Երգեցիր՝ վճարիր

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կարծես ազգային զվարճանք է դարձել՝ հարկային շիլաշփոթ ենք սարքում, հետո
մտածում՝ ի՞նչ արեցինք եւ ինչպե՞ս ուղղենք։ Այն դաշտում, որը հեղինակային
իրավունքների եւ հեղինակային կատարումների հետ գործ ունի, այնքան
խախտումներ կան եւ օրենքը շրջանցելու շատ տրամաբանական ու հեշտ իրագործելի
կանոններ, որ անհասկանալի է՝ ինչպե՞ս տարբեր վայրերում հեղինակային երգերը
հրապարակային կատարողներից հարկերը հավաքել։ Հարկերը հավաքել կատարման
վայրի՞ց, կատարման տեւողությունի՞ց, թե՞ կատարման որակից: Կամ էլ գուցե
հարկերի չափն անմիջական կախում ունի երգերի քանակից՝ եթե մի համերգի
ժամանակ պլանավորված երկու երգից կատարողը մեկն էլ ավել է երգել, պետք է
ավել էլ վճարի: Հարկային տեսչությունը որոշել է, որ ամենաճիշտը ճակատային
գրոհն է, ի՞նչ կարիք կա ձգձգել, հարկման մեխանիզմը բացատրել, եթե կարելի է
խիստ ու խորհրդավոր ձեւով յուրաքանչյուր երգչի եւ երգչուհու կանչել
համապատասխան գրասենյակ՝ անպայման մեկ առ մեկ ու tet a tet, եւ ասել՝ տվեք
փողերը։ Վերջերս բոլոր կատարողներին՝ անխտիր բոլորին, կամ զանգահարել են,
կամ այցելել։ Երբ երգչուհիներից մեկին, որը պետական գործակալությունում է
աշխատում, զանգահարել են եւ հրավիրել Հարկային վարչություն, նա հարցրել է.
«Ինչի՞ համար պետք է գամ», եւ ստացել է պատասխան. «Մինչեւ չգաք, չենք
ասի»։ Մյուս երգչուհու մոտ, որը ակումբներից մեկում է երգում, եկել են…
Եկել են մի երկար ցուցակ ձեռքներին, որ հանկարծ չկարծի, որ միայն իր մոտ
են գնում։ Ցուցակը փայլփլում էր հայտնի անուններով, այնտեղ կային Թաթան,
Նունե Եսայանը, Բղդոն, Մայքլ Քոթանջյանը…, ինչպես ասացին ցուցակը
տեսնողները՝ «ով մտքովդ անցի, կար, նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեկ տարուց
ավելի Հայաստանում չեն»։ Վերջիններիս ներկայությունը ցուցակում բացատրվել
է այսպես. «Որտեղ էլ որ աշխատեն, պետք է Հայաստանում հարկեր մուծեն։ Մենք
տարին փակում ենք»։
Որպես կանոն` երգիչները կայուն աշխատավայր չեն ունենում, երգում են կամ
ակումբներում, որոնց հետ պայմանագիր են կնքում, կամ էլ՝ այն ժամանակ եւ
այն տեղերում, որը հրավիրող կողմի հետ են համաձայնեցնում։ Երգիչների
կարծիքով՝ հարկերը պետք է վճարի այն կազմակերպությունը, որը հրավիրում է
իրենց։ Գործատուն, եթե արտոնագրված կազմակերպություն է, պետք է ինքը վճարի
հարկերը, իսկ եթե անհատ է կամ էլ անհատների մի խումբ, որը որոշել է որեւէ
միջոցառման՝ ներառյալ՝ հարսանյաց եւ կնունքի հավաքույթները, երգիչ
հրավիրել, չի կարող պայմանագիր կնքել երգչի հետ, քանի որ դրա իրավունքը
չունի։ Իսկ երգիչն էլ, որը երգելու հրավերն ընդունել է, դառնում է
օրինազանց քաղաքացի։ Ստվերային երգաշրջանառությանը վերջ տալու եւ ապօրինի
երգերն օրենքի դաշտ տեղափոխելու համար ընտրվել են էքստրեմալ միջոցներ։
Հարկահավաքները դասական տոտալիտար ռեժիմների պահպանողներին բնորոշ հարց են
տվել. «Բա որ ոչ մի տեղ չեք աշխատում, ինչո՞վ եք ապրում»։ Լավ է, որ գոնե
բոլորին չեն կոչել «պորտաբույծ» եւ չեն ստիպել հարկադրված աշխատանքի
տեղավորվել, օրինակ՝ ավլել փողոցները, ինչը հաճախ է կիրառվել խորհրդային
տարիներին։ Բոլոր երգիչները՝ վերահաս եւ անհասկանալի վտանգի զգացումից
դրդված, որոշել են միախմբվել եւ ոչ մի տեղ էլ չգնալ։ «Ինչո՞ւ պետք է
գնանք, գլխացավանքի մեջ ընկնենք ու բացատրություններ տանք, եթե
պետությունը ոչ մի քայլ չի անում մեր իրավունքները պաշտպանելու համար»,-
ասաց Ալլա Լեւոնյանը։ «Թող պետությունը մեզանից հարկեր պահանջելուց առաջ
կարողանա հսկել ձայներիզների կեղծումները, որ կարողանանք փող աշխատել։ 3-4
տարում եմ միայն կարողանում հավաքել 5000 դոլար, որ ալբոմ ձայնագրեմ։
Ստացվում է, որ ավելի լավ է պատռտված գուլպաներով ելույթ ունենանք»,- ասաց
Նաիրա Տեր-Կարապետյանը։ «Ինձ մոտ դեռ չեն եկել։ Աստված չանի, որ
պետությունը այդպիսի սխալ թույլ տա, ոչ մեկս էլ բարեգործական համերգ չենք
երգի»,- ասաց Բղդոն։ «Երբ համերգներ ենք ունենում, կազմակերպիչները
հաշվարկներ են անում՝ քանի՞ հոգանոց դահլիճ է, քանի՞ տոմս է վաճառվել, եւ
վճարում են։ Էլ ի՞նչ հարկեր են մեզանից ուզում»,- ասաց Արամոն։ «Ինձ մոտ
եկան ու ասացին, որ պետք է թուղթ ստորագրեմ։ Ինչպե՞ս են հաշվել, թե ինչքան
պետք է վճարեմ՝ չասացին։ Ես ոչ մի բան էլ չստորագրեցի»,- ասաց Վարդուհի
Վարդանյանը։ Ոմանց առաջարկվել է 100.000 դրամ հարկը մարել, քանի որ նոր
տարում նոր հաշվարկներ են արվելու, ոմանց էլ ստույգ գումար չի ասվել:
«Ինչպե՞ս կարող են իմանալ՝ որտեղ եւ ինչքանով եմ երգել, կարող է՝ մի երգի
համար ներքնազգեստի կոմպլեկտ եմ նվեր ստացել։ Հիմա ո՞ր մասը պիտի
պետությանը տամ՝ վերեւ՞ը, թե՞ ներքեւը»,- ասաց հուզված մի երգչուհի, որը
չցանկացավ ներկայանալ։ Կրքերը բորբոքվում են, երգիչները՝ վրդովվում։
Ինչպես լավագույն ամերիկյան ֆիլմերում, որտեղ կան լավ օրենքի լավ
պաշտպաններ եւ իրենց եկամուտը թաքցնող ու պետական գանձարանը թալանող վատ
քաղաքացիներ, այնպես էլ մեզ մոտ, սկսվեց լուռ, սակայն շատ հետաքրքիր մի
պայքար։ Երգիչները՝ անտեղյակ, թե ինչ սկզբունքով են հարկվում, եւ ինչո՞ւ է
աշխատանքի իրավունքը վերածվել աշխատելու պարտադրանքի, երեւի երբեք այսքան
եղբայրաբար իրար չեն վերաբերվել։ «Եթե գնալու ենք (կարծես աքսոր են
գնալու.-Ն.Հ.), ապա գնալու ենք միասին»,- տարբեր երանգներով, բայց համարյա
թե նույնն ասացին բոլոր հայ փոփ արվեստի ներկայացուցիչները։ Պետությունը
եթե ցանկանում էր երգիչների կուռ ու ամուր բանակ ստեղծել, ապա հաստատ
հասավ իր նպատակին, ստիպեց «աստղերին» եւ «աստղիկներին» ուս ուսի տալ։
Այժմ ժամանակավոր զինադադար է հայտարարված։ Մի քիչ վախեցրել են, մի քիչ՝
սպառնացել, մի քիչ էլ՝ մտածելու տեղ թողել՝ գուցե թքել եւ հեռանա՞լ։
Հաստատ շատերը այդպես էլ մտածում են։ Թե չէ ինչո՞վ բացատրել այն փաստը, որ
հերթը կատարողներին է հասել, իսկ կեղծ ձայներիզների արտադրությունն ու
վաճառքը ոչ մի պետական մարմնի չեն հետաքրքրում։ Մեծ փողերն այնտեղ են եւ
բնավ էլ ստվերում չեն, տեսեք՝ բացեիբաց, օրը ցերեկով ինչպիսի աշխույժ
շրջանառություն եւ չհսկված եկամուտ կա։ Եվ միանգամից մի քանի օրենքների
խախտում՝ եւ՛ հարկային, եւ՛ հեղինակային։