Օրերս մեզ պատմեցին Երեւանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժնում
պատահած մի դեպքի մասին, երբ 9-ամսյա հղիությամբ մի կնոջ ծննդաբերության
ընթացքում կնոջ հեշտոցից դուրս է եկել օծանելիքի՝ դեզոդորի կափարիչ:
Փորձեցինք հետաքրքրվել այս տարօրինակ դեպքի մասին, պարզվեց, որ նմանօրինակ
դեպքերը գինեկոլոգիական պրակտիկայում հազվադեպ չեն:
Հայ տղամարդկանց մի մասը բնազդաբար է գործում անկողնում, մյուս մասն էլ
վախենում է կանանց շատ գրգռել՝ մտածելով, որ հետո չեն կարողանա բավարարել:
Այդպես էլ հաճախ լինում է, կինը դեռ չգրգռված, տղամարդն ավարտում է… Իսկ
կնոջ սեռական անբավարարվածությունը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ:
Սկսվում են տնային անախորժությունները՝ վատ պատրաստած ճաշը կամ ամուսնու
շալվարն արդուկելուց, գուլպաները լվանալուց հրաժարվելը, կամ տրամադրության
կտրուկ անկումը դրա վառ դրսեւորումներից են: Բայց դա ոչ թե յուրօրինակ
վրիժառություն է, այլ ենթագիտակցական քայլ: Ֆիզիոլոգիական տեսակետից
սեռական անբավարարվածությունը եւս վտանգավոր է: Եթե կանանց մոտ չի
լիցքաթափվում սեռական էներգիան, դրա հետեւանքով կարող է առաջանալ արյան
կուտակում փոքր կոնքում, որն էլ հող է հանդիսանում բորբոքային պրոցեսների
համար: Այս ամենի պատճառն, ըստ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի
դոցենտ Գեորգի Պողոսյանի, սեռական կյանքի մասին համատարած
անգրագիտությունն է, սեռական դաստիարակության բացակայությունը: «Ես կոչ
չեմ անում Եվրոպայի օրենքներին, որտեղ պարզապես այլասերություններ են տեղի
ունենում եւ չափից դուրս ազատ են: Բայց կան բաներ, որոնք պետք է բացատրել
մարդկանց: Երբեմն ամուսնական զույգեր են դիմում, որոնք նույնիսկ չեն
կարողանում ապրել սեռական կյանքով՝ չի ստացվում: Ոչ թե, որովհետեւ նրանք
հիվանդ են, այլ զուտ հոգեբանական պատճառներով: Մի զույգ էր եկել, մեկ տարի
է, ինչ ամուսնացած էին, բայց «կինը» դեռ կույս էր: Եկել էին
արհեստականորեն կուսությունից զրկելու»:
Մեր երկրում աղջիկները խիստ պահպանողական են դաստիարակվում, ինչը նրանց
մեջ վախ է առաջացնում սեռական կյանքի նկատմամբ: Տղամարդը, նկատելով կնոջ
վախը ու վախենալով ցավ պատճառել սիրած էակին, ընկճվում-բարդույթավորվում
է: Իսկ դա ժամանակի ընթացքում ռեֆլեքս է դառնում: Կարեւոր են նաեւ
բնակարանային պայմանները: Եթե ամուսնական զույգի ննջարանը գտնվում է
ծնողների սենյակին կից, դա եւս անդրադառնում է նրանց սեքսուալ կյանքի վրա:
Չռեալիզացված սեռական ցանկությունները նաեւ պատճառ են դառնում մեկ այլ
երեւույթի՝ ինքնաբավարարման (մաստուրբացիայի): Այս երեւույթը վտանգավոր է
նախ նրանով, որ մարդը կարող է ֆիզիկապես ինքն իրեն վնասել: Պատռվածքները,
լորձաթաղանթի վնասումը, ինֆեկցիայի թափանցումը ամենահաճախ հանդիպող
բարդություններն են: Տարիների փորձ ունեցող գինեկոլոգի պրակտիկայում
կուտակվում է արտասովոր դեպքերի զարմանալի հավաքածու: Կնոջ մարմնից
գինեկոլոգի օգնությամբ կարող են դուրս բերվել վարունգ, սմբուկ, բիլիարդի
գնդակ եւ նույնիսկ մակարոնային փափուկ զանգվածով լցված կապրոնե գուլպա…
Իսկ օրինակ, մի արվամոլի համապատասխան վայրից գտնվել է էլեկտրական լամպ
(չվառվող): Երեւակայության ինչպիսի թռիչք… Իրականում, բոլոր այն
հարմարանքները, սեքս պարագաները, որոնք առավելապես արեւմտյան բժշկության
«հայտնագործություններ» են՝ փչովի տիկնիկներն ու վիբրատորները, որոնք
հիգիենիկ տեսակետից պետք է որ ավելի անվտանգ լինեն, հոգեբանական առումով
նույնպես աղետալի են: «Եթե մարդը զբաղվում է մաստուրբացիայով, լինի դա
վիբրատորի օգնությամբ, թե փչվող տիկնիկի, նրա մոտ ստեղծվում է իդեալական
կնոջ կամ իդեալական տղամարդու պատկեր, որը ենթարկվում է ցանկացած իր
պահանջին՝ ցանկալի դիրքով պառկում է, անտեղի չի խոսում կամ ծիծաղում,-
պարզաբանում է բժիշկ Գ. Պողոսյանը: -Այդ մոդելը ստեղծելուց հետո կյանքի
դաժան իրականությանը հանդիպելիս, մարդը շուտ հիասթափվում է, կոտրվում:
Ընդհանրապես, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայից եկած ամեն մի
բան ստեղծված է նրա համար, որպեսզի քիչ մարդիկ ծնվեն՝ միասեռ
ամուսնություններ, պեդերաստիայի տարածում, վիբրատորներն ու տիկնիկները,
հակաբեղմնավորիչ մեթոդները, որոնց 90%-ին ես դեմ եմ: Եթե խոսքը գնար,
ասենք, այնպիսի մեծ ազգերի մասին, ինչպիսին ռուսներն են կամ
ամերիկացիները, ես կհասկանայի: Բայց մեզ նման փոքր ազգը դրա իրավունքն
ունի՞»:
Հ.Գ. Տարիներ առաջ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում բացվել էր սեքս
պարագաների առաջին խանութը (sex-shop): Խանութում վաճառվում էին տարբեր
պարագաներ՝ փչովի տիկնիկից (որը հետո հաճախորդներից մեկը ծակել-փչացրել է՝
հայի վատություն) մինչեւ գրգռիչ խմելու հեղուկներ՝ ինվերմաներ: Խանութը իր
գոյության կարճատեւ ընթացքում ունեցավ բազում հաճախորդներ, որոնց մի մասը
հաճախում էր որպես էկզոտիկ դիտարժան վայր: Իսկ շատ գնորդներ՝ չինովնիկներ
կամ իրենց տիկինները՝ անհանգստանալով, որ քաղաքը փոքր է եւ իրենց կարող են
ճանաչել, «ապրանքի» հետեւից ուղարկում էին իրենց վարորդներին՝ մինչ այդ
պատվերը կատարելով հեռախոսազանգով: Մարդկանց անգրագիտության պատճառով՝
հաճախ վտանգավոր դեպքեր էին պատահում: Ինչպես օրինակ, երբ մի տղամարդ
խանութին հարակից ռեստորան իր ընկերուհուն էր հրավիրել՝ գնելով գրգռիչ մի
հեղուկ՝ փորձելով գայթակղելու իր գործը հեշտացնել: Առանց ընթերցելու
հեղուկի վրա նշված օգտագործման կարգը, կես սրվակը դատարկել էր կնոջ
ալկոհոլային խմիչքի մեջ: Արդյունքում, կինը վատացել էր եւ, շնչահեղձ
լինելով, իրեն դուրս նետել ռեստորանից: