Ի՞նչ անել, երբ շահառուները չեն պայքարում

05/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Դիլիջանում սեմինար էր կազմակերպել «Քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կառույցների դերը Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման նոր գաղափարների ձեւավորման գործում» թեմայով:

Սեմինարին հրավիրվել էին հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագիր Հայկազ Ղահրիյանը ներկայացրեց ՀԿ-ների եւ կուսակցությունների երկխոսության հնարավորությունների եւ միտումների մասին իր զեկույցը: ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ ՀԿ-ների մեջ շատ քիչ է կրթական, մշակութային, առողջապահական եւ էկոլոգիական բնույթի հասարակական վերահսկողությունը: «Ցավոք, Հայաստանում ՀԿ-ն կայացած է, երբ պետությունն է ստեղծում՝ Գրողների, Որսորդների միություն, որոնք նաեւ մասսայական են իրենց քանակի առումով: Վատ է եւ պետք չէ մղվել այն բանին, որ հասարակական կազմակերպությունն աջակցություն ստանա պետության կողմից: Ես կողմ չեմ գրանտային, ֆինանսական աջակցությանը պետության կողմից, որովհետեւ պետական գործընթացների վրա ՀԿ-ների վերահսկողական ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է քաղաքացիական հասարակություն ստեղծել, ըստ էության, ՀԿ-ն պետությունից ուզելիք չունի»,- նշեց նա: Ըստ Ա. Մանուկյանի՝ բոլոր երկրներում ժողովրդավարության ցուցանիշը գնահատելու ժամանակ ՀԿ-ների կայացվածության մակարդակը համարվում է նաեւ ժողովրդավարության ցուցանիշ, իսկ Հայաստանը բյուրեղացման պրոցեսի մեջ է եւ, եթե 3000 կազմակերպությունների միջից 400-ն աշխատում են, ուրեմն առաջընթաց կա: ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանի կարծիքով, եթե պետությունը ՀԿ-ն դիտում է որպես իրեն գործընկեր եւ իր գործառույթների մի մասը կարողանում է փոխանցել, ուրեմն կարող է նաեւ ֆինանսական աղբյուրներ տրամադրել: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանի զեկույցին՝ «Հայաստանի ԶԼՄ-ները որպես կարեւորագույն խնդիրների քննարկման ամբիոն» թեմայով, հաջորդեց Արամ Մանուկյանի այն կարծիքը, որ լեզվի պահպանությունը կարեւորագույն խնդիր է ԶԼՄ-ներում: «Ցանկացած երեխա դպրոցում 1-2 ժամ է շփվում լեզվի հետ, իսկ հեռուստատեսության միջոցով 8-10 ժամ ամեն օր: Մեր թերթերն ու հեռուստատեսությունը լեզվի առումով լցված են աղբով: Տպագիր մամուլն ավելի բարվոք վիճակում է, քան հեռուստատեսությունը, եւ բոլոր շոուները, հաղորդումները փողոցային ժարգոնից ցածր են»,- ասաց Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ փորձում են սեփական լեզվին ձեռք առնելու միջոցով հումոր անել, սեփական թերությունների, վարվելակերպի, բացասական կողմերի վրա «խոխմա» անել: Նա նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին առաջարկեց մոնիտորինգ անցկացնել՝ լեզվի պահպանության, մաքրության վերաբերյալ, որը պաշտպանված է սահմանադրությամբ. «Ես որպես անձ կարող եմ մրցանակաբաշխություն հայտարարել հայոց լեզուն մաքուր ու ճիշտ պահելու համար: Հաճույքով պատրաստ եմ աջակցել»,- նշեց պրն Մանուկյանը:

Իսկ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Գրիգորյանն առաջարկեց ուսումնասիրել ԶԼՄ-ների կոռումպացված լինելու հանգամանքը: Վերջինս վստահեցրեց, որ ԶԼՄ-ներով ներկայումս հնարավոր է հանդես գալ 300 դոլարով: «Նոր մոտեցումներ, նոր գաղափարներ կուսակցությունների ծրագրերում. համեմատական վերլուծություն» թեմայով իր զեկույցում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Մարիամ Բարսեղյանը մատնանշեց բոլոր կուսակցությունների ծրագրերը, որոնք բոլորն էլ բավական գեղեցիկ շարադրված են: «Ես ուսումնասիրում էի բոլոր կուսակցությունների ծրագրերը, եւ առաջինը ձեռքս ընկավ «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրը, որը բավականին լավ ծրագիր է, հետո մյուսները կարդացի ու համոզվեցի, որ դրանք էլ ոչ պակաս լավն են: Բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ լավն են, բայց մի բան է գեղեցիկ շարադրելը, մեկ այլ բան՝ դրանք իրականություն դարձնելը»,- ասաց նա: «Միջազգային կառույցների դերը Հայաստանում զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման գործում» թեմայով իր զեկույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ կուսակցությունների ստացած ֆինանսական օգնությունների մեծ մասը «սեւ փողեր են»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀԿ-ները պայքարում են մի բանի համար, որը շահառուներին պետք չէ: «Առաջին հերթին խոսքը հեռուստառադիոընկերությունների մասին է: Մենք պայքարում ենք խոսքի ազատության համար, որի համար շահառուները պատրաստ չեն պայքարելու տարբեր պատճառներով: Այս պայմաններում գնալ ճակատ ջարդելու, որպեսզի օրինագիծը չանցնի՝ տարօրինակ կդիտվի: Ինչո՞ւ հենց իրենք, ում ուղղված է այդ օրինագիծը, այդ աշխատանքում չեն աջակցում: Այդ օրինագծի հետ կապված կամ ընդհանրապես անդրադարձ չի եղել, կամ էլ շատ կողմնակալ, տվյալ լրատվամիջոցի շահերից բխող անդրադարձ է եղել: Որեւէ մեկը գործին չէր օգնում: Մենք ունենք որոշակի փորձագիտական ռեսուրս, որն օգտագործում ենք օրինագծի մակարդակը, թերությունները, դրական կողմերը ներկայացնելու համար, իսկ այլ շահագրգիռ կողմերը՝ լրատվամիջոցները, խորհրդարանական ֆրակցիաները թող որոշեն, թե այդ փորձագիտական վերլուծությունն ինչպես են օգտագործում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների դաշտում կոռուպցիոն երեւույթին, ապա նա վստահեցրեց, որ՝ «Այդ թերությունները ստեղծվել են քաղաքական դաշտի ազդեցության տակ, եւ դա ձեռք է տալիս քաղաքական կուսակցություններին»: