Միաժամանակ նախորդ գիշեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, մեկնաբանելով ռուս զինվորականների ձերբակալման հետ կապված Վրաստանում տիրող իրավիճակը, կարծիք է հայտնել, թե ռուսական իշխանությունները դարձել են սեփական պրոպագանդայի զոհը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Վրաստանում ձերբակալվել են տասնյակից ավելի անձինք, ովքեր մեղադրվում են լրտեսության եւ սադրանքներ կազմակերպելու մեջ: Ձերբակալվածներից
4-ը ռուս սպաներ են, ինչի պատճառով էլ ռուս-վրացական լարվածությունը նախորդ շաբաթ կտրուկ աճել է: Ռուսաստանը ետ է կանչել Վրաստանում իր դեսպանին, դադարեցրել է Վրաստանի բոլոր քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը եւ սկսել է Վրաստանից տարհանել իր քաղաքացիներին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամ Ռուսաստանը նաեւ դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին, որպեսզի այն Վրաստանի հարցով արտահերթ նիստ հրավիրի եւ ճնշում գործադրի Վրաստանի վրա՝ դադարեցնելու գործողությունները, «որոնք կարող են վտանգել խաղաղությունը տարածաշրջանում»: ՄԱԿ-ի ԱԽ-ն նախ հետաձգեց պահանջվող նիստը, իսկ այնուհետեւ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան դեմ արտահայտվեցին Վրաստանի հարցով Ռուսաստանի ներկայացրած բանաձեւին, որն այդպիսով չընդունվեց: «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Մ. Սահակաշվիլին ռուսական կողմի ռեակցիան համարել է նյարդայնացածության հետեւանք: Սահակաշվիլին հերքել է նաեւ տարածված լուրերն այն մասին, թե ռուս զինվորականներին ձերբակալելու գործին մասնակցել են նաեւ այլ պետություններ, մասնավորապես` ԱՄՆ-ը: Վրաստանի նախագահը նաեւ հայտարարել է, թե չի հավատում, թե Ռուսաստանն «այնքան անխելք է», որ ռազմական գործողություններ կսկսի Վրաստանի դեմ։ Վրաստանի նախագահին չի հուզում անգամ այն, որ Ռուսաստանը կարող է տնտեսական սանկցիաներ կիրառել Վրաստանի դեմ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն վրացական գինու վրա արգելք է դրել, եւ ավելացրել, որ իրենք արդեն սովոր են տնտեսական խնդիրներին եւ կարողանում են պայքարել դրանց դեմ։ Իսկ ահա նախօրեին, Նովո-Օգարյովոյում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի իշխանությունների վերջին գործողությունները որակել է «պետական ահաբեկչության ակտ՝ պատանդառմամբ»: Վ. Պուտինի խոսքերով՝ թեեւ Ռուսաստանը հետեւողականորեն իրականացնում է Վրաստանի տարածքից զինված ստորաբաժանումների դուրսբերման մասին երկկողմ բոլոր համաձայնությունները, Վրաստանում բռնել եւ բանտ են նետել ռուս զինծառայողների: Ռուսաստանի նախագահը դա համարել է «Լավրենտի Պավլովիչ Բերիայի քաղաքականության ժառանգորդման նշան»: «Լիովին պարզ է, որ փորձում են Ռուսաստանին ավելի ցավոտ խոցել, սադրել: Դա պետք է ակնհայտ լինի բոլորի համար,- ասել է Վ. Պուտինը՝ հավելելով,- Եվ, ըստ ամենայնի, նրանք, ովքեր դա անում են, ենթադրում են, թե արտաքին քաղաքականության հակառուսական ուղղվածությունը համապատասխանում է վրաց ժողովրդի շահերին: Չեմ կարծում, թե այդպես է»: Ըստ ՌԴ նախագահի, հավանաբար կան ուժեր, որոնք ուղղակի մասնագիտանում են նորանոր ճգնաժամեր ստեղծելու մեջ՝ ենթադրելով, թե դա ուշադրությունը կշեղի հին խնդիրներից: «Կարճաժամկետ հեռանկարում դա գուցեեւ կարող է ունենալ նման արդյունք: Սակայն հստակ է, որ դա բացարձակապես չի օգնի աշխարհում առկա հին եւ բավական լուրջ հիմնախնդիրների լուծմանը»,- ավելացրել է Վ. Պուտինը: Վերջինս, ըստ «Նովոստի»-ի, Պաշտպանության նախարարությանը հրահանգել է, անկախ ստեղծված իրավիճակից, ժամանակացույցին համապատասխան շարունակել Վրաստանի տարածքում տեղաբաշխված ռուսական զորքերի դուրսբերումը: Միաժամանակ երեկ հայտնի է դարձել, որ Աբխազիայի ռուսամետ իշխանությունները հայտարարել են, թե դադարեցնում են Վրաստանի հետ բանակցությունները՝ մինչեւ Կոդորի կիրճի վերին հատվածից վրացի զինծառայողների լիակատար դուրսբերումը: Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, թե բանակցային գործընթացը կարող է վերսկսվել միայն այն բանից հետո, երբ Վրաստանը կվերադառնա 1994-ի մայիսի 14-ի մոսկովյան համաձայնագրի եւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների բոլոր կետերի իրականացմանը: Տեղեկացնենք, որ հենց նմանօրինակ բովանդակություն ուներ Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված եւ չընդունված բանաձեւը:
Երեկ ավելի ուշ ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ավիացիոն, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային եւ փոստային հաղորդակցությունը Վրաստանի հետ: Այս հայտարարությունը հետեւել է վրացական կողմի այն հայտարարությանը, թե իրենք մտադիր են ձերբակալված 4 ռուս սպաներին հանձնել ԵԱՀԿ-ին: Արդեն երեկ Վրաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը: Հենց երեկ էլ նախատեսված էր ռուս սպաների հանձնումը ԵԱՀԿ ներկայացուցիչներին: Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանի իշխանությունները նախորդ շաբաթ նաեւ հայտարարել էին, թե ձերբակալվածների գործողությունները համակարգվել են Երեւանից՝ Գլխավոր հետախուզության վարչության սպա Անատոլի Սինիցինի կողմից: Օրերս էլ որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, թե Վրաստանը Հայաստանից պահանջել է իրեն հանձնել ռուսական բանակի 6 զինծառայողի, որոնցից ՀՀ երեք քաղաքացիներին նույնպես կասկածում են լրտեսության մեջ: Երեկ մեզ հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը հերքեց այս տեղեկությունները: Իսկ Հայաստանը, ինչպես նշել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մտահոգված է ռուս-վրացական հարաբերությունների լարվածությամբ եւ մոտիկից հետեւում է իրադարձություններին: