Շուկան հեղեղված է կեղծ ապրանքներով

05/10/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Սուրմալու» տոնավաճառը տեղակայված է «Փեթակ» տոնավաճառի հանդիպակաց փողոցում, Տիգրան Մեծ եւ Արշակունյաց պողոտաների հարեւանությամբ: Այս տոնավաճառն իր արտաքին տեսքով ու անցուդարձով տիպիկ արեւելյան փնթի շուկա է հիշեցնում, որը սպառողների շրջանում հայտնի է իր համեմատաբար էժան գներով:

Այստեղից մեծածախ գնումներ է կատարում հիմնականում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բնակչությունը: Ի դեպ, տոնավաճառին հատուկ եռուզեռը «Սումալու»-ում մեր այցելության օրն իսպառ բացակայում էր, որից սրտնեղում էին առեւտրով զբաղվողները` նշելով, որ իրենց ամենօրյա առեւտրի ծավալները (որը տատանվում է 300 հազարից մինչեւ 1մլն դրամի սահմաններում), վերջին շրջանում չի տարբերվում փոքրիկ կրպակների առեւտրաշրջանառության ծավալներից: Վաճառողների հավաստմամբ, տոնավաճառն իր նախկին «միջնորդավորող» գործառույթը կորցնում է, քանի որ նրանց գործին «խփում» են արտադրող եւ ներմուծող ընկերությունների օրեցօր ավելացող մատակարարները:

«168 Ժամ»-ի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի սպառողական շուկայում համատարած կեղծված կոսմետիկ պարագաների եւ պարֆյումերիայի փաստին: Առեւտրի մանրածախ կետերում վաճառվող նշված լայն սպառման այդ ապրանքները վաճառողները ձեռք են բերում երկու ճանապարհով` կամ գրանցված ընկերությունների մատակարարներից (դիստրիբյուտոր)` կամ էլ մեծածախ շուկաներից: «Սուրմալու» կոչվող տոնավաճառում այս խնդիրների շուրջ զրուցեցինք մեծածախ առեւտրի կենտրոնի կոսմետիկայի եւ պարֆյումերիայի մասնագիտացված վաճառասրահի սեփականատեր եւ առեւտրի կազմակերպիչ Հովհաննեսի հետ: Ինչպե՞ս կարող է գնորդը տարբերակել շուկայում վաճառվող իրական ապրանքը կեղծ ապրանքից: «Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի օրիգինալ ապրանք: Բոլորը «պատենտ» են: Եթե վաճառողը չզգուշացնի, որ տվյալ ապրանքը կեղծ է, ապա գնորդը դրանում չի կարող անգամ կասկածել: Կեղծումը պարֆյումերիայի մեջ է, քանի որ կոսմետիկան ավելի դժվար է կեղծել, օրինակ, դեմքի կեղծ քսուքները կնոջ դեմքին կարող են անմիջապես ցան առաջացնել: Կեղծումները շատ էին սրանից 6-7 տարի առաջ: Ընդհանուր առմամբ, կեղծերը 200-300 դրամ էժան են լինում: Կեղծվածները ժամանակին Վրաստանից էին գալիս, բայց այդ ճանապարհը փակվել է, քանի որ Սադախլոյից երկար ժամանակ է՝ ապրանք չի գալիս: Ես «ֆալշ» ապրանք չունեմ` հիմա վաճառողները նման ռիսկի չեն գնում: Օրինակ, «Լորեալ» ֆիրմայի օրիգինալն էլ ունեմ, պատենտ էլ (Չինաստանից է), պատենտը 500 դրամ է, օրիգինալը՝ 3500-4000 դրամ: Ես համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների դիստրիբյուտորների հետ եմ աշխատում` «Գոլդըն Ռոզ», «Կլասիկա», «Շվարցկոպ», «Ջոնսոն եւ Ջոնսոնս», «Ժիլետ», «Կալինա», իսկ «Պրոկտր ընդ Գեմբլ» ընկերության ապրանքը երկու հոգի են բերում: Մեկը Դուբայից է, մյուսը` Թուրքիայից: Թուրքիայից, արդեն մի քանի ամիս է՝ ապրանք չի գալիս, պետականորեն արգելք են դրել, այնտեղից ապրանք չեն ներկրում: Մեր սնունդն ու կոսմետիկան հիմնականում այնտեղից էր գալիս: Թուրքիայից շատ մեծ շուկա ունեինք` աչքի տուշերը, գունավոր մատիտները, մազերի փայլերը, հոտավետ թաց անձեռոցիկները, օծանելիքները: Ճիշտ է, այդտեղի «ջրեղենը» (նկատի ունի օծանելիքները,- Ն.Մ.) զիբիլ են: Շատ էժան ջրեր են, ու մեր ազգի համար են: Մինչեւ վերելակից իջնում են՝ հոտն անցնում է: Հիմա ապրանքը Թուրքիայի փոխարեն կներկրեն Չինաստանից ու Դուբայից: Սակայն Դուբայը, բացառությամբ «Ռասասի» ֆիրմայի, չի արտադրում, երրորդ երկրի արտադրանքն է արտահանում: Այնտեղից ներկրվող ապրանքը կարող է ավելի էժան լինի, բայց որակ չի ունենա: Հիմա 80 տոկոս «ջուրը» Դուբայից է գալիս: Մազերի ներկերից առավել պահանջարկ ունեցողը «Պրեստիժ» ներկերն են: Մեր ազգը հիմա էժանին է նայում, որակին նայող չկա, ասենք, մազերի ներկերից մեծ պահանջարկ ունեցողը «Պրեստիժ» ներկերն են, որովհետեւ ամենաէժանն են»,- «Սուրմալու» տոնավաճառում պատմեց Հովհաննեսը:

Տոնավաճառում նրա տաղավարում վաճառքի էր հանված 20-25 տեսակի մազի ներկեր: Իր փորձից ելնելով` Հովհաննեսը նկատում է, որ այսօրվա սպառողն «էլ առաջվանը չէ, առանց ժամկետին նայելու՝ ապրանք չի գնում»: Նրա խոսքերով, ներկայումս մեծ պահանջարկ ունեն ռուսական ծագման կոսմետիկ միջոցները, քանի որ դրանք ավելի մատչելի են: «Բայց դոլարի կուրսն այնքան է իջել, որ գները գրեթե հավասարվել են»,- ասում է մեր զրուցակիցը: Կոսմետիկայի եւ պարֆյումերիայի մեծածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռներեց Հովհաննեսի նկատառումները հակասական են եւ «մոլորեցնող»: Կարծիք կա, որ այս բնագավառը բավականին շահութաբեր է, քանի որ սեզոնայնությունից կախում չունի: Այդ իսկ պատճառով, վաճառողը հակված չէր անկեղծանալ եւ բացահայտել իր եկամտաբեր բիզնեսի «մութ» կողմերը: Մի բան հաստատ է, որ մեր շուկան ողողված է էժանագին եւ կասկածելի ծագման լայն սպառման ապրանքներով, եւ այդ շուկան ձեւավորվել է տեղական սպառողի` չքավոր ժողովրդի գրպանին հարիր:

Արտասահմանյան որակյալ ֆիրմաների կոսմետիկ պարագաներն ու պարֆյումերիան` ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում բավական թանկ արժեն եւ վաճառվում են միայն բարձրակարգ խանութներում: Միջին որակի կոսմետիկայի գները տատանվում են 50-200 դոլարի սահմաններում: Կան նաեւ ավելի թանկարժեք ապրանքներ, սակայն դրանք մատչելի չեն միջին խավի համար: Այդ իսկ պատճառով շատերը գերադասում են գնել ռուսական արտադրության կոսմետիկա՝ համոզված լինելով, որ դրանք ավելի քիչ կկեղծվեն, քան ֆրանսիական, իտալական, շվեյցարական կեղծ պիտակներով կասկածելի ապրանքները: