«Դե թող բռնի` ծեծի, ի՞նչ ասեմ»

05/10/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ապրիլի 1-ին Մոսկվայի «Կուտուզով հոլլ» կազինոյում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին Հայաստանում այլեւս ոչ ոք չէր տեսել: Նա այս ամիսների ընթացքում Հայաստան է եկել ընդամենը 1 օրով ու նորից վերադարձել էր Մոսկվա: Երեկ նա Ազգային ժողովում էր, ու պատգամավորները հերթով մոտենում էին նրան` հետաքրքրվելով, թե ուր էր կորել նա այս ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այդ ամիսների ընթացքում թե հայկական, թե ռուսական մամուլում տարբեր հրապարակումներ եղան Տիգրան Արզաքանցյանի մոսկովյան արկածների մասին: Մասնավորապես նշվում էր, որ մարտի 26-ին Մոսկվայի հայտնի «Կուտուզով հոլլ» կազինոյում (սեփականատերերից մեկը հունահայ է, մյուսն` ԱԺ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչության պետ Սերգեյ Շոյգուն) տանուլ է տվել 850.000 ԱՄՆ դոլար ու խոստացել է հինգ օր հետո պարտքը վերադարձնել: Սակայն նա խոստումը չի կատարել, եւ, ըստ մամուլի, նա կազինո է գնացել իր «գողական» ընկերների հետ ու փորձել է հարցը «գողականով» լուծել: Հենց այդ ժամանակ էլ միջամտել են կազինոյի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու Տ. Արզաքանցյանին ու իր ընկերներին դաժան ծեծի են ենթարկել: Արդյունքում` Տ. Արզաքանցյանը գանգուղեղային վնասվածքներ էր ստացել: Այդ օրերին Տ. Արզաքանցյանը լուրեր տարածեց, թե իրեն անհայտ անձինք են ծեծել` գողանալով իր «Ֆրենկ Մյուլլեր» 50.000 դոլար արժողության ժամացույցն ու թանկարժեք բջջային հեռախոսը: Դրանից հետո նրանից այլեւս լուր չկար: Միայն մի անգամ լուրեր տարածվեցին, թե Տ. Արզաքանցյանը վախենում է Ռուբեն Հայրապետյանից, ում դեմ ՌԴ դատախազությունում ցուցմունք էր տվել, դրա համար էլ Հայաստան չի վերադառնում: Երեկ նա ԱԺ-ում էր, բայց ԱԺ-ում չէր Ռուբեն Հայրապետյանը:

Արդեն մեկ ամիս է, Տ. Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերությունում հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում, եւ հենց այդ ծառայությունում չէին բացառում, որ Տ. Արզաքանցյանը կարող է ընկերությունը կորցնել, քանի որ չի կատարել հարկային պարտավորությունները: «ՀԺ» թղթակցի հարցին, թե ճի՞շտ է, որ ուզում է վաճառել ընկերությունը` Տ. Արզաքանցյանը պատասխանեց. «Ես ձեռնարկությունը ծաղկեցնում եմ, չեմ վաճառում: «Գրեյթ Վելլիի» բոլոր գործարաններն էլ հիմա խաղող են ընդունում, ժամանակին վճարումներ են անում, ու խնդիրներ էլ չունի: Հարկայինը միշտ էլ գալիս-գնում է, ստուգումներ անում է: Հարկայինը բոլոր հիմնարկների հետ էլ խնդիրներ ունի, դրանք լուծվում-գնում են, ընթացիկ հարցեր են»:

Մեր` «Կուտուզով հոլլի» գումարները վերադարձրի՞ք» հարցին ի պատասխան, Տ. Արզաքանցյանն ասաց. «Ի՞նչ գումար, ի՞նչ կազինո: Պարոն Արզաքանցյանը ոչ մեկին 10 կոպեկ պարտք չի ունեցել, ոչ էլ էդ կազինոյում խաղացել ա: Էդ սուտ լուրերը, որ լրագրողները տարածում են, թող մինչեւ վերջ լուրջ իմանան` նոր հաղորդագրություն տան: Թող մարդկանց` առանց իմանալու, չվարկաբեկեն: Կան թերթեր, որոնք իմ դեպքից հետո կեղտոտ բաներ էին գրել, չեմ ուզում դրանց անդրադառնալ: Ես իմ հետ կապված բոլոր հարցերին նամակով պատասխանել էի բոլոր թերթերին»: Նշենք, որ այս ամիսների ընթացքում «168 Ժամը» որեւէ նամակագրական կապ չի ունեցել Տ. Արզաքանցյանի հետ, այսինքն` որեւէ նամակ չենք ստացել նրանից: Իսկ ինչ վերաբերում է լուրերին, թե Տ. Արզաքանցյանը կեղծ ցուցմունքներ է տվել Ռուբեն Հայրապետյանի դեմ, դրա համար էլ վախենում է վերադառնալ Հայաստան, ապա պատգամավորն ասաց. «Դրանցով զբաղվում են ՌԴ բոլոր օրգանները: Ով հանցագործություն է կատարել, բոլորն էլ պետք է պատժվեն: Չեմ իմանում` ընդեղ Ռուբեն Հայրապետյա՞նն ա, ով ա, ով չի: Ես անձամբ իր հետ խնդիր չունեմ»: Այս ամիսների ընթացքում Տ. Արզաքանցյանը Ռուբեն Հայրապետյանին չի հանդիպել, իր իսկ ասելով, ինքն այս ընթացքում բուժվել է. «Ես առողջության հետ կապված խնդիրներ եմ ունեցել: Հիմա ես վերջացրել եմ հիմնական ստացիոնար կուրսերը, բայց ես ամեն ամիս պետք է գնամ ստուգումների, որպեսզի կարողանամ մինչեւ վերջ վերականգնել իմ առողջությունը»: Մեր հաջորդ հարցին, թե ըստ լուրերի` իր Հայաստան չվերադառնալու պատճառը ոչ այնքան առողջականն է, որքան Ռուբեն Հայրապետյանից վախենալը, ով խոստացել էր իրեն «ծեծել», Տ. Արզաքանցյանը պատասխանեց. «Դե թող բռնի` ծեծի, ի՞նչ ասեմ: Ես չեմ ուզում խառը հարցերին պատասխանել` բռնելու ա, ծեծելու ա… Ես էլ կարամ շատ մարդիկ բռնեմ` ծեծեմ, բայց ծեծելով ո՞վ ա ինչի հասել: Աստված վերեւից տեսնում ա, թե ով ինչի ա հասել: Հետո, եթե ինքն իմ հետ խնդիր ունի, մենք կհանդիպենք ու գիտենք, թե ինչ ձեւով կլուծենք մեր խնդիրները»: Տ. Արզաքանցյանի ասելով, ինքն անցած ամիսների ընթացքում միշտ էլ եկել է Հայաստան ու զբաղվել է իր հարցերով. «Ես Հայաստանից չեմ փախել, ես Հայաստանը սիրում եմ, Հայաստանում մնում եմ, ներդրումներն էլ մեծացրել եմ»: Իսկ ինչ վերաբերում է մամուլի հրապարակմանը, թե Տ. Արզաքանցյանը Հայաստան է եկել թաքուն ու հաջորդ օրն իսկ վերադարձել է Մոսկվա, պատգամավորն ասաց, որ իրեն բժիշկները մի անգամ թույլ են տվել երկու օրով բացակայել, ու ինքն այդ ընթացքում եկել է Հայաստան: Տ. Արզաքանցյանը երեկ խոստացավ 2007թ. ԱԺ ընտրություններում անպայման առաջադրվել` այդպիսով ապացուցելով, որ ինքը Հայաստանում որեւէ խնդիր չունի եւ որ ինքը Հայաստանը շատ է սիրում: