Հերթը «Հայփոստինն» է

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հայփոստ» եւ «Հայկական երկաթուղի» ընկերությունները բնական մենաշնորհների
ոլորտի ձեռնարկություններից վերջիններն էին, որ մինչեւ 2004 թվականի
ավարտը դեռ գտնվում էին պետական կառավարման համակարգում: Տարեվերջի
նիստում ՀՀ կառավարությունը հասցրեց «Հայփոստը» հինգ տարով հանձնել
«Կոնվերս-ինվեստ» ընկերության կառավարմանը: «Կոնվերս-ինվեստ» ընկերության
հիմնադիրը «Կոնվերս» բանկն է: Իսկ բնական մենաշնորհների ոլորտի մյուս
ձեռնարկություններն, ինչպես գիտենք, վաղուց երկարաժամկետ ու Հայաստանի
համար ոչ շահավետ պայմաններով կառավարում են օտարերկրյա ընկերությունները:
Վկան՝ «ԱրմենՏելը», «Զվարթնոց» օդանավակայանը, «Երեւանի Ջրմուղ-կոյուղին»:
Ի դեպ, նշված ձեռնարկությունները ցանկացած պետության համար ունեն
ռազմավարական մեծ նշանակություն եւ տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից
են: «Հայփոստն» առայժմ միակն է այս ոլորտում, որի կառավարումը «վստահեցին»
հայկական ընկերությանը: Դեռ հայտնի էլ չէ, թե այդ որոշումը կոնկրետ ինչ
պայմաններում եւ ինչ պայմաններով է կայացվել:
Այս գործարքի պայմանագրի մշակումն ու ստորագրումը հանձնարարվել է կապի եւ
տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Իսկ նախարարը տարեվերջին
տեղեկացրեց, որ «Հայփոստի» վիճակը գնալով ծանրանում է, եւ հետագայում նա
չի կարողանա իրականացնել հեղինակավոր Միջազգային փոստային միության
պահանջները, որին անդամակցում է: Այս հարցում արդեն նրան կօգնի
«Կոնվերս-ինվեստ» ընկերությունը: Հիշեցնենք, որ կառավարող ընկերությունը
գործունեության որոշակի ծրագիր պետք է ներկայացնի միայն այն դեպքում, երբ
միջազգային աուդիտ անցկացնելուց հետո պարզի, որ «Հայփոստի» կառավարման
ստանձնումը տնտեսապես նպատակահարմար է:
Ասում են, «Կոնվերս» բանկը հինգ տարվա ընթացքում 5 մլն դոլարի ներդրում
պետք է կատարի «Հայփոստում»: Իսկ «Հայփոստն» անցած տարի, մեր իմացած
տեղեկություններով, կատարել է մոտ 800.000 դոլարի ներդրում, այսինքն, քիչ
պակաս, քան «Կոնվերս» բանկի առաջարկածը: Այդ դեպքում ի՞նչն էր
կառավարությանը հրապուրել այս որոշումը կայացնելիս: Ո՛չ կառավարությունից,
ո՛չ Կապի եւ տրանսպորտի նախարարությունից, ո՛չ էլ «Կոնվերս» բանկից մեր
հարցերին չպատասխանեցին: Նույնն էլ՝ «Հայփոստից», զարգացման եւ
ներդրումների տնօրեն Ալեքսանդր Պետրոսյանը պատասխանեց, որ իրենք ընդամենը
տեղյակ են գործարքի մասին, պայմանների մասին ոչինչ չգիտեն:
«Հայփոստն» ունի մարզային 41 մասնաճյուղ, 90 բաժանմունք Երեւանում եւ մոտ
820 բաժանմունք էլ գյուղերում: Այս բոլոր բաժանմունքներում աշխատում են
մոտ 3700 հոգի: «Հայփոստն» իր գործունեությունն ապահովել է սեփական
եկամուտների հաշվին: ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝
2004թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում փոստային
ծառայություններից ստացված հասույթը կազմել է 2,1 մլն դոլար:
«Կոնվերս-ինվեստ» ընկերությունը, ասում են, մտադիր է փոստային համակարգում
ստեղծել գլոբալ համակարգչային ցանց: Մինչդեռ պարոն Պետրոսյանը վստահեցնում
է, որ վերջին տարիներին «Հայփոստը» տարածքային գրեթե բոլոր
բաժանմունքներին ապահովել է համակարգչային ցանցով, այսինքն՝
տեղեկատվության փոխանակումը կենտրոնների միջեւ արդեն իրականացվում է
այդպիսի ցանցի միջոցով:
«Հայփոստն» իրականացնում է կոմունալ բոլոր վարձավճարների հավաքագրման եւ
կենսաթոշակների բաժանման մոտ 75%-ը: Վերջին տարիներին այս
ծառայությունների մատուցումը, հանրապետության միայն խոշոր քաղաքներում,
«Հայփոստի» հետ կիսել են «Հայխնայբանկը» եւ սոցապ բաժանմունքները: Մինչդեռ
գյուղական վայրերում «Հայփոստը» դեռ մրցակից չունի:
Ըստ Ալեքսանդր Պետրոսյանի՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ այն բանկերն
են ավելի արագ զարգանում, որոնք մատուցում են փոստային ծառայություններ,
եւ հակառակը, փոստային համակարգի զարգացման պայմաններից է դարձել բանկային
ծառայությունների մատուցումը: Սակայն աշխարհում այնպիսի օրինակ, որ
պետական փոստային համակարգն ամբողջությամբ հանձնվի մասնավորի կառավարմանը,
պարոն Պետրոսյանը չհիշեց: Նա հիշեց միայն Ղազախստանի օրինակը, ուր պետական
փոստն ու պետական խնայբանկը միացել են, նորից՝ պետական կառավարման
համակարգում: Իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով՝ փոստային
ծառայությունների համակարգը կզարգանար այն դեպքում, երբ ստեղծվեր ազատ
մրցակցության հնարավորություն. «Լավ կլիներ, որ «Կոնվերս» բանկն իր
ներսում ստեղծեր փոստային ծառայությունների համակարգ եւ մրցակցեր
«Հայփոստի» հետ, ու մենք հնարավորություն կունենայինք որոշել օգտվել
«Հայփոստի՞», թե՞ բանկի սպասարկումից: Այս պայմաններում արդեն
մրցակցությունը ոչ միայն կտաներ համակարգի զարգացմանը, այլ կհավասարակշռեր
ծառայությունների համար սահմանվող սակագների չափը»:
Հավանաբար «Կոնվերս» բանկը նպատակահարմար է գտել ոչ թե նոր համակարգ
ստեղծել, այլ օգտագործել տարիներով ստեղծված ու արդեն կայացած համակարգի
հնարավորությունը: Ահա թե ինչին է ուզում տիրանալ «Կոնվերս» բանկը:
Այսինքն, այս գործարքից հետո «Կոնվերս» բանկի միջոցով պետք է շրջանառվի
հանրապետության 75%-ի կոմունալ վարձավճարների հավաքագրման եւ
կենսաթոշակների բաժանման ահռելի գումարների շրջանառությունը: Եվ այն
ենթադրությունը, թե բանկն այդ գումարները կարող է շրջանառել նաեւ սեփական
գործարքների համար, չի բացառվում: Մեր ունեցած տեղեկություններով՝
«Կոնվերս» բանկում մեծ բաժնեմասեր ունեն իշխանությունները, նշվում են նաեւ
Ռոբերտ Քոչարյանի եւ Ալեքսան Հարությունյանի անունները: Ալեքսան
Հարությունյանը, սակայն, հրաժարվեց, թե ինքը բանկի բաժնետերերից է: Միայն
նշեց, որ «Կոնվերս» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Սմբատ Նասիբյանն իր
ընկերն է:
Տեղեկություններ կան, որ Լինսի հիմնադրամով գյուղատնտեսական ոլորտի
զարգացման, վարկավորման համար սպասվող 100 մլն դոլարն էլ շրջանառվելու է
«Կոնվերս» բանկի միջոցով: Լավատեղյակ աղբյուրներն այս երեւույթից էլ
վտանգավոր հետեւանքներ են սպասում. ունենալով տարածքային հզոր ցանց,
վարկային ծառայության սպասարկումը մոտեցնելով անմիջապես գյուղացուն եւ
գյուղատնտեսությունը վարկավորելու միջոցով՝ «Կոնվերս» բանկը եւ նրա
սեփականատերերը կունենան խոցելի եւ իրենց համար հեշտ կառավարելի
բնակչության մի ահռելի խավ: Ահա թե ինչի են ուզում հասնել «Կոնվերս» բանկն
ու իր սեփականատերերը: