«Անցյալ տարի գարնանը նամակ գրեցի պարոն Քոչարյանին, որ մեր վիճակը շատ ծանր է, զոհված ազատամարտիկի դուստր եմ, հաշմանդամ երեխա ունեմ: Խնդրել էի կամ գումարով օգնել, կամ աշխատանքիս հարցը լուծել: Երկու ամիս առաջ նամակիս պատասխանը եկավ, որտեղ ասվում էր, որ աշխատանքի հարցը լուծել չեն կարող, սակայն կարող են որոշակի օգնություն տրամադրել»,- ասում է 27 տարեկան Լիլիթ Խաչատուրովը, որի հայրը` Սուրեն Խաչատուրովը, 1992թ. Լաչինի պատերազմական դեպքերից հետո անհայտ կորածների շարքին է դասվել:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված դիմում-նամակից հետո Լիլիթին կանչում են Էրեբունու թաղապետարան (նա իր գրանցման վայրի` Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոն-27 հասցեով է դիմել, բայց ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Շենգավիթ համայնքին պատկանող Արշակունյաց 54/2 հասցեում), եւ զեղջ գներով առաջարկում են օգտագործված փափուկ կահույք: Այդ բազմոցներն արդեն «զարդարում» էին նրանց աղքատիկ բնակարանի միակ կոկիկ անկյուն-հյուրասենյակը: «Բազմոցի կողքերը ջարդված են, բայց ասացի` ոչինչ, բերեցի տուն: Նպաստը ստացա, վճարեցի առաջարկվող փողը»,- պատմում է Լիլիթը, որն այդ օգտագործված, բայց ոչ հնամաշ կահույքի «դուրսգրման» համար թաղապետարանում 10 հազար դրամ էր վճարել:
Լիլիթը պատմում է, որ ամուսնու հետ ծանոթացել է միջնորդների օգնությամբ, եւ միայն համատեղ կյանքի ընթացքում է հայտնաբերել, որ վերջինս մտավոր թերություն ունի: Նա հիմա երկու տղա ունի, ավագը` 10 տարեկան Գեւորգը, նույնպես մտավոր հետամնաց է, հաճախում է Զեյթունի թիվ 8 հատուկ դպրոցը: «Գեւորգի հաշմանդամության համար 5000 դրամ թոշակ ենք ստանում, տղաս մեր տան միակ եկամուտն է՝ 15 հազար դրամ նպաստի հետ միասին»,- անկեղծանում է Լիլիթը: Նրա փոքր տղան` երկու տարին չբոլորած Գոռը, որը ոչ մի պայմանով մոր գրկից չէր իջնում, նույնպես առողջական նկատելի խնդիրներ ունի. փոքրիկը խզզոցով ու հեւոցով էր շնչում եւ անընդմեջ ջղագրգիռ շարժումներ էր անում: Լիլիթի մայրը, որը մեր այցելության ժամանակ գտնվում էր աղջկա տանը, առաջարկեց շրջել երկսենյականոց բնակարանում` նրանց կենցաղային պայմաններին մոտիկից ծանոթանալու համար: Խրուշչովյան շենքի այդ խարխուլ բնակարանի ննջասենյակում հին ու անպետք իրերի կույտեր էին, խոհանոցն ու լոգարանն այնքան անմխիթար վիճակում էր, որ «կոմունալկա» էր հիշեցնում: Խոհանոցում շրջելիս Լիլիթը նշեց, թե այսօր «Փարոս»-ից լոբի ու ձեթ են ստացել: Նա «աղքատության հաղթահարման ռազմավարական ուղի» ընտրած երկրի այս «փշրանքներից» էլ է գոհ: Լիլիթը սկեսրոջ` տիկին Մանուշակի հետ է ապրում, որը փողոցում արեւածաղիկ վաճառելով` ջանում է իր հաշմանդամ տղայի ընտանիքին օգտակար լինել: «Մի քիչ էլ ալոճ եմ հետը դնում, մինչեւ 500 դրամի հասնում է, էդ էլ հաց ենք առնում, մինչեւ գալիս եմ տուն հասնում, փողը վերջանում է: Դատարկ ձեռքով տուն գալ չի լինում, երեխեք են, մի հատ կանֆետ, պեչենի պիտի պարտադիր բերես»,- սրտնեղում է տիկին Մանուշակը: Նա պատմում է նաեւ, որ իր ամուսինը քաղցկեղից մեկ տարի առաջ մահացել է, որի թաղման համար վերցրած 300 դոլարի պարտքը դեռեւս չեն կարողանում տալ: «Էս նվիրատվությունը որ տեսնում են, պարտքատերերը խեղդում են, պարտքերը չորս կողմից ուզում են, մտածում են` արդեն բարվոք վիճակում ենք»,- նորից սրտնեղում է տիկին Մանուշակը: Նա այս պահին առավել անհանգստացած էր իր հարսի` Լիլիթի համար, որովհետեւ ասում է, որ նրա մոտ որովայնի հատվածում հաճախակի կրկնվող սուր ցավեր են լինում, որից կծկվում-ընկնում է գետնին: Բժշկական եզրակացության համաձայն, Լիլիթին նշանակվել է կանացի օրգանների վիրահատություն, ինչն օրվա հացի խնդիր լուծող ընտանիքի համար անհասանելի եւ թանկ «հաճույք» է:
«Զոհված ազատամարտիկների շատ կանայք, դուստրեր, ովքեր մեջք, թիկունք ունեին, բնակարանով էլ ապահովվեցին, շատ արտոնություններից էլ օգտվեցին, որովհետեւ կորցրել էին իրենց կերակրողին: Իսկ մեր նմաններն էլ, որ չունեին պաշտոնյա բարեկամ, որ իրենց համար պիտի զանգեր ու բարեխոսեր, ասեր՝ զոհվածի կին է, դուստր է՝ մնացին անտեսված: Մերն էլ է նույն փաստաթուղթը, նրանցն էլ: Մեկինն անցնում է, մյուսինը` ոչ: Արտասահմանում այսպիսի կարգավիճակ ունեցողները հատուկ խանութներից օգտվում են` էժան, բայց պիտակներով հագուստ են գնում: Իսկ մեզ իբրեւ օգնում են, մահացածի, հիվանդի քանի տարվա հագած շորեր են բերում-տալիս: Մեզ էլ ասում են` ընտրեք, հագեք: Այդ մարդասիրական օգնություններից ինչ վարակ ասես չի գալիս Հայաստան: Հիշում եմ, տարիներ առաջ շորեր ստացանք, զուգագուլպաներից ոտքերս վերքոտեցին, մի անգամ էլ փայտոջիլներ էին տուն լցվել: Շատ վիրավորական է: Բա մեր ղեկավարությունը չի՞ ասում, որ իր ազգից են գնացել-զոհվել: Էս երկրի համար մարդիկ գնացել են զոհվել, ասում են` շաբլոն եք դարձրել, հա, կռվել` կռվել են, մեզանից ի՞նչ եք ուզում: Մեզ մուրացկանների տեղ են դրել: Գոնե օրենքներ ստեղծեն, արտոնություններ տան, ոնց որ սովետական տարիներին էր: Հիմա էլ չեն ուզում անգամ լսել: Հենց մեծ միջոցառումներ են կազմակերպում, իրենց ծախսերը շատացնում են, ժողովրդի ջանից են հանում: Չգիտես՝ էս աղքատ երկրում ի՞նչ հաշվարկներով են նպաստառուների թիվը կրճատում: Կրճատում են ու կրճատում: Ամեն էրեխուն հազար դրամ էլ չի հասնում: Էս երեխեքը մինչ օրս ուրիշների հագած շորերն են հագնում, էդ էլ չի հերիքում: Գոնե աշխատանք լինի, գնան աշխատեն: Ամուսինն աշխատող է, բայց ուր գնում է՝ մի տեղը վնասած գալիս է»,- աղջկա սոցիալական ծանր վիճակը տեսնելով` ասում է Լիլիթի մայրը՝ զոհված ազատամարտիկի կինը, որն անսահման զղջում էր, որ իր ամուսինն այս անարդար երկրում գնացել կռվել ու անհայտ կորել է: