Ավելի քան մեկ տասնամյակ է անցել, ինչ փախստականները Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից բռնի տեղահանվել են եւ այսօր վերջապես իրենց վրանները փոխարինում են տներով՝ բախվելով նոր խնդիրների:
Ադրբեջանի կառավարությունն ավարտին է հասցնում հազարավոր փախստականների եւ բռնի տեղահանվածների` վրանային ճամբարներից վերաբնակեցումը նոր կառուցված ավաններում: Սակայն տուն ստացածներից շատերը գտնում են, որ նոր պայմաններն անտանելի են:
Փախստականների եւ բռնի տեղահանվածների համար Աղդամի շրջանում հատուկ կառուցված Ալիբեյլի-1 եւ Ալիբեյլի-2 ավանները հեռվից միանգամայն բարեկեցիկ են թվում` վարդագույն ներկված տներով եւ ճանապարհի երկայնքով շարքով ձգվող լապտերասյուներով: Առաջին տպավորությունը, սակայն, խաբուսիկ է: Պարզվում է՝ տեղի բնակիչները դժգոհելու քիչ պատճառներ չունեն: Մեկը բողոքում է խոնավ պատերից, մյուսը` թափվող ծեփից, երրորդը՝ չներկված հատակից ու առաստաղից: Եվ ամբողջ ավանում ոչ մի հատ ծառ չկա: 1990-ականներին Ադրբեջանը փախստականների թվով աշխարհում առաջին տեղերից մեկն էր գրավում: Այստեղ բնակվում էին 1,5 մլն-ից ավելի բռնի տեղահանված` ղարաբաղյան հակամարտության զոհերը, եւ ավելի քան 200.000 ադրբեջանցի, որ ավելի վաղ այստեղ էին տեղափոխվել Խորհրդային Հայաստանից: Հիմա աստիճանաբար փակվում են վրանային ճամբարները, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ապրում էին տարիներ շարունակ: 2001թ. նախագահ Հեյդար Ալիեւը որոշում ստորագրեց Ադրբեջանի Պետական նավթային ֆոնդից 359 մլրդ մանաթ (այն ժամանակ` մոտ 81 մլն դոլար) տրամադրելու մասին` փախստականների եւ բռնի տեղահանվածների համար բնակարաններ կառուցելու նպատակով: Ֆոնդի պաշտոնական տվյալներով` 2001թ. սկսած այդ նպատակներին ուղղվել է ավելի քան 900 մլրդ մանաթ (200 մլն դոլարից ավելի):
Օգոստոսի սկզբին Փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարեց, որ վրանային քաղաքների վերացման ծրագիրն ավարտին կհասնի այս տարվա վերջին: Նրա խոսքերով` կառուցված ավաններում ստեղծված են նորմալ ապրելու համար բոլոր պայմանները: Սակայն, չնայած ֆինանսավորման այդքան տպավորիչ մասշտաբներին, իրենք` փախստականները, գտնում են, որ իրենց վերաբնակեցման ծրագիրը հապճեպ է իրականացվել՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքի:
Ծնունդով աղդամցի Մեխբալի Քերիմովը (Աղդամն այժմ գտնվում է Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ), IWPR-ի հետ զրույցի ժամանակ ասաց. «Այդ ավան (Ալիբեյլի-1) տեղափոխվելիս ես ստիպված վաճառեցի իմ բոլոր անասուններին: Լրիվ անապատի մեջ չորս պատ են սարքել ու մեզ զոռով տեղափոխել այստեղ: Ոչ հող են տալիս, ոչ նյութական օգնություն, ոչ աշխատանք, որ մենք կարողանանք ինքներս մեզ կերակրել»: Մի անգամ Քերիմովը փորձել է բողոքել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին, երբ վերջինս եկել էր փախստականների հարեւան ավան: Սակայն նախագահին մոտենալու փորձի ժամանակ նրան բռնել են նախագահի թիկնապահները եւ փակել ոստիկանության բաժանմունքում, որտեղ պահել են մինչեւ Ալիեւի հեռանալը: Ալիբեյլի-1 ավանի դպրոցի տնօրեն Չաման Մուխտարովը բողոքում է, որ ավանում չկա նորմալ ջրամատակարարում եւ կոյուղի, իսկ դպրոցը սպորտդահլիճ չունի: «Բուժկետ են կառուցել, բայց ոչ ջուր կա այնտեղ, ոչ էլեկտրականություն, ոչ էլ նույնիսկ բժիշկ»,- ասում է ավանի բնակչուհի Սագալատ Հասանովան: -Արդեն մոտ մեկ տարի է, ինչ տեղափոխվել ենք այստեղ, եւ այդ ընթացքում ոչ մի անգամ մեզ բուժօգնություն ցույց չեն տվել: Հղի կանայք ստիպված տանն են ծննդաբերում, նույնիսկ դեղեր չկան, որ նրանց ցավերը թեթեւացնեն»:
Հրադադարի գծին շատ մոտ, որ բաժանում է Ադրբեջանն ու դե ֆակտո Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը, գտնվում է մի ուրիշ նոր ավան` Էրգին: Դեպի այնտեղ տանող ճանապարհը դժվար է հաղթահարել ոչ միայն սովորական ավտոմեքենայով, այլեւ ամենագնացով: Այստեղ հեռախոս չկա, եւ տպավորություն է ստեղծվում, թե լրիվ կտրված ես արտաքին աշխարհից: Փողոցներում ծորակներ կան` մեկ ծորակ յուրաքանչյուր 4 տան համար, եւ տեղի բնակիչները ստիպված են ժամերով ջրի հերթ կանգնել: Ավանի դպրոցը լուրջ վերանորոգման կարիք ունի, թեեւ այն կառուցվել է ընդամենը 4 տարի առաջ: Բուժկետի բակում մոլախոտ է աճել, եւ նայելով այդ փարթամ բուսականությանը` դժվար է պատկերացնել, որ այստեղ երբեւէ հիվանդներ կամ բժիշկներ են լինում:
Էրգիի բնակիչ Ջամիլ Իսկանդերովն ասում է. «Այո, մեզ միանվագ նյութական օգնություն են տրամադրել հողը մշակելու համար: Բայց մեզ առաջարկվող հողերի մեծ մասը ռազմաճակատի գծի մոտ է, իսկ այնտեղ ջուր չկա: Այդ պատճառով ավանի բնակիչները չեն կարողանում հողը մշակել»:
Փախստականների հարցերով զբաղվող կոմիտեն վառ գույներով է նկարագրում նոր կառուցված ավաններում փախստականների կյանքը: Սակայն ոչ կառավարական «Խիմայադար» մարդասիրական կազմակերպության ղեկավար Խիմայատ Ռիզվանգիզիի խոսքերով` պաշտոնական տվյալները չեն արտացոլում ավաններում տիրող իրական իրավիճակը: Նա ասում է, որ նոր տներն այնքան խիտ են բնակեցված, որ տարբեր սեռերի անձանց ստիպված տեղավորում են նույն սենյակում:
Ինչպես հայտնում է Ռիզվանգիզին, ծրագրով նախատեսված 17 ավաններից այսօր կառուցված եւ բնակեցված է միայն 7-ը, եւ դրանցից ոչ մեկում չկա ոչ կոյուղի, ոչ հեռախոս: Վեց դպրոցներից ընդամենը մեկում սպորտդահլիճ կա, եւ ընդամենը մեկում` համակարգչային դասարան:
Փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտեի պաշտոնական հաշվետվություններում նշվում է, որ ավաններում ասֆալտապատված է 195 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Սակայն «Խիմայադար»-ը հերքում է այդ տվյալները՝ պնդելով, որ 7 ավաններից 4-ում ընդհանրապես ճանապարհ չկա, իսկ մնացած 3-ում ասֆալտապատված են միայն կենտրոնական փողոցները: Կոմիտեն ասում է, որ ավաններում 13 բաղնիք կա, «Խամայադարն» այլ թիվ է նշում` ընդամենը 5: Մեկնաբանություն ստանալու համար IWPR-ը դիմեց Սատան Հուսեինովին, որը ղեկավարում է Փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտեի միջազգային կապերի եւ ինֆորմացիայի բաժինը: Հուսեինովը հայտարարեց, որ կոմիտեն պատասխանատվություն չի կրում շինարարության որակի համար, եւ բոլոր հարցերը վերահասցեագրեց կառավարությանն առընթեր Բռնի տեղահանվածների սոցիալական զարգացման ֆոնդին: Ֆոնդի նախագահ Արիֆ Ալիեւը, որի ենթակայության տակ են գտնվում շինարարության հարցերը, խոստովանեց, որ փախստականների համար կառուցված նոր տներում «որոշ աննշան թերություններ» կան: «Օրինակ,- ասաց նա,- բոլոր լոգասենյակները կառուցված են համաձայն նախագծի, սակայն մի քանիսում ծորակներ չկան»: Ալիեւը հայտնեց, որ շինարարական աշխատանքների տենդեր է անցկացվել, եւ նախապատվությունը տրվել է այն ընկերությանը, որն իր ծառայությունների դիմաց նվազագույն գին է առաջարկել: «Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք: Ադրբեջանի ներկայիս պայմաններում ավելին անելը պարզապես անհնարին էր»,- ասաց նա: Սակայն տեղահանվածները կարծում են, որ կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իրենց կենսապայմաններն ինչ-որ կերպ բարելավելու համար:
Այարդ ավանի բնակչուհի Ռաֆիգա Գուլիեւան դժգոհում է, որ իր տան պատերը խոնավ են եւ ճաքճքած, իսկ պատուհանները շրջանակներից դուրս են գալիս:
Տեղահանվածների հետ պայմանագրի համաձայն` վերանորոգման բոլոր աշխատանքները եւ ավանների բարեկարգումը Փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտեի պարտավորությունների մեջ է մտնում: Սակայն, ինչպես պնդում է Գուլիեւան, օգնության բոլոր խնդրանքներն անպատասխան են մնում:
Նույն պայմանագրում ասվում է, որ այժմ Հայաստանի ենթակայության տակ գտնվող տարածքների ազատագրումից եւ փախստականների` հարազատ վայրերը վերադարձից հետո այդ տները պետք է վերադարձվեն կոմիտեին այն վիճակով, ինչ վիճակով շահագործման են հանձնվել: «Դուրս է գալիս, որ եթե իմ տունը քանդվի, ես իմ հաշվին պետք է նոր տուն կառուցեմ կոմիտեի համար»: Տեղահանվածները դժգոհում են նաեւ հասարակական տրանսպորտից եւ այն բանից, որ ավաններում չի կատարվում աղբահանություն:
Անկախ տնտեսագետ Ալլահյար Մուրադովը գտնում է, որ այն տեղերում, որտեղ չի հաջողվում տեղահանվածներին հողով ապահովել, կառավարությունը պետք է զբաղվածության խնդրի լուծման այլ ուղիներ որոնի: «Ամեն ամիս կոմիտեն միլիարդավոր մանաթներ է դուրս գրում ավանների կոմունալ սպասարկումն ապահովելու նպատակով: Ո՞վ է հետեւում, թե ուր են գնում այդ միջոցները»,- հարցնում է նա:
Շախլա ԱԲՈՒՍԱՏՏԱՐ, անկախ լրագրող, Աղդամի եւ Բարդայի շրջաններ, Բաքու (IWPR, N357, 15 սեպտեմբերի, 2006թ.)