ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը դժգոհ է Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնական համագործակցության ներկայիս մակարդակից: Պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ օրս չի մշակվել համագործակցության մոդել ու ռազմավարություն: «Փոխարենը գործում են զանազան ստերեոտիպեր ու արատավոր ավանդույթներ: Առայսօր Սփյուռքի՝ որպես «կթան կովի» իմիջը շարունակում է գլխավորը մնալ: Կովը վատ կենդանի չէ եւ իրապես բարի գործ է անում՝ կաթ է տալիս, բայց դա` կենդանական աշխարհին հարիր չափանիշներով: Վաղուց արդեն ժամանակն է Սփյուռքին «մարդու տեղ դնել», օգտագործել նրա մտավոր, ինտելեկտուալ ներուժը»,- այս կարծիքին է Գ. Բաղդասարյանը: