Շրջափակումը դարձյալ փուստ գնաց

06/10/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ռուս-վրացական առճակատումն աստիճանաբար խորանում է, եւ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կողմերը, մեղմ ասած, իրենց շատ տարօրինակ են պահում։ Օրինակ, առ այսօր հասկանալի չէ, թե Վրաստանի իշխանությունների ինչին էր պետք այդ «լրտեսական սկանդալը»։ Մի քանի լրտես էին բռնել` շատ էլ լավ էին արել, կարող էին սուսուփուս արտաքսել երկրից, եւ վերջ։ Ի սկզբանե հասկանալի էր, չէ՞, որ Ռուսաստանը պատասխան քայլերի է դիմելու։ Եվ միակ բացատրությունն այն է, որ Սահակաշվիլուն «վիզ» պետք էին ռուսական պատժամիջոցները։ Նրա իշխանության նկատմամբ դժգոհությունը մեծանում է, լավ կյանքի սպասելիքները չեն արդարանում, աբխազական եւ հարավ-օսեթական հակամարտությունները չեն կարգավորվում, եւ անհրաժեշտ էր ընդգծված «արտաքին վտանգ», որպեսզի ներսում ժողովուրդը ստիպված համախմբվի իշխանությունների շուրջը։

Բայց Ռուսաստանն իրեն շատ ավելի տարօրինակ պահեց։ Անմիջապես լիակատար շրջափակման ենթարկեց Վրաստանը։ Ընդ որում, հասկանալի է, որ այդ պատժամիջոցները Վրաստանի վրա առանձնապես ծանր չեն անդրադառնալու։ Օրինակ, երկաթուղային կապի դադարեցման միակ արդյունքը լինելու է այն, որ վրացիները Մոսկվա-Բաքու գնացքից իջնելու են Բաքվում, նստելու են կողքի գնացքը եւ հանգիստ հասնելու են Թբիլիսի։ Այսինքն` ավելորդ տեղը մի 50-60 մետր քայլելու են։ Եվ վերջ։ Կամ` դրամական փոխանցումներն իրականացնելու են երրորդ երկրների միջոցով։ Նույնիսկ գազի մատակարարումները դադարեցնելը Վրաստանի համար կործանարար չի լինի, որովհետեւ վրացիները մոտավորապես նույն գնով գազ կստանան Իրանից (Ադրբեջանի տարածքով)։

Շատ ավելի ծիծաղելի են ռուս իրավապահների գործողությունները։ Երկու օր առաջ նրանք փակել են «Կրիստալ» խաղատունը, որովհետեւ «հանկարծ» պարզել են, որ այն վերահսկում են վրացական հանցագործ խմբավորումները։ Եվ պատկերացրեք` միանգամից մի 70-80 հատ չգրանցված խաղային ավտոմատներ են հայտնաբերել (առաջ, հասկանալի է, դրանց մասին չգիտեին)։ Բայց սա դեռ ամենասարսափելին չէ։ Խոհանոցում էլ ձկնամթերք են հայտնաբերել` առանց սերտիֆիկատի։ Նույն օրը Մոսկվայում «պատահաբար» մոտ կես միլիոն շիշ վրացական կեղծ գինի են հայտնաբերել։ Ավելին` նույն օրը իրավապահները հանկարծ բացահայտել են, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Թբիլիսի» հյուրատունը (50-60 համար ունեցող հյուրանոցը) գործում է ապօրինի, եւ ընդհանրապես` այդ շենքն ուրիշ սեփականատեր ունի։ Սրանք ընդամենը մանրուքներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ մակարդակով է Ռուսաստանը մտադիր լուծել տարածաշրջանային քաղաքական խնդիրները։

Իհարկե, կան նաեւ այլ տեսակետներ։ Վլադիմիր Ժիրինովսկին, օրինակ, գտնում է, որ պետք է «հարթուկել Վրաստանը»։ Նախօրեին էլ իր սուղ ժամանակից մի քանի րոպե էր տրամադրել հայկական հեռուստաընկերություններից մեկին ու հայ հեռուստադիտողներին հիշեցնում էր, որ Ջավախքը հայկական է։ Ինչպիսի սիրալիրություն։ Փաստորեն` հայ ժողովուրդը եւս մի «մեծ բարեկամ» ձեռք բերեց։

Բայց մենք երեւի ուրիշ բանի վրա պիտի ուշադրություն դարձնենք։ Երկու օր առաջ Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, բնակչության 34 տոկոսը գտնում է, որ հիմա ամենահարմար պահն է, որ Ռուսաստանն իրեն միացնի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Հարավային Օսեթիայի հարցը դեռ մի կողմ թողնենք, բայց աբխազները, որքան մեզ հայտնի է, պայքարում են ոչ թե Ռուսաստանին միանալու, այլ անկախության համար։ Իսկ ռուսները, պարզվում է, այս «մանրուքի» մասին մոռացել էին։ Այսինքն` «Ռազմավարական դաշնակից» Աբխազիան ռուսներին հետաքրքրում է միայն այնքանով, որքանով կարող է վնասել Վրաստանին։

Բայց վերադառնանք մեր պրոբլեմներին։ Ռուս-վրացական այս առճակատումը, որքան էլ տարօրինակ հնչի, բայց կարող է շատ ուսանելի լինել մեզ համար։ Խոսքը միայն այն մասին չէ, որ Հայաստանի հետ քաղաքական պրոբլեմներ ունենալու դեպքում Ռուսաստանը կարող է նաեւ մեզ շրջափակման ենթարկել, իսկ մենք, ի տարբերություն վրացիների, հազիվ թե կարողանանք հաղթահարել դրա հետեւանքները։ Խոսքն այն մասին է, որ այսօր Հայաստանի գոյատեւման հիմքը (եւ տնտեսության «թռիչքաձեւ աճի» ֆինանսական կմախքը) օտարերկրյա տրանսֆերտներն են, որոնց առյուծի բաժինը ստացվում է Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի արգելափակել դրամական փոխանցումները (թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվի «կովկասյան վագրը»` եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին)։ Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանի հետ երկաթուղային կապ չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայերն էլ են Մոսկվայում կազինոներ վերահսկում ու կեղծ կոնյակ տարածում։ Ավելին` մեկ-մեկ էլ առանց սերտիֆիկատի խավիար են ուտում։ Այլ կերպ ասած, եթե հանկարծ մի գեղեցիկ օր Հայաստանը որոշի դուրս գալ Ռուսաստանի քաղաքական «ծիրից», դա մեզ համար շատ ավելի ցավոտ կլինի։ Ընդ որում, ռուսներն իրենք դա շատ լավ հասկանում են, դրա համար էլ առանց որեւէ բարդույթի Հայաստանը ֆորպոստ են անվանում։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանը պիտի գլուխը կախ համակերպվի ֆորպոստի կարգավիճակի հետ, պարբերաբար օրհնի «էն սհաթը» եւ ըմբռնումով մոտենա Ռուսաստանի բոլոր այն քայլերին, որոնցից առաջին հերթին Հայաստանն է տուժում։ Իհարկե ոչ։ Դրա փոխարեն մենք պիտի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու այլընտրանքային ուղիներ փնտրենք` գիտակցելով, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, հուսալի գործընկեր չէ` բոլոր առումներով։