Հանձնաժողովը որոշել է մերժել

06/10/2006

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է մերժել «ԱրմենՏելի» «ներկայացրած սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկությունը»: Այս որոշման նախագիծը հանձնաժողովը երեկ տեղադրել էր իր կայքէջում: Իսկ «ԱրմենՏելի» հայտը կքննարկվի եւ հավանաբար կմերժվի հոկտեմբերի 13-ին նշանակված նիստում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «ԱրմենՏելն» իր ծառայությունների սակագները բարձրացնելու մասին հայտ էր ներկայացրել վերոհիշյալ հանձնաժողովին: Առաջարկել էր ֆիքսված հեռախոսակապի ամսական վճարը քաղաքացիների համար 1100 դրամից բարձրացնել 3000 դրամ, ինտերնետային հեռախոսակապի 1 րոպեի վարձը 1 դրամից դարձնել 2,4 դրամ, կրճատել անվճար եւ նվազագույն սակագնով տրամադրվող րոպեների քանակը եւ այլն: ՀԾԿՀ-ն իր մերժող որոշման նախագծում նշել է, որ «վերահավասարակշռված սակագների հասնելու նպատակով տարբեր ծառայությունների միջեւ ծախսերի բաշխման համար Ընկերության կողմից կիրառվել են որոշակի սկզբունքներ, որոնք հիմնավորված չեն: Հիմնավորված չեն նաեւ Ընկերության կողմից ներկայացված տարբեր ծառայությունների արժեքի հաշվարկները եւ դրանց հիման վրա առաջարկվող սակագների ճշգրտումները: Միաժամանակ ընդունելի չեն բաժանորդային վճարների եւ ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման ծառայությունների մասով Ընկերության կողմից առաջարկված վերահավասարակշռման հասնելու տեմպերը» եւ այլն:

«ԱրմենՏելում» դեռ տեղյակ չէին այս որոշման նախագծի մասին: Նրանք դեռ չգիտեին, թե արդյոք ընկերությունն իր հայտը կվերախմբագրի՞ եւ նորից կուղարկի՞ հանձնաժողով: Եվ դեռ պարզ չէ, թե հանձնաժողովն ընդհանրապես կմերժի՞ «ԱրմենՏելի» այս հայտը: Անցյալում էլ դեպքեր եղել են, երբ հանձնաժողովը մերժել է ծառայությունների սակագների թանկացման մասին «ԱրմենՏելի» եւ այլ ընկերությունների հայտերը: Սակայն մերժված ընկերությունները նորից են դիմել եւ ի վերջո ստացել են իրենց ուզածը: Թեկուզեւ մասամբ: Չի բացառվում, որ նույնը կրկնվի նաեւ այս անգամ: Չի բացառվում նաեւ, որ հանձնաժողովը սակագների բարձրացման մասին հայտն այս անգամ ընդհանրապես մերժի: Չէ՞ որ տարին նախընտրական է, եւ մեր իշխանությունները չեն ցանկանա, որ ժողովրդի մեջ դժգոհության ալիք բարձրանա: Չի բացառվում նաեւ, որ դա իշխանությունների կողմից հրահրված նախընտրական քայլ էր, իբր թե «ԱրմենՏելն» ուզում էր իր ծառայությունների սակագները բարձրացնել, բայց մեր իշխանությունները չթողեցին: