IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր սեպտեմբերի 23-ին՝ Էդիսոն Միրանդայի հետ մենամարտից հետո: Այդ մենամարտում Աբրահամը հաղթանակ տոնեց, սակայն կոտրեց ծնոտը: Գերմանական լրատվամիջոցներին Արթուր Աբրահամը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում: «Վստահ եմ, որ այս վնասվածքն իմ կարիերային չի խանգարի, մի քանի շաբաթից կսկսեմ մարզումներս, ճիշտ է՝ սկզբնական շրջանում դրանք ծանրաբեռնված չեն լինի: Ամենակարեւորն այն է, որ կարողացա պահպանել չեմպիոնական գոտին»,- ըստ գերմանական լրատվամիջոցների` հայտարարել է Արթուր Աբրահամը: Հինգշաբթի օրն Արթուրը մեկնելու է Չիկագո: Գերմանական ARD հեռուստաընկերության դիտողների համար նա ուղիղ եթերում մեկնաբանելու է Նիկոլայ Վալուեւի եւ Մոնտե Բարետի միջեւ կայանալիք մենամարտը: