1. Սրճարաններ, որտեղ հիմնականում հայեր են լինում (Օրինակ, Բոստոնի «Սթարբաքս» սրճարանում, որի աջ կողմում սուրճ են խմում «հայաստանցիները», ձախ կողմում` սփյուռքահայերը):
2. Հայկական եկեղեցիներում (Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես, իսկ այն վայրերում, որտեղ հայկական եկեղեցի չկա, մերոնք հավաքվում են հունական եկեղեցիներում: Սոլթ Լեյք Սիթիում հայկական համայնքին հանդիպեցի հունական եկեղեցում խաղողօրհնեգի ժամանակ Հոգեւորը հայրը «հրավիրված էր» Գլենդելից):
3. Ֆուտբոլի դաշտերում (ամերիկահայերը շաբաթը գոնե մեկ անգամ ֆուտբոլ են խաղում):
4. Պետք չէ փնտրել հայ համայնքին, նրանք իրենք քեզ կգտնեն: Սա իսկապես ճշմարիտ է, հատկապես` փոքր ու միջին քաղաքների դեպքում, երբ երկու օրվա ընթացքում հանկարծակի կարող են հայեր հայտնվել (Ինդիանապոլիսում հայ ուսանողներից մեկը երկար ժամանակ փորձել է գտնել հայերին: Առաջին մեկ ամիսն ապարդյուն է անցել: Որոշ ժամանակ անց նրանց հետ ծանոթացել է ռուսական քեֆերից մեկի ժամանակ: Եկել են, խմել, իրար հետ վիճել, կռիվ սկսել եւ ձերբակալվել: Հայ ուսանողը չի էլ հասցրել նրանցից տեղեկանալ, թե բացի իրենցից, էլի հայ կա՞, թե՞ ոչ):
Ինքս մեծ մարզասեր չեմ, ֆուտբոլ խաղալ չգիտեմ, բայց այգում զբոսնելիս լսեցի հայկական բղավոց: Ձայները բերեցին դեպի բացօթյա խաղահրապարակ, որտեղ 20-40 տարեկան հայերը ֆուտբոլ էին խաղում: Խաղը մինչեւ վերջ նայելուց հետո ծանոթացա նրանց հետ:
Պարզվեց, հավաքվում են շաբաթը մեկ անգամ: Հիմնականում ընկերներով: Ֆուտբոլից հետո գնում ենք գարեջրատուն` իմ առաջարկով: Ես գարեջուր եմ խմում, նրանք` հանքային ջուր: «Ֆուտբոլիստները» հիմնականում ամերիկյան միջին խավի ներկայացուցիչներ էին` փայլուն կրթությամբ եւ խոստումնալից կարիերայով: Խնդրեցին անունները չհրապարակել:
Զրուցում ենք «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասին: Պարզվեց, նրանք բոլորը հետեւում են հայաստանյան իրադարձություններին, ինտերնետով ընթերցում են ամեն ինչ: Նրանց կարծիքով, պատահական չէ, որ լրագրողները նկատել էին համաժողովի ընթացքում քնած մասնակիցների: Նրանք հիմնականում ամերիկահայերն էին, որոնք հասկանալի պատճառով էին քնած` ժամանակային գոտու տարբերությունը: Այդ պատճառով համաժողովի կազմակերպիչները, հատկապես` ամերիկահայերին, պետք է մի քանի օր առաջ հրավիրեին` արդյունավետ մասնակցություն ունենալու համար:
Որոշ ամերիկահայերի կարծիքով, եկել է, գուցե որոշ առումով` նաեւ ուշացել է այն պահը, երբ պետք է իմաստավորվի Սփյուռքի գոյությունը. ի՞նչ է ակնկալում Հայաստանը սփյուռքահայերից կամ ի՞նչ կարող է տալ Սփյուռքը հայրենիքին: Զրուցակիցներիս (որոնք տարբեր ոլորտների մասնագետներ են) կարծիքով, այժմ սփյուռքահայերի մասնակցությունը մարդասիրական օգնության տեսքով է կամ անշարժ գույքի ձեռքբերումով: Մինչդեռ Սփյուռքը, առաջին հերթին, ոչ թե այդ օգնությունն է, այլ մարդիկ են: Ամբողջ Ամերիկայով կարելի է գտնել ցանկացած ոլորտի փայլուն հայ մասնագետների, որոնք պատրաստ են իրենց փորձը փոխանցել հայրենակիցներին: Նրանք տեղյակ են ամերիկյան իրականությանը եւ գիտեն Հայաստանը: Նրանք կարող են հայրենիք բերել «հաջողության բանաձեւը»: Սփյուռքը մարդկային անգնահատելի ռեսուրս է, որի կարիքն առայժմ ոչ ոք չի զգում:
Այսօր ի՞նչ է պետք Հայաստանին: Այս հարցին պատասխանելիս «չգնահատված ռեսուրսը» ժպտում է: Բայցեւայնպես պատասխանում են, որ դա նախեւառաջ մի ամբողջ պետության քաղաքականություն է: Թվարկելով առաջնային խնդիրները, ասում են, որ այժմ մեր երկիրը պետք է էներգետիկ ոլորտում չդադարեցնի եւ արդեն նոր միջուկային ռեակտորի շինարարությունը ծրագրի, ամեն գնով եւ Սփյուռքի օգնությամբ արբանյակ ձեռք բերի՝ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու համար եւ արմատապես վերանայի երեք ոլորտ` առողջապահական, կրթական եւ սոցիալական: Այս ամենի հետ մեկտեղ արդեն կձեւավորվի այն սոցիումը, որը կկարողանա Հայաստանն ուղղակի «քաշել-հանել» ճահճից: Այդ ժամանակ էլ կսկսեն ձեւավորվել նոր սերնդի քաղաքական գործիչները եւ հանրային նոր մտածողությունը: Այդպիսով կձեւավորվի «հանրային» հասարակություն եւ ոչ թե հետմոդեռնիստական նեոֆեոդալական հասարակարգ:
Իսկ մինչ այդ ամերիկահայ պրոֆեսիոնալները կանխատեսում են, որ 2007 թվականից կարող է սկսվել զանգվածային նոր արտագաղթ: Բարեփոխումների դանդաղումը, ոչ զանգվածային տնտեսական աճը, գյուղերի չքավորությունը եւ առանց ընտրության համապետական ընտրությունները դեպի Ամերիկա եւ Եվրոպա կուղղեն մարդկային նոր զանգվածների: