արված ասֆալտի տակ կիսատ գործ էր մնացել։
Ու հենց այսպես էլ շուստրիաբար ընդունում ենք հազարամյակի մարտահրավերները։