Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում ու ելույթներ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում, Կոմիտասի երգերի ձայնագրումը նախաձեռնել էր դեռ 15 տարի առաջ. «Իմ առաջին իսկ քայլերից որոշել էի, որ եթե ձայնագրություն պիտի անեմ, ապա անպայման Կոմիտասը կլինի: Եվ ահա իմ երազանքն իրականացավ»: Ինչպես ասաց երգչուհու ամուսինը` Ավստրիայի պետական թատրոնի եւ Մյունխենի օպերային թատրոնի դրամատուրգ Կոնրադ Քուհնը` հիմա շատ բարդ է գտնել ձայնագրման ստուդիա, որը կհանդգնի նման նախագիծ իրականացնել: «Ձայնագրման ստուդիաները հիմա անկում են ապրում: Որպես գերմանացի` ես շատ հպարտ եմ, որ արտասահմանում առաջին հերթին Կոմիտաս պիտի լսեն»,- հիանալի հայերենով ասաց նա: Բավարական ռադիոն եւ գերմանական «Աուդիտե» հրատարակչությունը թողարկեցին այս ծավալուն, ոսկետառ գիրք-խտասալիկը (բարձրորակ հնչողություն ունեցող սուպեր աուդիո կոմպակտ դիսկը), որը պետք է ամբողջ աշխարհով մեկ տարածվի: Վաճառքն իրականացվելու է նաեւ ինտերնետային կայքի միջոցով, իսկ Հայաստանում այն արդեն վաճառվում է: Սկավառակին կցված 72 էջանոց գրքից ունկնդիրը կարող է ծանոթանալ մեծն Կոմիտասի կյանքի դրվագներին եւ երգերի բառերին, որոնք թարգմանվել են անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներով: «Կոմիտասը բոլորի վրա մեծ ներգործություն ունի, սակայն հիմա ունկնդիրները կարող են առաջին անգամ պատմության մեջ ծանոթանալ նաեւ երգերի տեքստերին: Երբ եվրոպացիները հասկանան, թե ինչի՞ մասին է երգում, ուրեմն կհասկանան նաեւ մեր պատմությունը»,- ասաց Հ. Պապյանը, ով աշխատել է Կոմիտասի լավատեսական ու պայծառ երաժշտությունը մատուցել առանց լացակումած ու ստերեոտիպային` տառապանքով լեցուն երանգների: Երգչուհին ցանկանում է նաեւ հրատարակել Կոմիտասի երգերի ու մշակումների նոտաների ժողովածուն: «Նվիրում Կոմիտասին» խտասալիկի թողարկումը երկար ժամանակ է պահանջել նաեւ այն պատճառով, որ հարկ է եղել Երեւանի Չարենցի անվան գրականության թանգարանում պահվող Կոմիտասի ձեռագրերը լրջագույն վերծանման ենթարկել: ՀՀ Մշակույթի նախարարությունը թույլ է տվել այդ ձեռագրերը Գերմանիա տեղափոխել եւ համակարգչային ուսումնասիրություններ եւ վերծանում իրականացնել: «Առանց հատուկ մշակման ու վերծանման նոտաները հնարավոր չէր օգտագործել, քանի որ դրանք անընթեռնելի էին»,- ասաց Հ. Պապյանը:
Ընդ որում, խտասալիկում, բացի 26 հայերեն երգերից, տեղ են գտել նաեւ 9 ստեղծագործություններ, որոնք Կոմիտասը գրել է Բեռլինում ուսանելու տարիներին՝ գերմանացի բանաստեղծների տեքստերի հիման վրա:
Երգերի ձայնագրություններն իրականացվել են Ֆրանսիայում ապրող հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի երաժշտական ուղեկցությամբ: Անցյալ տարի Հ. Պապյանն ու Վ. Մամիկոնյանը երեւանցիներին ներկայացրել էին Կոմիտասյան երգերի իրենց մեկնաբանությունը: Շուտով նման համերգ տեղի կունենա նաեւ Ֆրանսիայում` Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: «Մարտ ամսին մենք Փարիզում համերգ կունենանք, որի ընթացքում միայն հայկական երգեր կկատարենք»,- ասաց Հ. Պապյանը: Ողջ աշխարհում հայտնի երկու հայ երիտասարդ կատարողների այս աշխատանքը բացառիկ է: Եվ Հասմիկ Պապյանը, եւ Վարդան Մամիկոնյանը բարձրաճաշակ, նուրբ ու Եվրոպայում հղկված վարպետներ են, որոնք զգում են ակունքների վերադառնալու ու դրանք նորովի ներկայացնելու պահանջը: Ըստ Հ. Պապյանի` այս գիրք-խտասալիկը առաջին հերթին եվրոպացիներին է ուղղված, քանի որ Կոմիտասը գրեթե հայտնի չէ արտասահմանցի ունկնդիրներին: Իսկ նրա երգերը լսելուց հետո անպայման կծնվի զարմանալու, հիանալու, հպարտանալու ու շնորհակալ լինելու ցանկությունը;
Հ. Գ. Խտասալիկի շնորհանդեսին ներկա էր ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանը, ով հիացմունքի խոսքեր ասաց Հասմիկ Պապյանի «նաիրյան գեղեցկության» ու «նաիրյան տիպարի» մասին եւ Կոմիտասի անվան հետ կապված մի շատ հետաքրքիր դրվագ պատմեց: Երբ ամերիկյան Դետրոյտ քաղաքը մեծանուն քանդակագործ Արտո Չաքմաքչյանին քաղաքի կենտրոնական հրապարակում` արձան տեղադրելու պատվեր արեց, հայազգի քանդակագործը որոշեց պատկերել Կոմիտասին: Այդ հրապարակը քաղաքի բնակիչների զբոսանքի սիրելի վայրն է, իսկ Կոմիտասի բրոնզաձույլ, սեւ արձանը դարձել է այդ հրապարակի անբաժան մասը: Երբ տարիներ անց Ա. Չաքմաքչյանը կրկին այցելել է Դետրոյտ, նա զարմանքով տեսել է, որ սեւամորթ մի քանի երեխաներ են խաղում այդ հրապարակում, իսկ ծնողները նրանց «Կոմայտաս» են անվանում: Երբ քանդակագործը հարցրել է` դա ի՞նչ անուն է, սեւամորթները պատասխանել են. «Լավ չգիտենք` ո՞վ է Կոմայտասը, բայց մեր հրապարակում այդ հռչակավոր սեւամորթի արձանն է կանգնած: Մենք էլ որոշեցինք մեր երեխաներին Կոմայտաս անվանել, երեւի նա շատ հայտնի է եղել»: Այդպիսի անսպասելի ու տարօրինակ հետք է թողել հայ կոմպոզիտորը Դետրոյտի մի քանի սեւամորթ երեխաների ճակատագրում: