Նապոլեոնից` մինչեւ նորաձեւության աքսեսուարները

06/10/2006

Հայաստանում մեկնարկեցին Ֆրանսիայի օրերը: Առաջին եւ հնչեղ ակորդը Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպված «Ազնավուրը եւ ընկերները» բացօթյա համերգն էր: Հաջորդ միջոցառումները տեղի ունեցան Ազգային պատկերասրահում, որտեղ միանգամից մի քանի թեմատիկ ցուցադրումներ բացվեցին: Առաջին թեման Նապոլեոնն է: Լուվրից Հայաստան է բերվել ռոմանտիզմի խոշորագույն վարպետ, գեղանկարիչ Անտուան Գրոյի «Բոնապարտը Արկոլի կամրջի վրա» կտավը, որտեղ Նապոլեոնը պատկերված է շրջադարձային, պաթոսային իրավիճակում: Նապոլեոնի հերոսացման առասպելը հենց այստեղ` Արկոլի կամրջում է սկսվել, երբ նա` 27-ամյա զորավարը` դրոշը ձեռքին, ուղղորդել է իր փոքր-ինչ ընկճված զորքին եւ շոշափելի հաղթանակ տարել ավստրիական զորքի նկատմամբ: Նապոլեոնյան դարաշրջանն ու մթնոլորտը պատկերացնելու համար ցուցադրությունն ընդգրկում է նաեւ Նապոլեոնի նամակները, քանդակները, գրքերն ու նրա մազերի մի փունջը, որը հատուկ ուսումնասիրություն է անցել, որպեսզի հաստատի, որ հենց Նապոլեոնին է պատկանում: Մազափունջը Նապոլեոնի գլխից կտրվել է հենց նրա մահվան օրը` 1821թ. մայիսի 5-ին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին ցուցադրության բացման ժամանակ ասաց, որ Նապոլեոնը շատ սիրելի կերպար է հայերի համար, քանի որ այն ասոցիացվում է հայոց թագավոր Տիգրան Մեծի կերպարի հետ:

Լուվրը հայ հանդիսատեսին ներկայացնում է նաեւ նկարիչ Ժորժ Բրակին, ում բազմաշերտ ու սավառնող գծերով հայտնի արվեստը մեծ ներգործություն է ունեցել 20-րդ դարի գեղանկարչության վրա: Ժորժ Բրակը սիրում է խաղալ գույնի, գծի ու նյութի հետ, նա երկար ճանապարհ է անցել` սկզբում հանդես գալով որպես իմպրեսիոնիստ, հետո` ֆովիստ, հետո էլ` Պիկասոյի հետ համագործակցելով` հարել է կուբիստներին: Բրակի աբստակցիոնիզմը շատ մեղմ ու զգացական է, լի է այլաբանություններով ու դեկորատիվ տարրերով: Երեւանում ներկայացված Բրակի կտավներից շատերում թռչուններ են պատկերված: Այդ պայմանական, ոճավորված սավառնող էակներն իրական թռչուններ չեն, ավելի շուտ թռիչքի գաղափար են, երազանք: Որքան էլ ծանոթ լինես նկարիչների գործերի կրնօրինակներին, միեւնույն է, չես կարող այն տպավորությունը ստանալ, որ փոխանցում է բնօրինակը: Այս ցուցադրությունը մեծ վարպետի գործերին ծանոթանալու հիանալի առիթ է: