Ինչպես են հայերը հանգստանում

07/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մարդկանց արարելուց հետո Աստված նրանց տվեց աշխատելու եւ հանգստանալու հնարավորություն:
Մենք՝ հայերս, աշխատող ազգ ենք: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում մենք
ավելի շատ հանգստացանք, քան աշխատեցինք: Իհարկե, այդ հանգիստը կրում էր
անհանգիստ բնույթ, եւ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այդ ամենի
հետեւանքով ստացվել է այնպես, որ մերոնք տարվա մեծ մասը աշխատում են
դրսում, իսկ հանգստանալու համար վերադառնում են Հայրենիք, երբ ամբողջ
աշխարհում սովորաբար լինում է ընդհակառակը:
Իսկ ինչպես են հանգստանում Հայրենիքում աշխատող հայերը: Տարիներ առաջ, երբ
Երեւանում դեռ շատ այգիներ կային (այս արտահայտությունը շատ կզարմացնի եւ
կզայրացնի ժամանակակից հայ երիտասարդներին) ծնողները, տատիկ-պապիկները
հանգստյան օրերին երեխաներին տանում էին այգի, որտեղ սրճարան կար: Այսօր
արդեն տանում են սրճարան(այն էլ, եթե ունեն այդ հնարավորությունը), որտեղ
կա այգի: Իմիջիայլոց, այսօր այգիներ կան ոչ միայն սրճարաններում, այլեւ
հյուրանոցներում, ԱԺ բակում եւ չինովնիկների առանձնատներում: Այս ամենը
իհարկե շատ լավ է, սակայն վերը նշված տեղերից եւ ոչ մեկում Ձեզ թույլ չեն
տա հանգստանալ: Ասեմ ավելին. նրանցից եւ ոչ մեկն այդ այգիներում չի
հանգստանում: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ այնքան զբաղված են ազգի
գործերով (հիմնականում՝ ցերեկները), որ հանգստանալու մասին չեն էլ
մտածում: Նրանք փորձում են հանգստանալ գիշերները՝ բազմազան ակումբներում,
որտեղ անիմաստ հայացքով բավարարում են իրենց սեռական պահանջները, իսկ
բավարարվածները՝ կազինոներում, որտեղ ապացուցում են, որ ցերեկներն իրոք
շատ փող են աշխատել:
Ժամանակին կար հանգստի այնպիսի ձեւ, որը կոչվում էր «քաղաքից դուրս`
բնության գրկում»: Փորձեք այսօր ընկնել «բնության գիրկը», նա «իր գրկում»
ձեզ կբռնաբարի այնպես, ինչպես իրեն են բռնաբարել: Էլ չեմ խոսում «քաղաքից
դուրս»-ի մասին: Վաղուց արդեն պարզ չէ, թե որտեղ է դուրսը եւ որտեղ՝
ներսը, որտեղ՝ տեսարժան վայրը եւ որտեղ՝ զուգարանը:
Իսկ Լինսի հիմնադրամի փողերով վերանորոգված թատրոններն ու թանգարանները
դեռ երկար կհանգստանան (ես զարմանում եմ, որ պետական բյուջեում այս
«օբեկտներին» դեռ փող են հատկացնում, երեւի միայն նրա համար, որ նրանք
իսպառ չվերանան, եւ նրանց մոտակայքում միտինգներ չկարողանան կազմակերպել):

Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա դա առանձին թեմա է: Վերջին
տարիներին Ամառային հանգիստը (ինչպես եւ ամեն ինչ) բաժանվում է
ազգաբնակչության սոցիալական հնարավորություններին համապատասխան:
1. Մարդիկ, ովքեր հանգստանում են Կանարյան կղզիներում, Իտալիայում, բաց
չեն թողնում ոչ մի օլիմպիադա եւ ֆուտբոլի առաջնություն եւ այլն: Սրանք
քաղաքական գործիչներն են (եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր), խոշոր
գործարարներն ու նրանց ընտանիքները եւ պետական չինովնիկները: Ես չեմ կարող
ասել, թե ինչպես են նրանք հանգստանում (ես անգամ չեմ կարող պատկերացնել,
թե ինչից են նրանք հոգնել, որ հիմա էլ հանգստանում են), բայց հաստատ
գիտեմ, որ Փարիզում «հանգստացածը» պատկերացում անգամ չունի Լուվրի մասին
(նրա համար Լուվրը ուրիշ քաղաք է, իսկ ինքն այս անգամ Փարիզից դուրս
չեկավ), բայց անգիր գիտի Մուլեն Ռուժի տեղը։
2. Նրանք, ովքեր հանգստանում են Անթալիայում, Կիպրոսում, Սոչիում կամ
Յալթայում: Սրանք, հիմնականում, Սեյրան Ավագյանի սիրած միջին խավի
ներկայացուցիչներն են (Այս խավը ձեւավորվել է նախընտրական շրջանից մի
երկու տարի առաջ եւ Սեյրան Ավագյանի հետ ոչ մի կապ չունի), որոնք իսկապես
գնում են հանգստանալու իրենց ընտանիքների հետ եւ վայելելու տարվա
ընթացքում իրենց քրտինքով վաստակած գումարը:
3. Նրանք, ովքեր հանգստանում են Կոբուլետիում, Անթալիայի էժան գոտիներում
եւ Հայաստանում: Սա այն խումբն է, որի ներկայացուցիչները մի քանի տարի
հետո իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում կհամալրեն 2-րդ խումբը:
4. Մարդիկ, ովքեր հանգստանում են իրենց տներում, սպասելով Սփյուռքի իրենց
հարազատներին: Իսկ հանգստանում են նրանք միայն այն մտքից, որ շուտով կգան
իրենց բարեկամները եւ իրենց կբերեն շատ փող:
5. Եվ վերջապես մարդիկ, որ այդպես էլ չեն հանգստանում:
Սիրելի հայրենակիցներ, իրականում ամենալավ հանգիստը քունն է, առողջ քունը:
Այնպես որ, վերջին հաշվով, կարելի է եւ այսպես հանգստանալ: Միայն թե,
Աստված տա, որ բոլորը քնելուց առաջ, հանգիստ խղճով եւ վաղվա օրվա հացի
մասին չմտածելով, իրենց գլուխները դնեն բարձին, հանգիստ քնեն եւ տեսնեն
միայն բարի երազներ: Բարի գիշեր։