ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի «Գլոբալ Ալյանս ՏՀՏ զարգացման համար» կազմակերպության գործադիր տնօրեն Սարբուլանդ Խանին: Վարչապետն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է՝ ակտիվորեն մասնակցել այդ կազմակերպության շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին: Ա. Մարգարյանը Ս. Խանին հրավիրել է մասնակցելու ՏՏ ամսվա միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 6-ին կայանալիք Digitec միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ս. Խանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական կայուն աճը լավ նախադրյալներ է ստեղծում նաեւ ՏՏ ոլորտի արագ զարգացման համար: Ոլորտի աճին նպաստող կարեւորագույն գործոնների թվում Ս. Խանը նշել է մասնագիտական կարող ուժերի առկայությունը, կառավարության կողմից համապատասխան քաղաքականության հռչակումն ու դրան սատարումը, ինչպես նաեւ` երիտասարդության ներգրավումն իրականացվող գործընթացներում, ինչը, ըստ նրա, ոլորտի զարգացման, ապագա հաջողությունների գրավականն է: Ս. Խանն ասել է, որ այդ երեք գործոններն էլ առկա են Հայաստանում: