Շառլ Ազնավուրի համերգն ավարտվեց, սակայն շատերին մի հարց դեռ հանգիստ չի տալիս՝ արդյոք տոմսերը շատ թանկ չէի՞ն։ 40-150 հազար դրամը մարդիկ համարում են ՀՀ բնակչության կենսամակարդակին ոչ համապատասխան բարձր գին։ Սակայն կա հարցի նաեւ մյուս կողմը։ Թանկանոց տեղերի մի զգալի մասը զբաղեցրել էին, այսպես կոչված, «էլիտայի» ներկայացուցիչները։ Իհարկե, «VIP հանդիսատեսներից» շատերին «էլիտա» անվանելը վիճելի հարց է, հո միայն փո՞ղը չէ էլիտայի նշան։ Սակայն այդ նույն «էլիտարները» կարող են շատ հանգիստ 1000 դոլար թողնել որեւէ ռեստորանում՝ «մի կտոր հաց ուտելու» համար, կամ որեւէ խանութում՝ մի զույգ կոշիկի համար։ Սխալ կլինե՞ր, եթե նրանցից գանձեին նույնպիսի «էլիտար» VIP գումարներ՝ 1000 դոլարից սկսած։ Օրինակ, Մադոննայի մոսկովյան համերգի առաջին շարքի տոմսերը ձեռքի վրա վաճառվում էին 2500 դոլարից ավելի գնով։ Կարելի է պնդել, որ ռուսներն ավելի վճարունակ են։ Բայց… նախ, Շառլ Ազնավուրը նույնպես համաշխարհային մեծության աստղ է, երկրորդ՝ համերգը տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության հրապարակում, հանուն որի` փակվել էին գրեթե բոլոր կենտրոնական փողոցները եւ վերջապես, համերգին ներկա էին ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահները։ Այդպիսի բան 1000-ից մեկ է լինում, եւ մեր գործարարներից շատերը «պրեստիժի» համար պատրաստ կլինեին շատ ավելի մեծ գումար վճարել եւ իրենց նյարդերի հաշվին ներկա գտնվել համերգին։ «Նյարդերի հաշվին», որովհետեւ նրանցից շատ-շատերը կգերադասեին այդ ժամանակն անցկացնել սաունայում կամ ռեստորանում՝ լսելով որեւէ ռաբիս երգչի կատարում։ Բայց դե, բացակայությունն էլ «սիրուն չէր նայվի»։ Ի դեպ, տոմսի համար բարձր գումարներ վճարած հանդիսատեսին մասնակի փոխհատուցում էր սպասվում` «Շանել» օծանելիքի տեսքով: