Հայաստանի խաղողը հավակնում է դառնալ ազգային արժեք եւ այդ առումով հասնել ծիրանին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ հողը մասնավորեցվեց, խաղողի այգիներն էլ բաժանվեցին գյուղացիներին: Իսկ երբ Հայաստանն ընկավ շրջափակման մեջ եւ հացի խնդիր ունեցավ, երբ խաղող մթերող գինու գործարանները դադարեցին աշխատել ու արտադրանք տալ, գյուղացիները քանդեցին խաղողի այգիների մեծ մասը եւ փոխարենը ցորեն ցանեցին: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ 35.000 հա խաղողի այգիներ, մասնավորեցումից հետո մնաց ընդամենը 7-8 հազար հա:
Այն ժամանակ Հայաստանը տարեկան հավաքում էր մոտ 200.000 տոննա խաղող: Անկախացումից հետո այդ թիվն էլ կտրուկ իջավ: Վերջին 6-7 տարիներին, երբ մեզ մոտ գինեգործությունն աշխուժացավ, հին գործարանները մասնավորեցվեցին եւ սկսեցին արտադրանք տալ, դրանց զուգահեռ ստեղծվեցին փոքր ու մեծ նոր գործարաններ, աշխուժացավ նաեւ խաղողագործությունը: Գյուղացիական տնտեսությունները զգացին, որ խաղողագործությունը կարող է եկամտաբեր լինել, նորից սկսեցին այգիներ հիմնել: Բացի այդ, խոշոր ֆերմերային տնտեսությունները նույնպես սկսեցին զբաղվել խաղողագործությամբ: Օրինակ, «Մաքս Ֆրուտ» կամ «Վեդի ալկո» ընկերությունները: «Վեդի ալկո» ընկերությանն է պատկանում Եղեգնաձորի մարզի Գետափ գյուղի գինու գործարանը: Ընկերության սեփականատերերը որոշել են գյուղացիներից խաղող մթերելու հետ միաժամանակ հիմնել նաեւ իրենց սեփական այգիները: Հիմա նրանք Եղեգնաձորում ունեն 100 հա խաղողի այգիներ, եւս 25 հա էլ տնկել են Արարատյան դաշտում: Իսկ «Մաքս Ֆրուտն» ունի մոտ 80 հա այգի եւ այս տարի իր հավաքած խաղողը հանձնել է «ՄԱՊ» ընկերությանը: Այժմ Հայաստանում կա մոտ 17.000 հա խաղողի այգի:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները սպասում են, որ այս տարի հավաքվելու է մոտ 170 հազար տոննա խաղողի բերք, անցած տարվա համեմատ 5-6 հազար տոննայով ավելի: Նրանք ասում են, որ երաշտը խաղողի վրա չի ազդել, որովհետեւ այգիները ոռոգվել են: Բայց մթերող գործարաններն ու խաղող մշակող գյուղացիները համաձայն չեն Գյուղնախարարության այս տվյալների հետ: Նրանք իրենց հավաքած ու ընդունած ծավալներից զգացել են, որ այս տարի, այնուամենայնիվ, խաղողի բերքը մի փոքր քիչ է: Հավաքած բերքի մի մասն էլ երաշտի ու տարբեր հիվանդությունների պատճառով որակական առումով տուժել է՝ փչացել է կամ շաքարայնությունն է ցածր եղել:
«Արարատ գինու կոնյակի կոմբինատն» այս տարի ծրագրել է ընդունել 20.000 տոննա խաղող: Կոմբինատի գլխավոր տնօրեն Արթուր Ղազարյանը, սակայն, մտավախություն ունի, որ հազիվ 12-13 հազար տոննա խաղող կհասցնեն մթերել: Պատճառն այն չէ, որ չեն կարող ընդունել, այլ այն, որ այդքան խաղող չի լինի: «Ճիշտ է, ասում են` խաղողը երաշտից չի տուժել կամ շատ քիչ է տուժել, բայց դրա ազդեցությունը մենք զգում ենք,- ասում է Ա. Ղազարյանը: -Գյուղացիները մեզ ասում են, թե անցած տարվա համեմատ բերքը 5-15 տոկոսի չափով է պակաս ստացվել: Այդ չափը կարող է նրանց տնտեսությունների վրա էական նշանակություն չթողնել, սակայն մենք արդեն զգում ենք, որ չենք կարողանա այդքան խաղող ընդունել: Մթերման ժամանակ այդ փոքր տոկոսները գումարվում ու մեծ թիվ են կազմում»:
