Մեր գրպանի փողերը

07/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Եթե նկատել եք, երկակի ստանդարտներն ընդունված են հասարակական կյանքի
բոլոր ոլորտներում։ Բոլորս էլ գիտենք, որ ուրիշի գործերին խառնվելն ու
ուրիշի գրպանի փողերը հաշվելը, շատ քաղաքավարի ասած, վեհ զբաղմունքներ
չեն։ Բայց ընդունեք, որ սիրում ենք զբաղվել դրանով։ Ավելին, դա երբեմն
դարձնում ենք հասարակական քննարկումների նյութ։ Ազգային վիճակագրական
ծառայությունն այդ գործով զբաղվում է գիտական մակարդակով. հանրապետության
բյուջեի, USAID-ի եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի փողերը
ծախսելով հետազոտություն է անցկացրել։ Անգամ բարեհունչ վերնագիրը՝ «ՀՀ
բնակչության եկամուտներն ու ծախսերը եւ սննդամթերքի սպառումը», չի
թաքցնում, որ հետազոտության հիմքում նույն հետաքրքրասիրությունն է։ Նույն
անառողջ հետաքրքրասիրությունը, թե որքան փող կա բնակչության գրպանում եւ
ինչի վրա է ծախսվում այդ փողը։
Առաջին թվերը ոգեւորիչ չեն։ Պարզվում է, որ մեկ շնչի հաշվով ամսական
եկամուտները քաղաքներում կազմում են մոտ 12 հազար դրամ, գյուղերում՝ մոտ 7
հազար։ Այնպես որ, մեկ՝ միջին վիճակագրական հայի գրպանում լուրջ փող չկա։
Չի կարելի ասել, թե սա անակնկալ հայտնագործություն էր։ Պաշտոնական
վիճակագրությունն է ընդունում. աղքատ եւ շատ աղքատ է երկրի բնակչության
կեսից ավելին։ (Անգամ մեթոդ է հորինվել աղքատին շատ աղքատից տարբերելու
համար)։
Հիմա փորձենք տեսնել, թե որտեղից են հայտնվում «բնակչության եկամուտ»
կոչվող դրամական միջոցները։ Շատ պաշտոնական հետազոտության տվյալներով`
եկամուտների 53%-ը բնակչությունը վաստակում է աշխատանքով։ Ազգային
վիճակագրությունը գյուղմթերքների վաճառքը, ի տարբերություն առեւտրի մյուս
ձեւերի, աշխատանք չի համարում։ Որովհետեւ գյուղմթերքների վաճառքն
առանձնացրել է հայ մարդու մյուս զբաղմունքներից։ Գործունեության այս
տեսակն ապահովում է եկամուտների 10%-ը։ Պետական սոցիալական աջակցությունը՝
թոշակներ, նպաստներ, կազմում է 10,5%։ Արտասահմանից ստացվող օգնության
ծավալները համարյա երկու անգամ գերազանցում են պետության սոցիալական
ծախսերի ծավալները։ Հեռավոր մերձավոր արտերկրների մեր հայրենակիցները մեզ
երկու անգամ ավելի մեծ թոշակ են «նշանակել», քան հայրենի կառավարությունը։
Եվ այսպես, արդեն պարզ է, թե որքան փող ունի մեկ՝ միջին հայ մարդը եւ
որտեղից է հայտնվել այդ փողը։ Հետեւաբար, հաջորդ հետաքրքիր հարցն է՝ ինչի՞
վրա է ծախսվում այդ փողը։ Այստեղ է, որ պետական վիճակագրությունը տխուր
պատկեր է արձանագրում։ Միջին հայ ընտանիքի եկամուտների 65-70%-ը ծախսվում
է սննդամթերքի վրա։ Այսպիսի վիճակագրությունը հատուկ է թշվառ երկրներին,
եթե, իհարկե, դուք չեք կարծում, որ հայերը շատակեր են կամ որկրամոլ, իսկ
եթե այդպես եք կարծում, պարզապես սխալ եք։ Հիշեք, թե Խորենացին ինչ
ածականներով էր բնութագրում Հայկ նահապետին՝ «հաստաբազուկ, սակավապետ,
գեղագանգուր»։ Քչակերությունը նահապետի բնութագրիչ արժանիքն է։ Հետեւաբար,
ուտելու հարցում ժուժկալությունը հայերը գնահատում են որպես
առաքինություն։ Եվ եթե պարզվում է, որ մենք ձեռքներս ընկած գումարի
65-70%-ը սննդի վրա ենք ծախսում, պետք է ենթադրել, որ մենք գնում ենք
միայն անհրաժեշտ քանակությամբ սնունդ։ Պարզապես ձեռքներս քիչ փող է
ընկնում։ Այնպես որ, սակավապետ հայ մարդու առաքինի կերպարը տնտեսական
ճգնաժամի պատճառով շատ չի խաթարվել։ Սա է պնդում վիճակագրության
արձանագրած մյուս փաստը։ Ալկոհոլային խմիչքների վրա միջին վիճակագրական
հայը ծախսում է իր եկամտի 1-1,4%-ը։ Այս վիճակագրությունը հնարավոր է որ
համահունչ է ալկոհոլային խմիչքներ արտադրող եւ ներմուծող ընկերությունների
հաշվետվություններին։ Բայց ալկոհոլի արտադրության ու ներմուծման ծավալը
հաստատ չի արտացոլում։ Հիշեք, թեկուզ, «Գովազդի մասին ՀՀ օրենքի» խախտմամբ
ալկոհոլային խմիչքների գովազդը հայկական հեռուստաընկերությունների
եթերում։ «Արաղ-թութուն» տանդեմը հաշվի առնելով, վիճակագիրները պնդում են,
որ ծխախոտի վրա մենք ծախսում ենք մեր եկամտի 3-6%-ը։ («Երանի թե՜»,- ծոր
կտան բոլոր ծխողները)։ Հասարակական բոլոր ծառայություններին բաժին է
ընկնում բնակչության եկամուտների 14-16%-ը։ Սա էլ է բնակչության վատ
կենցաղն արձանագրող տվյալ։
Տեսեք, թե ինչ է ուտում միջինացված հայը մեկ ամսվա ընթացքում. 13-14 կգ
հաց, 3-4 կգ կարտոֆիլ, 4-5 կգ բանջարեղեն եւ բոստանային կուլտուրաներ, 2,5
կգ միրգ, 0,5 կգ շաքար, 1,3 կգ միս, 0,5 կգ ձուկ, 1,8 լիտր կաթ ու մածուն,
5-8 հատ ձու։ Եվ այս ամենը տապակում է (նոր հայը կասեր՝ ժարիտ է անում)
ընդամենը 300 գ ձեթով։ Հնարավոր է, որ վիճակագրությունը Հայաստանում պակաս
արժանահավատ է եւ չի ներկայացնում իրական պատկերը, բայց այն հետաքրքիր է
եւ արժանի ուշադրության։
Տնտեսական վիճակագրությունն ուսումնասիրելով՝ միշտ էլ կարելի է պարզել, թե
որ ոլորտներն են առավել ստվերային։ Տեսեք, թե ինչ համեստ չափաբաժիններ
ունեն շաքարը, ձեթը, ձուն, ձուկը։ Հիշեք, ովքեր են այդ ոլորտում արտադրող
ու ներկրող, եւ ավելորդ հարցեր չեք տա։ Միանգամից պարզ ու հասկանալի
կդառնա նաեւ՝ երեւանյան հասարակական սննդի կետերի՝ բար-սրճարանների քանակը
ինչ կապ ունի երկրի համեստ տնտեսության եւ ավելի համեստ եկամուտներ
ունեցող բնակչության հետ։
Որքան էլ հայ վիճակագրին հաճելի լինի հաշվել մեր գրպանի փողերը, ինչ գիտական մեթոդ էլ նա կիրառի, միեւնույն է, արդյունքի չի հասնի։
Իրավիճակը հիշեցնում է հին հայկական տափակ անեկդոտը. պատկան մարմինները
հարցաքննում են շատ փող ծախսող տղամարդուն՝ պարզելու, թե որտեղից իր
փողերը։ «Դարակից»,- պատասխանում է նա։ «Իսկ դարակի վրա որտեղի՞ց» հարցին
պատասխանում է՝ «կինս է դրել»։ Երբ պետության ներկայացուցիչը հարցնում է՝
«Կնոջդ փող որտեղի՞ց», ստանում է արժանի պատասխան՝ «Ո՞վ պիտի իմ կնոջը փող
տա, իհարկե, ե՛ս»։ Երբ կրկնվում է հարցը՝ «բա քեզ փող որտեղի՞ց»,
հարցաքննվողը պատասխանում է՝ «զարմանալի անհասկացող մարդ եք, ձեզ չասեցի՝
դարակից»։