Պետբյուջեն, ինչպես գիտեք, օրենք է։ Իսկ ցանկացած օրենք, անգամ Հայաստանում, ենթադրվում է, որ չպետք է խախտվի։ Սակայն այս տարի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. օրինախախտի կարգավիճակում կարող է հայտնվել հենց օրենքի հեղինակը՝ ՀՀ կառավարությունը։
Այսպես, 2005թ. նոյեմբերի 11-ին ընդունված «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ՝ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մինչեւ 3.0 տոկոս պահելու ուղղությամբ»։
Պարզ ասած, ԿԲ-ն պարտավոր էր թույլ չտալ, որ այս տարվա վերջին գնաճը գերազանցի 3%-ը։ Իսկ համաձայն պաշտոնական վիճակագրության, 12-ամսյա գնաճն արդեն գերազանցում է 6%-ը։ Եթե դեկտեմբերի վերջի դրությամբ վիճակը չփոխվի, դա կլինի օրենքի խախտում։ Ի՞նչ անել։ Պարզվում է, կառավարությունը ձեւը գտել է (ինչո՞ւ կառավարությունը, որովհետեւ թեեւ ԿԲ-ն անկախ կառույց է, սակայն պատասխանատվություն կրում է կառավարությունը)։ Իսկ այդ ձեւը, ինչպես ասում են, հիանալի է իր պարզության մեջ՝ օրենքի մեջ փոփոխություն անել եւ 3%-ի սահմանագիծը փոխել։ ԱԺ ներկայացված նախագծի մեջ առաջարկվում է 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ՝ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մինչեւ 5.0+/-1.5 տոկոս պահելու ուղղությամբ»։ Ընդ որում, 5%-ը թող ձեզ շփոթության մեջ չգցի։ Իրականում այդ «+/-1.5 տոկոսը» ԿԲ-ին թույլ կտա արդարանալ մինչեւ 6.5% գնաճի դեպքում։ Իսկ որպես հիմնավորում՝ նշվում են էներգակիրների եւ բազային մետաղների համաշխարհային գների «աննախադեպ մակարդակը» եւ, իհարկե, տրանսֆերտները։ Ըստ կառավարության մասնագետների, այս գործոններն առաջացրել են էական գնաճային ճնշումներ, եւ եթե կառավարությունը կոշտ միջոցառումներ ձեռնարկի դրանց չեզոքացման համար, մեր տնտեսական աճի շարունակականությունը կհայտնվի վտանգի տակ։ Օրինագիծը դեռ պետք է արժանանա պատգամավորների հավանությանը։ Ամենայն հավանականությամբ, փոփոխությունը կընդունվի, սակայն տհաճ հարցեր հաստատ կլինեն։ Ու քանի որ այս ամենի մեղավորը ԿԲ-ն է, որը բյուջեի հաստատման ժամանակ համոզել է, որ կարող է 3% գնաճ ապահովել, իսկ դեռ մի 3 ամիս առաջ հավաստիացնում էր, որ դա հնարավոր է, այդ իսկ պատճառով տհաճ հարցերին պատասխանելու «հաճելի» պարտականությունը կառավարությունը դրել է ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի վրա։