ՀՀ Գյուղնախարարության տվյալներով` մթերող գործարաններն այս տարի կընդունեն մոտ 100.000 տոննա խաղող: Իհարկե, այս թիվը մի փոքր չափազանցեցված է, որովհետեւ երկու խոշոր ընդունողները՝ «Կոնյակի գործարանն» ու «Արարատ գինու կոնյակի կոմբինատը» միասին ծրագրել են մթերել 48.000 տոննա: Ընդ որում, երկրորդ գործարանը հույս չունի, որ կկարողանա իր ծրագրածի չափով մթերել: Իսկ մյուս գործարաններն ընդունում են ավելի քիչ՝ 3-5 հազար տոննա: Այնուամենայնիվ, խաղողի պահանջարկը գնալով ավելանում է, որովհետեւ ավելանում է գինի արտադրող գործարանների թիվը: Գործարաններն արտահանում են իրենց արտադրած գինին ու փորձում են նոր շուկաներ գտնել: Իսկ այդ հույսերը հիմնվում են նախկին Խորհրդային Միության սպառողական շուկայի վրա: Գործարարները դա չեն էլ թաքցնում: Հայաստանում արտադրված խմիչքների մեծ մասն արտահանվում է Ռուսաստան ու ԱՊՀ մյուս երկրներ: Իսկ եթե Ամերիկա ու եվրոպական երկրներ են արտահանում, ապա վաճառքը նորից կապում են հայերի եւ ընդհանրապես նախկին Խորհրդային Միության քաղաքացիների հետ: Գինեգործությունն ու խաղողագործությունը, սակայն, Հայաստանում դեռեւս մեծ չափով չի կարող զարգանալ, քանզի մեր երկիրը արտահանման համար ճանապարհներ չունի: Եվ ոչ միայն: Որեւէ երկրի, այդ թվում եւ` Ռուսաստանի սպառողական շուկայում տեղ ունենալը մեծ դժվարությունների հետ է կապված: Որակի գործոնից բացի` այնտեղ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ այլ պատճառներ, որոնք փոքր երկրներին խանգարում են շուկա մուտք գործել: Մեր արտադրողները հավատացնում են, որ իրենք միանգամից կարող են կրկնապատկել ու եռապատկել իրենց արտահանման ծավալները, եթե գոնե ճանապարհային խնդիրներն ու ճանապարհածախսն այսքան շատ չլինի: Հայաստանի գինի արտադրողները մի պահ ոգեւորվել էին, երբ Ռուսաստանը դադարեցրեց Մոլդովայի ու Վրաստանի արտադրանքի ընդունումը: Նրանք հույս ունեին, որ այդ երկրների շուկայի տեղն իրենք կզբաղեցնեն: Սակայն Ռուսաստանը այդ նույն ժամանակահատվածում փոփոխեց իր ակցիզային համակարգը, եւ մեր արտադրողները մինչ օրս չեն կարողանում ոգելից խմիչք արտահանել, որովհետեւ դեռ նոր ակցիզներ չեն ստացել: Հայ արտադրողներն ասում են, որ շուտով կստանան նոր ակցիզները եւ կսկսեն արտահանել: Այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե մեր արտադրանքը կկարողանա՞ գրավել այդ երկրների ազատած շուկան, կամ Ռուսաստանը թույլ կտա՞, որ հայկական արտադրանքը մուտք գործի իր շուկա: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Հայաստանում խաղողագործությունը գնալով ընդլայնվում է:
Խաղող մշակողի տրտունջները
Գյուղացիներից ոմանք ժամանակին իրենց քանդած խաղողի այգիները փորձում են վերականգնել, սակայն դա մեծ դժվարություններ ու ծախսեր է պահանջում: Եթե խոշոր ֆերմերային տնտեսությունները հաղթահարում են այդ դժվարությունները, ապա գյուղացիական մանր տնտեսությունները նման հնարավորություններ չունեն: Մանավանդ, որ իրենց մշակած խաղողի եկամտից գոհ չեն: Այս տարի 1 կգ խաղողի մթերման միջին գինը 140 դրամ է: Հանձնող գյուղացիները դժգոհ են այս գումարից: Նրանք իրենց բերքի համար ավելի բարձր գումար են ուզում: «Հիմա շտապ փող էր պետք, բերեցի, հանձնեցի,- ասում է Նորաբաց գյուղի բնակիչ Արմեն Աղախանյանը, ով իր խաղողը հանձնել էր «Արարատ գինու կոնյակի կոմբինատին»: – Փող լիներ՝ չէի տա: Կպահեի` գինի ու արաղ կքաշեի: Դա ավելի եկամտաբեր է»:
Դոլարի արժեզրկումը նույնպես ազդել է մթերման գների վրա: Մթերող գործարանների ներկայացուցիչներն ասում են, որ չեն կարող հաշվի չառնել այդ հանգամանքը եւ բարձր գին առաջարկել: Եթե դոլարը շարունակի անկում ապրել, ապա իրենք ստիպված կլինեն գյուղացուն առաջարկել 120 դրամ: Իսկ ահա Եղեգնաձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Սուրիկ Ղազարյանը դժգոհ է, որ իր 3 տոննա արենի տեսակի խաղողը Գետափի գործարանն ընդունում է 1 կգ-ն 160 դրամով: Անցյալ օրն ընդունել էին 190 դրամով: Նա իր ապրանքի համար 190 դրամն էլ է քիչ համարում: «Տեսեք՝ ինչ խաղող եմ բերել, ողկույզներն ամուր են ու հատ-հատ շողում են,- ասում է Ս. Ղազարյանը: -160 դրամ են տալիս: Ախր նույն խաղողին ընդամենը երեկ 190 դրամ տվեցին»:
«Երեկվա խաղողի շաքարայնությունը բարձր էր, այսօրվանը ցածր է: Դրա համար էլ այդ գինն ենք տալիս»,- ասում է Գետափի գինու գործարանի տեխնոլոգ Արման Ղազարյանը:
«Էդ ո՞նց եղավ, որ էսօրվանը ցածր է,- չի հավատում Սուրիկ պապը, ով երկար տարիների գյուղատնտես է: – Ախր երկուսն էլ նույն դաշտից եմ հավաքել, իրար կողքից»:
Միեւնույն է, գործարանի մասնագետները հավատում են շաքարայնությունը չափող իրենց սարքին: Ս. Ղազարյանն անցած օրը հանձնել էր 2,8 տոննա խաղող, նույնքան էլ հանձնեց այդ անգամ: Նույն չափով էլ պետք է բերեր հաջորդ անգամ: Եվ նրանց ընտանիքի ողջ տարվա եկամուտն այդ խաղողից ստացած գումարն է: Հենց դրա համար էլ Ս. Ղազարյանը դժգոհ էր: Նա ամբողջ տարի չարչարվել ու ստացել էր այդ 8 – 8,5 տոննա խաղողը: Ստացած գումարի մի մասով պետք է ոռոգման, թունանյութերի, տեխնիկայի եւ այլ ծախսերը փակի: Մնացած գումարը նույնիսկ մինչեւ հաջորդ բերքահավաք չի հերիքի: Իսկ Սիմոն Ղազարյանի խաղողը գնահատել էին 150 դրամ: Նրա խաղողի որակն էլ ցածր էր: Գետափի գինու գործարանի գլխավոր գինեգործ Էմիլ Մանուկյանը հավատացնում է, որ իրենք ճիշտ են վարվում, որ խաղողի համար մի գին չեն սահմանում:
«Ոչ բոլորը կարող են որակյալ խաղող մշակել,- ասում է Է. Մանուկյանը: -Խորհրդային տարիներին դրա համար գիտահետազոտական ինստիտուտներ էին աշխատում, կոլտնտեսություններին ու սովխոզներին հրահանգներ ու խորհուրդներ էին տալիս: Այն ժամանակ տնտեսությունները տեխնիկա ունեին, հսկողություն էին սահմանում: Հիմա գյուղացիները չեն կարող այդ հսկա աշխատանքն իրենց ուսերին վերցնել: Հողը մասնավորեցրին, տվեցին գյուղացուն, ու էլեկտրիկը, մանկավարժը, բժիշկը սկսեցին խաղող մշակել: Պարզ է, որ նրանց արտադրածի որակը ցածր կլինի»:
Որակով է, թե անորակ, այնուամենայնիվ գյուղացիները տարեցտարի ավելի շատ խաղող են աճեցնում: Գործարաններն էլ մթերում ու գինի են արտադրում: Եթե կարողանան արտահանումն ավելացնել, ուրեմն խաղողի մթերման գինը կբարձրանա: Հակառակ դեպքում դոլարի արժեզրկման պատճառով մթերման գինն անընդհատ կիջնի: Ի տարբերություն ծիրանի, խաղողը քիչ է արտահանվում, որովհետեւ շատ երկրներ են աճեցնում: Տեղական շուկան շատ սահմանափակ է: Դրա համար էլ խաղողագործության ապագան կախված է գինեգործությունից: Իսկ գինեգործության ապագան էլ կախված է ճանապարհներից, մի քիչ էլ` դոլարի կուրսից: Բայց մեր ճկուն գործարարները հավատացնում են, որ իրենք ինչ-որ ելք կգտնեն՝ մի քիչ կհարմարվեն, մի քիչ կշրջանցեն, բայց, ի վերջո, կարտահանեն: