Արքայադուստր Դիանան էլ էր հայ

06/10/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ֆրանսիական «JDE» («Թերթ երեխաների համար») 12 էջանոց նկարազարդ շաբաթաթերթի վերջին համարներից մեկը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: Համարն ամբողջովին նվիրված է Հայաստանին: «Ֆրանսիայում Հայաստանի տարին առիթ է մերձենալու մի բարեկամ երկրի հետ, որի մշակույթն ու պատմությունը մեծ հարստություն են»,- գրված է թերթի առաջին էջում:

Պարբերականը ներկայացրել է Հայաստանի մասին ընդհանուր տեղեկատվություն, մի քանի նախադասությամբ նկարագրել է Երեւանը, Արարատ լեռը, Սեւանա լիճը եւ այլն: Բայց ամենահետաքրքիրը Ղարաբաղի մասին ինֆորմացիան է: «Դա մի տարածք է, որ գտնվում է Ադրբեջանում եւ որը բնակեցված է մեծամասամբ հայերով: Սա առիթ է հանդիսացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1991-94թթ. պատերազմի համար: Հաղթելով` Հայաստանը գրավել է Ադրբեջանի 1/4-ը»:

«JDE» շաբաթաթերթում առանձին էջեր են հատկացվել Շառլ Ազնավուրի, Հայկական ցեղասպանության, Արարատ լեռան, Հայաստանում ֆրանսախոսության, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջհամայնքային համագործակցության մասին պատմող հրապարակումներին:

Ֆրանսիական թերթը ներկայացրել է նաեւ աշխարհի ամենաճանաչված հայերին: Ֆրանսիացի 3 հայտնի ֆուտբոլիստներ` Յուրի Ջորկաեֆը, Ալեն Պողոսյանը եւ Միշել Տեր-Զաքարյանը հայեր են, ընդ որում, վերջինս ծնվել է հենց Երեւանում եւ 2 տարեկանում տեղափոխվել է Մարսել: Հայուհի Վիկտորյա Քարաչյանի թոռը` «Ֆորմուլա 1»-ի աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը գտնում է, որ Թուրքիային չի հաջողվի մտնել Եվրամիություն, քանի դեռ թուրքերը չեն ճանաչել Ցեղասպանությունը: Մեկ այլ աշխարհահռչակ սպորտսմենի` թենիսիստ Անդրե Աղասու (Անդրե Քըրք Աղասյան) հայրը Հայաստանը լքելուց հետո, մինչեւ ԱՄՆ ներգաղթելը եղել է Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում: Շախմատիստ Գարի Կասպարովի մայրը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հայրը, ամերիկացի դերասան Գրեգորի Պեկի պապը, հեռուստատեսային աստղ Մայկ Քոնորսի հայրը նույնպես հայեր են եղել: Ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան), գրող Վիլյամ Սարոյանը, երգչուհի Սիլվի Վարդանը, մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել են հայերի ընտանիքում:

1998թ. մեծ աղմուկ հանած «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը համաշխարհային հեղինակություն բերեց 2 հայերի` Հելեն Սեգարային եւ Պատրիկ Ֆիորիին: Սեգարայի հայրն իտալացի է, իսկ մայրը հայկական ծագում ունի: Ֆիորին, ով հայ է հոր կողմից, ֆուտբոլիստներ Ջորկաեֆի եւ Պողոսյանի հետ հովանավորում է «Պրովանս-Արմենի» կազմակերպությանը: «JDE» թերթը մեծանուն հայ երաժիշտների շարքում նշում է նաեւ ջազի վարպետ Անդրե Մանուկյանին, օսկարակիր երգչուհի Շերին, ինչպես նաեւ ֆրանսիացի հեղինակավոր կոմպոզիտոր եւ ռեժիսոր Միշել Լեգրանին:

Ըստ ֆրանսիական թերթի, Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալադուրը, որ ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում, նույնպես կարող է հայկական ծագում ունենալ, քանզի նրա ընտանիքը գաղթել է Նախիջեւանից: Հայտնի քաղաքական գործիչներից հայկական արմատներ ունեն նաեւ Նիկոլա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեւեջյանն ու Լիբանանի ներկայիս նախագահ Էմիլ Լահուդը: Ի դեպ, վերջինիս կինը նույնպես հայ է:

«Ալկատել» ընկերության ղեկավար Սերժ Չուրուկի (Սերժ Չուրուկդիչյան) ծնողները 1920-ականների սկզբին Թուրքիայից գաղթել են Մարսել: Հայտնի գործարար, նորաձեւության վարպետ Ալեն Մանուկյանի ընկերությունը հարյուրավոր խանութների ցանց ունի: Հայկական ծագում ունի նաեւ «Ֆրանս 2» հեռուստաընկերության լրագրող Դանիել Բիլալյանը:

Պարզվում է, որ հայկական արմատներ կարող է ունենալ ցանկացած մարդ, նույնիսկ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամները: «Արքայադուստր Դիանան, ով մահացավ 1997թ. օգոստոսի 31-ին, ուներ հայ կանանց բնորոշ բնավորություն, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Լեդի Դիանայի տատի նախատատը` Էլիզա Կեւարկը Հնդկաստանում բնակվող հայուհի է եղել»,- գրում է «JDE» թերթը: