Իրական կյանքը՝ տաքսու լուսամուտից

06/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքի «խելագար» երթեւեկությունից ամենաշատը տուժում են տաքսու վարորդներն, ովքեր աշխատում են երթեւեկության ամենաթեժ ժամերին՝ 10:00-ից մինչեւ ուշ երեկո: Նրանցից շատերի գնահատմամբ` ֆիզիկական աշխատանք կատարելն ավելի դյուրին է, քան ամենօրյա երթեւեկությանը դիմանալը, քանի որ գերլարումից հաճախ կորցնում են նյարդային հավասարակշռությունը:

Վարորդ Ռոբերտը երթեւեկության մասին իր կարծիքը հայտնելու համար նախ` ներողություն է խնդրում պետավտոտեսուչներից, ապա` բացատրում. «Հնուց եկած բառ կա՝ գայիշնիկներին շուն են ասում: Ես հազար ներողություն եմ խնդրում էդ բառի համար, բայց դե փաստ ա, որ տենց են ասում: Շուն ասում էինք, որովհետեւ առաջներում գայիշնիկները օրենքի մեռած էին: Եթե մի 100 մետր հեռավորության վրա դու խախտում անեիր՝ մեկ ա, իրանք տեսնելու էին ու ակտ գրեին: Այսինքն՝ իրանք օրենքը պահպանելու համար շատ ճիշտ հոտառություն ունեին, օրինազանցին, ոնց ուզում ա լիներ, կբռնեին ու կպատժեին: Մենք էդ բառի մեջ շատ բացասական բան ենք փնտրում, բայց իրականում շան հոտառություն ունենալը լավ հատկություն ա: Էն ժամանակ խախտում անելիս մենք վախենում էինք, որ կբռնեն ու ակտ կգրեն, բայց 100%-ով վստահ էինք, որ մենք սխալ ենք արել, դրա համար էլ ակտ են գրում: Էսօր վիճակը լրիվ ուրիշ ա: Էսօր երթեւեկությունն էնքան էքստրեմալ ա դարձել, որ չես էլ ուզում խախտում անես, որովհետեւ տանկի նման ջիփերը հերթով կլցվեն գլխիդ, ու մարմնիդ ամենամեծ մասն ականջդ կմնա: Էսօր գայիշնիկի հոտառությունը կպնում ա ոչ թե խախտում անողին, այլ խեղճ ու կրակին: Հանգիստ, առանց խախտում անելու մեքենա ես քշում, մեկ էլ՝ հոպ, դուբինկեն դեմ տվեց, իջնում ես, ուզում ես իմանալ, թե խի՞… Եթե փորձում ես քո իրավունքը պաշտպանել՝ ինքն ավելի ա թարսվում: Կամ պիտի սուս ու փուս դակումենտիդ մեջ մի 1000 դրամ դրած տաս, կամ էլ, եթե հետդ լարվեց՝ ավելի վատ ա լինելու: Էսօր օրինականությունը չի գործում: Եթե մտքին դրել ա, որ քո հաշվին փող աշխատի, ուրեմն՝ չես կարա օրենքով քեզ պաշտպանես: Մեր աշխատած ողորմելի գումարի կեսը գայիշնիկներին ենք բաժանում: Ես մեկ-մեկ ինձ բռնացնում եմ, որ հեռվից միլիցա տեսնելուց շփոթվում եմ անկախ ինձնից: Ասում եմ՝ լավ խի՞, շփոթվում եմ, հոգեբանորեն քշելը բարդանում ա: Բայց հասկանում եմ, որ էնքան են անտեղի բռնում-փող պոկում, որ անկախ քեզնից ուզում ես փախնես իրանցից: Հիմա իզուր չեն իրանց մենթ ասում, այ դրանից պետք ա վիրավորվել: Մենթերի ուժը հիմա խեղճ մարդկանց վրա ա պատում, ով որ կոպեկներով ա ապրում, իսկ հարուստներին, ֆիրմա ավտոներով վարորդներին չեստ են տալիս»:

«Մեր աշխատանքը ինֆարկտի բուն ա»

Վարորդ Սամվելը մասնագիտությամբ էլեկտրիկ է: Հարմար աշխատանք գտնելու դեպքում կթողնի վարորդի աշխատանքը. «Իրիկունը մտնում եմ տուն ու ջղայնությունս թափում եմ իմ «նաֆարի» վրա: Էնքան լարված ես աշխատում, որ հետո մեկը քեզ պետք ա, որ կուտակումներդ դուրս տաս: Մեր աշխատանքը ինֆարկտի բուն ա, որովհետեւ անընդհատ ներվայնանում ես ու մեջդ ես պահում, իրավունք չունես արտահայտվելու, որովհետեւ հաճախորդը կբողոքի, ու տուտ ժե քեզ գործից կազատեն: Դու նայի էս գժական երթեւեկությանը, ֆիրմա ավտոները գալիս-հելնում են վրեդ, ու դու իրավունք չունես մի բան ասես: Եթե մտքումդ էլ հայհոյես՝ կհելնեն քացու տակ կքցեն: Հեն ա, Մանվելի բարեկամի դեպքը քեզ օրինակ, մարդու մեքենա վարելու ձեւը դուրը չի եկել, քաշել ա մի կողմ ու` տուր թե կտաս,- ասում է Սամվելը ու նեղսրտում, որ աշխատանքից իր բացասական էմոցիաները երեխաների վրա է թափում: -Կինս երեխեքին ասում ա` ոչինչ, պապան դժվար աշխատանք ա անում, սուս մնացեք… Ես էլ գիտեմ, որ անտեղի եմ ընտանիքիս անդամներին վիրավորում, բայց ճար չունեմ, մեր փողոցները մարդուն գիժ կսարքեն: Տղամարդը, որ վիրավորանքն ու նեղվածությունն իրա մեջ ա պահում՝ խեղճանում, ներվային շուն ա դառնում»:
«Հայաստանում բոլորը «լեւի» փողի հույսին են

50-նն անց Կառլենը միշտ պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել: Նրանց ծառայությունից մեքենա եմ պատվիրում, ինձ տեսնելուն պես ասում է՝ «Էլի ինձ խոսացնելո՞ւ ես: Ինձ շատ հաճելի ա, երբ հարցեր ես տալիս, ես միշտ պատրաստ եմ պատասխանել ուզածդ հարցին: Լավ ա, երբ տաքսու վարորդի կարծիքն էլ ա հաշվի առնում թերթը»: Անդրադառնալով մայրաքաղաքի երթեւեկությանը` վստահեցնում է, որ այսօր յուրաքանչյուր վարորդի շարժի մեջ սխալ բան կա, քանի որ Հայաստանի քաղաքացիները կարգապահական ոչ մի նորմի չեն ենթարկվում: «Մեր քաղաքի ճանապարհների 80%-ը շատ լավն են, ու էդքան որ ասում են` վատն են՝ սուտ ա, իրանց են արդարացնում: Ուղղակի մարդիկ երթեւեկության կանոնները չեն պաշտպանում, ու դա գնալով սովորական բնույթ ա ստանում: Օրինակ՝ նայի, ես առաջին գծից երկրորդին անցնելու համար պիտի թարթիչը միացնեմ, չէ՞, որ վթար չառաջացնեմ, բայց հիմա գիծը փոխեցի ու թարթիչը չմիացրեցի: Ինչի՞ չմիացրի, որովհետեւ տեսնում եմ` ուրիշը չի անում՝ ես էլ չեմ անում: Համ էլ, որ շուտ չփչանա թարթիչը՝ խնայողություն եմ անում: Ու հետո, քեզ մի հատ պարզ ճշմարտություն ասեմ. եթե քաղաքի մեջ անօրինական չքշես՝ քեզ կխփեն: Կարգապահ, օրինական քշողները կամ խփնվում են, կամ էլ հետեւից էնքան սիգնալ են տալիս, որ վեճի են բռնվում: Հետեւիդ մեքենան ստիպում ա, որ դու խախտում անես»,- ասում է նա ու հավելում, որ մեզանում տարածված երեւույթ կա, որ արածդ խախտումի համար պետավտոտեսուչին ես մեղադրում եւ չես փորձում սեփական թերությանդ համար պատասխանատվություն կրել, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալից զերծ մնաս: «Գայիշնիկներն էն պապական թվերից եկած դաստիարակչական աշխատանք են տանում, պարզապես կոմունիստների ժամանակ վարորդներին ներում էին, հիմա ներել չկա, որովհետեւ իրանց վրա էլ ա պլան դրված: Արի՝ ծուռ նստենք, շիտակ խոսանք, էդ մարդիկ լավ մարդիկ են, բայց անտեղի վարկաբեկվում են: Աֆիցեռ գայիշնիկներ կան, որ ասում են՝ երկու օր գործի չգամ՝ սոված ենք: Ոնց որ իրանք են վարորդներից պոկում, նենց էլ իրանցից վերեւներից են պոկում: Դրանց կոպեկներ ա մնում, սաղ մուծվում են: Բայց ասեմ քեզ, որ ընդհանրապես գայիշնիկները տաքսու վարորդներին խղճով են մոտենում, զիջում են»: Զրուցակիցս ասում է, որ ՀՀ քաղաքացին ներկա պայմաններում իր կեցությունն ապահովում է ոչ թե «չոր» աշխատավարձով, այլ «լեւի» փողով, ընդ որում՝ բոլոր ոլորտներում է այդպես: Հաշվի առնելով այս հանգամանքը` Կառլենը խորհուրդ է տալիս պետավտոտեսուչներին ըմբռնումով մոտենալ: «Մենք ընդունվում ենք օրինական 8-ժամյա աշխատանքի պայմանագիր ստորագրելով, բայց ամենաքիչը 10-12 ժամ աշխատացնում են եւ վճարում են 8 ժամվա համար՝ ամսական գալիս ա 45.000-50.000 դրամ, պլյուս դրան էլ` ամսական մի 15.000-20.000 դրամ չայեվոյ ա գումարվում: Օրվա մեջ 13 պատվերից 500 դրամ չայեվոյ չի մնում, իսկ մի քանի տարի առաջ, երբ էսքան տաքսիների օֆիսներ չկային, 10.000 դրամ չայեվոյ էր մնում, պատվերները անսահման շատ էին: Հիմա օրինակ՝ աստված չանի, եթե 8 ժամդ լրացել ա ու դեռ աշխատացնում են քեզ, վթար եղավ՝ դու չես կարա ապացուցես, որ էդ ժամերին քեզ անօրինական կերպով են աշխատացրել, պիտի տանես խալխի ֆիրմա ավտոյի ծախսերը ճռռալով փակես, ուզում ես` տուն ու տեղդ ծախի,- պատմում է Կառլենը ու ասում,- եթե ես նայում եմ քո ձեռքին, որ դու ինձ չայեվոյ տաս, ուրեմն ո՞նց մեղադրեմ, որ գայիշնիկն էլ իմ ձեռին ա նայում»:

Անսարք լուսաֆորի պատճառով հայտնվել է ոստիկանությունում

Մովսեսը պատմում է, որ մեկ անգամ պետավտոտեսուչի հետ կոնֆլիկտ է ունեցել եւ ստիպված է եղել ներկայանալ ոստիկանություն. «Հիմա գիտե՞ս ոնց ա՝ պիտի թիկունք ունենաս: Ես օրինականությունը սիրող մարդ եմ: Խաչմերուկն անցնում եմ, սվետաֆորի լույսերը լռված են: Գայիշնիկը կանգնացնում ա, ասում եմ՝ նայի սվետաֆորը փչացած ա, նայում ա, ասում ա՝ ինձ հետաքրքիր չի, ակտ եմ գրում: Լսի՛, ասում եմ՝ քեզ մի հատ իմ տեղը դիր ու պատկերացրու. սվետաֆորն ինձ ուղղություն ա ցույց տալիս, ես էլ հետեւում եմ լույսերին ու անում եմ էն, ինչ ինքն ա թելադրում: Նայում ա փչացած սվետաֆորին ու ձենն ա վրես բարձրացնում, թե` խախտում ես արել: Այ տենց չորով ուզում ա կլպի, հիմա դե ասեք` մեր երթեւեկությունը կարա՞ լավը լինի, եթե դրանք կարգավորողները շուլեռներ ու գողեր են: Մեկ ժամ լեզվակռվից հետո քիչ էր մնում մռութը ջարդեի, նստացրին ավտոն-տարան: Հետո էլ դե, գիտես էլի, միլիցեքի հետ գործ ունեցողը ոնց ա դրանց ձեռից պրծնում»,- հիշելով այդ դեպքը կրկին բարկանալով պատմում է նա ու մատնացույց անում շքեղ մեքենաների կատաղի երթեւեկությունը: «Նայի դե, էս էլ ես չեմ պատմում, որ հավատաս կամ չհավատաս, տե՛ս, քիչ ա մնում էդ ժողովրդին վրաերթ անելով րոպե առաջ շարժվի: Էն օրը պատվիրատուին էի սպասում ու հետեւում էի գայիշնիկի գործունեությանը: Մի սեւ, պլպլան մերսեդես կանգնացրեց, ճռռցնելով խաչմերուկի մեջտեղը կիսում-անցնում էր: Ուրեմն մեջը մի տկար, ծամոնը բերանին լակոտ ա նստած: Մի 20 մետր հեռու ա մեքենան կանգնացրել ու լայեղ չի անում, որ դուրս գա միլիցու հետ շփվի: Տեսավ չի գալիս, գայիշնիկն ինքը մոտեցավ, պատուհանից գլուխը ներս մտցրեց: Լակոտը սոտըվիով զանգ արեց ու տվեց գայիշնիկին: Դու պետք ա տենայիր` էդ գայիշնիկի դեմքը ոնց կարմրեց, քիչ էր մնում ոտերը թուլանար: Խոսաց-պրծավ, մի հատ էլ չեստ տվեց էդ լպրծուն լակոտին ու ժպտալով հաջողություն մաղթեց: Հիմա մարդն օրենքով ոչնչի չի հասնի, որովհետեւ պետք ա վերեւներից ծանոթ-բարեկամ ունենա: Հենց մի թափովի անունը տվեցիր, ուրեմն ներված ես:

«Հարուստները հարստանում են՝ աղքատները՝ աղքատանում»

Նորայրն ասում է, որ դեռ սովետական տարիներից սկսած աշխատել է որպես տաքսու վարորդ: Այդ տարիներից մնացած իր սեփական «Գազ-24»-ը բակում կանգնելով արդեն ժանգոտել է, որովհետեւ վերանորոգման համար պահանջվող ծախսերը մեքենայի գնից ավելի են: «Օրեցօր Երեւանի մեքենաների թիվը շատանում է: Ինձ համար զարմանալին էն ա, որ մեքենաները շատանում են, իսկ աղքատ մարդիկ ավելի են աղքատանում: Էսօր շատ են օրինակ բերում, թե Հայաստանում կյանքը լավացել ա ու հատկապես շեշտում են, թե՝ նայե՛ք մեքենաների առատությանը ու թանկությանը: Բայց ես ասեմ քեզ, որ էս մեքենաները շատանում են էդ հարուստ մասսայով: Հարուստը կամ պետական պաշտոնյան, եթե առաջ մի հատ ծառայողական մեքենա ուներ, ապա հիմա մի հատ ինքը ունի, մի հատ` աղջիկը, մի հատ` կնիկը, մի հատ` տղան, մի հատ` հոր ու մոր պադավատն ա եւ այլն: Դե պատկերացրու, ամեն հարուստի տունը որ 4-5 մեքենա լինի, մեր փողոցներում էլ այ տենց տպավորություն կլինի: Իսկ աղքատները նույն տրոլեյբուսով ու մարշրուտկեքով են երթեւեկում: Եթե էդ հարուստների երեխեքն ու կնանիքն էլ մեքենա են քշում, ուրեմն ես էլ երթեւեկության կանոնների մասին ասելիք չունեմ: Նստում են նարկոտիկ օգտագործած, նստում են հարբած, նստում են համ սեքսով են զբաղվում, համ էլ ավտո են քշում, նստում են` երաժշտությունն էնքան բարձր են անում, որ Նար-Դոսում կանգնած՝ օպերայից լսվում ա, դե դու հա սիգնալ տուր… Եթե գայիշնիկն էլ բռնում ա, պապայի մի զանգով հարցը լուծվում ա: Ուրեմն էլ ի՞նչ օրենք ու կանոն: Իսկ աղքատ, համեստ ու զուսպ մարդը երբեք տենց կապը կտրած չի լինում: Զուսպ մասսան տրանսպորտից ա օգտվում, իսկ հաբռգած մասսան՝ երթեւեկությունից: Դրա համար էլ հարուստները երթեւեկության կանոնների վրայով անցնում են, իսկ տրանսպորտից օգտվող խեղճ ու կրակ մասսայի վրայով էլ նույն հարուստ գծերի տերերն են անցնում: Այ տենց, հարուստները հարստանում են՝ աղքատները աղքատանում»: