Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Հայաստանի առաջադիմական կուսակցության» (ՀԱԿ) վարչությունը երեկ տարածել է հերթական հայտարարությունը, որից տեղեկանում ենք, որ ՀԱԿ-ում բավարարված են «հակակրիմինալ» կոչվող «շարժման» կազմում տեղի ունեցած փոփոխությամբ»: «Հույս ունենք, որ այդ շարժման կազմից երկու կուսակցությունների դուրս գալը պայմանավորված է ոչ թե մեր վերջնագրով (տարածված 26.09.2006թ.), այլ ողջամտությամբ»,- ասված է այդ հայտարարությունում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀԱԿ վարչությունը տարածել էր եւս մեկ հայտարարություն, որով իր զարմանքն ու զայրույթն էր արտահայտել հակակրիմինալ շարժման մասնակիցների գործողությունների կապակցությամբ: ՀԱԿ-ի տարածած այդ հայտարարության մեջ ասվում էր նաեւ, թե հակակրիմինալ շարժման մասնակից գործիչների կեսից ավելին տարբեր ժամանակներում անձամբ մասնակից են եղել կրիմինալ պարունակող գործերի եւ կատարել են հակաօրինական քայլեր: ՀԱԿ-ը հակակրիմինալում տեղ գտած այդպիսի գործիչներին առաջարկում էր անմիջապես դուրս գալ այդ շարժման կազմից՝ հեռանալու համար տրամադրելով երեք օր եւ երեք ժամ: «Եթե վերը նշված ժամկետի ընթացքում «հակակրիմինալից» չհեռանան նրանք, ովքեր հեռու չեն եղել մաքսանենգությունից, կաշառք տալուց եւ միջնորդելուց, թմրանյութերի օգտագործումից, հարկերի խուսափումից, ապօրինի զենք եւ զինամթերք պահելուց եւ այլն, ս/թ. սեպտեմբերի 29-ին ժամը 20:00-ին մենք կհրապարակենք այդ «գործիչների» անունները, կներկայացնենք փաստեր եւ ապացույցներ ու կպահանջենք նրանց անմիջապես ազատազրկել»,- այսպիսի սպառնալից ավարտ ուներ ՀԱԿ վարչության՝ սեպտեմբերի 27-ի հայտարարությունը: Սակայն ինչ-ինչ պատճառներով խոստացված բացահայտումները հետաձգվել են: ՀԱԿ վարչության՝ երեկ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ խոստացված բացահայտումները տեղի կունենան այսօր: ՀԱԿ վարչությունը երեկ խոստացել է խոստացվածի համաձայն հրապարակայնորեն պահանջել հակակրիմինալի անդամ որոշ գործիչների ազատազրկումը՝ կոնկրետ մեղադրանքների հիման վրա: