7.Այսօր Իրաքյան պատերազմը հանուն ռեսուրսների չէ (նավթ միշտ էլ կարելի է գնել հայտնի բիրժաներում), այլ հանուն գաղափարախոսության, հանուն աշխարհայացքի: Ո՞վ կհաղթի` Արեւե՞լքը, թե՞ Արեւմուտքը: Եվ այստեղ Թուրքիայի ղեկավարությունը մանեւրելու է այս երկու կետերի միջեւ` ցույց տալով իր ճկունությունն ու կեղծավորությունը, սակայն նրանք չեն կարողանալու փոխել ժողովրդի մտածելակերպը: Թուրքիան լավ է տեսնում եւ հասկանում եվրոպական ընտանիք մտնելու շահավետությունը, չէ՞ որ էմիսարների միլիոնավոր ընտանիքներ նա արդեն ուղարկել է ժողովրդագրական առումով թուլացած Եվրոպա: Այդ միլիոնները հավատարիմ կմնան շարիաթի սկզբունքներին, իսկ Եվրոպայի ազատական մարդասիրական օրենքները միշտ կլինեն այդ «ստորացված ու վիրավորված» ու արագ բազմացող թուրքերի կողմը:
8.Այս բոլոր ջանքերը ձեւակերպվել եւ համաձայնեցվել էին Սեւրի դաշնագրում, որը ստորագրվեց 1920թ. օգոստոսի 10-ին: Բացի թուրք ազգայնամոլներից, որոնք դեռ նախագծի ստեղծման ամենասկզբից այն անիրականանալի էին համարում, բավականին շատ առարկություններ կային նաեւ դաշնակիցների կողմից: Եվ այստեղ պատճառներ կային: Ցարական Ռուսաստանը` կարեւորագույն խաղացողներից մեկը, որ պահանջում էր գրեթե Կոստանդնուպոլիսն ու Միջերկրական ծովի կղզիները, 1917թ. դարձավ Խորհրդային, միաժամանակ 180 աստիճանով փոխելով իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Հիմա Խորհրդային Ռուսաստանը նոր Թուրքիայում տեսնում էր բոլշեւիկների խելահեղ գաղափարները, որոնք մտադրվել էին գրավել մուսուլմանական Արեւելքը ոչ թե ուղղափառությամբ, այլ կոմունիստական գաղափարներով: Աթաթուրքը մոսկովյան երազողներին համոզեց, որ հենց Թուրքիան կարող է ողջ Արեւելքում դառնալ այդ գաղափարների ֆլագմանը: Երեւում է` Մուստաֆա Քեմալը շատ լավ էր կարողանում բանակցություններ վարել: Այն ժամանակվա բոլշեւիկյան Ռուսաստանը չէր տեսնում եւ չէր հասկանում խնդրի ողջ բարդությունը, երբ Հայաստանի Առաջին Հանրապետությունը տվեց Աթաթուրքին իբրեւ կաշառք` նրան տրամադրելով հսկայական ֆինանսական միջոցներ, զենք եւ ամենակարեւորը` Արեւմուտքի հետ բանակցություններում աջակցություն: Այն ժամանակ, ինչպես հիմա, երեւում է` Ռուսաստանը զուրկ է կարեւոր բաղադրիչից` Արեւելքի նկատմամբ չունի հասկանալի, պարզ քաղաքականություն` ռազմավարական հեռանկարի տեսանկյունից:
9.Թուրքերը չէին շտապում հաստատել Սեւրի դաշնագիրը, թեեւ Կոստանդնուպոլսում մեծ շուքով նշեցին նրա ստորագրումը: Նրանք ամենասկզբից վստահ էին, որ այդ դաշնագիրը շուտով կվերանայվի, քանի որ ազգայնամոլները վերսկսել էին Հունաստանի հետ պատերազմը: Ֆրանսիան ցավակցում էր Թուրքիային, եւ Ֆրանսիան որոշ դիվիդենտներ ստացավ էվակուացված Կիլիկիայում եւ Մամուրետ էլ Ազիզի, Դիարբեքիրի ու Սվասի վիլայեթներում… Եվ, այնուամենայնիվ, Ֆրանսիան կորցրեց իր բավականին մեծ ազդեցությունն Արեւելքում:
1920թ. վերջին Մոսկվան Հայաստանը խորհրդային հայտարարեց: Սկսվեց Երկրորդ Հանրապետության տարեգրությունը: Իսկ 1921թ. մարտի 16-ի «ռուս-թուրքական» պայմանագիրը (զարմանալի չէ, որ այդ պայմանագիրը Լոզանում ստորագրված Սեւրի հաշտության պայմանագրին նվիրված գրքում, որ լույս է տեսել ԽՍՀՄ-ում 1927թ., կոչվում է ռուս-թուրքական, ոչ թե սովետա-թուրքական) անմիջապես հաստատեց Խորհրդային կառավարությունը (1921թ. մարտի 20-ին), ապա եւ Թուրքիայի Ազգային ժողովը (հուլիսի 22-ին): Այդ պայմանագրով կողմերն ուժը կորցրած ճանաչեցին բոլոր միջազգային համաձայնագրերը, որ առաջարկվել էր նրանց Սեւրի դաշնագրով: Հայաստանը դուրս նետեցին համաձայնագրի համակարգից, ինչպես անպետք, ջարդված խաղալիք: Զարմանալի է այն ժամանակվա Մոսկվայի արագ համաձայնելը` չճանաչել ոչ մի միջազգային ակտ, որ չի ընդունվել Թուրքիայի ազգային կառավարության կողմից: Կոմունիստական Մոսկվան տանուլ տվեց Թուրքիային, քանի որ Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց կապիտուլյացիայի լիակատար եւ ամբողջովին չեղյալ հայտարարումը: Տպավորություն է ստեղծվում, որ Լոզանի խաղաղության համաձայնագրի պայմանավորվածություններն ու ակտերը կազմվում եւ ստորագրվում էին արագ-արագ, առանց հեռանկարները հաշվի առնելու: Այդ ակտերի մեջ շատ են իրավիճակային բաները, ոչ թե խաղաղության ու բարգավաճման ռազմավարական վերլուծությունը:
10.Մերձավորարեւելյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ լայն առումով ողջ աշխարհում հակամարտության մեջ գտնվող երկրների տրանսֆորմացիան Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների ընթացքում այնքան անսպասելի էր եւ հզոր, որ ամենակարեւոր հարցը` նոր պետությունների սահմանները (Օսմանյան Կայսրության փլուզման հետեւանքով), դրանց երաշխիքները, տնտեսական շահերը, հետագա ճակատագիրն այնքան էլ հեռատեսական չեղավ, ինչը մենք այսօր տեսնում ենք Իրաքյան մեծ պատերազմում: Արժեքային համակարգը հենց սկզբից էլ երկարատեւ չէր ու անհեռատես: Եվ որքան էլ տարօրինակ է, Եվրոպան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տանուլ տվեցին այդ պայմանավորվածությունները: Շահեց Թուրքիան: Թեեւ այդ պայմանավորվածություններն իրենց գոյության ողջ ընթացքում հանգեցնում էին եւ հիմա էլ հանգեցնում են մեծ դեֆորմացիաների, որոնք այսօր լուծվում են ի հաշիվ միլիոնավոր մարդկանց կյանքի ու հսկայական նյութական ռեսուրսների… Այստեղից հետեւում է, որ տեղի է ունենում ամենակարեւորը` կորսվում են մերձեցման ու փոխըմբռնման առաջադեմ աշխարհայացքային միտումների թելերը, քանզի կրոնների, ազգերի, երկրների, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ վստահությունն այժմ նվազագույնի է հասել: Այս պատերազմի ընթացքում ինչ-որ մեկն ասել էր, որ այստեղ վստահությունն ավելի քիչ է, քան խմելու ջուրը: Թեեւ տեխնիկական չափանիշներով, տնտեսական փոխազդեցությամբ, մշակութային ինտեգրացիայի առումով մարդկությունը երբեք այսքան բազմակողմանի կապեր չի ունեցել:
Օսմանյան Կայսրության փլուզումից ծնվեցին տարածաշրջանի շատ երկրներ, որոնք, սակայն, որոշակի պահանջներ ունեն մեկը մյուսից: Սա գաղութատիրական երկրների գործուն մեթոդ է` բաժանիր, որ տիրես: Այդպիսին էր նաեւ Առաջին աշխարհամարտի արդյունքը, որի թերություններն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Ի դեպ, Օսմանյան Կայսրության ապագաղութատիրացումից այս կամ այն չափով կարողացան օգտվել բոլոր ազգերը` հայերից բացի…
11.Այսօր, արտաքնապես արդիական դառնալով, Թուրքիան (քանի միլիարդ դոլար է նա կերել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից տնտեսական օգնություն ստանալու այս տասնամյակների ընթացքում` իր դեմքին գոնե փոքր-ինչ կոսմետիկ վերափոխություն անելու համար) ձգտում է հայտնվել Եվրոպայում: Այսպիսով, նա առանց պատերազմելու ուզում է գրավել հին Եվրոպան: Այսպես է մտածում այսօրվա Թուրքիան` ուշադիր եւ տիրոջ աչքով ուսումնասիրելով Գերմանիայի կոկիկ ու կուշտ քաղաքներն ու գյուղերը… Հիմա էլ թուրքերն ուզում են ամբողջ Եվրոպան: Վերջապես եվրոպական երկրները «տեսան» Հայոց ցեղասպանությունը, բայց որպես Թուրքիայի վրա ազդելու կարեւոր լծակ:
12.Այսօրվա Թուրքիան չի ցանկանում հիշել Հայոց ցեղասպանությունը, դեռ ավելին, շրջափակման է ենթարկել այսօրվա Հայաստանը: Սակայն ի՞նչ է փոխվել Թուրքիայի եւ նրա ժողովրդի մտածելակերպի մեջ նրա` որպես հանրապետություն գոյության ողջ ընթացքում: Եվ ի՞նչ է փոխվել այն ցեղասպանության մեջ, որն այժմ սկսում է ճանաչել աշխարհը, թեեւ գրեթե հարյուր տարի է անցել դրանից: