Սուրբ տեղը դատարկ չի մնում: Այդ իմաստով, ՄԱԿ-ի այս տարվա գագաթաժողովին Իրանի նախագահի անակնկալ զուսպ ելույթի ու «կոմպլեմենտար» հարցազրույցներից հետո նյույորքյան գագաթաժողովը կարելի է սենսացիաների իմաստով տապալված համարել, եթե չլիներ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Չավեսը, որի հետ 21-րդ դարի առաջնորդներից կարող են մրցել թերեւս Թուրքմենբաշին, Ահմեդինեջադը, Ֆիդել Կաստրոն (անցած-գնացածներից երեւի Նիկիտա Խրուշչովը) անկասկած ունի առավելություն: Նա բացահայտ ու ագրեսիվ, անթույլատրելի շեշտադրությամբ ու ոչ դիվանագիտական բառապաշարով քննադատում է Բուշին: Այս անգամ էլ նա ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ նախագահին անվանել է սատանա, չարիք եւ բռնապետ: Ուղիղ մեկ շաբաթ առաջ ասել էր, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը ներգրավված էին ամերիկյան հատուկ ծառայությունները, իսկ դրանից առաջ ասել էր, թե ամերիկյան իմպերիալիզմը վտանգում է ամբողջ մարդկության գոյությունը: Մինչ այդ էլ նա հայտարարել էր, թե չի ընդունում Մեքսիկայի նորընտիր նախագահին, քանի որ ընտրախախտումներ են եղել քվեարկության ժամանակ: Սպիտակ տունը որեւէ կերպ չի արձագանքում Չավեսի ելույթներին: Փոխարենը դա անում են կոնգրեսականները: Նյույորքցի կոնգրեսական Չարլզ Ռենգելն ասաց. «Եթե եկել ես իմ երկիր, ապա պետք է հարգես իմ երկրի նախագահին: Սա անթույլատրելի է: Բուշին կարող են քննադատել միայն ամերիկացիները»: Մեկ այլ կոնգրեսական էլ նկատել էր, թե եթե որեւէ մեկը Վենեսուելայում փորձեր քննադատել Չավեսին, ապա այդ մարդը կենդանի չէր մնա: Կայրեին նրա երկրի դրոշները, հանրահավաքներ կանցկացնեին, ի վերջո, չի բացառվում, որ պերսոնա-նոն-գրատա (անցանկալի անձ) հայտարարեին:
Վենեսուելացի 27-ամյա Հայրո Հոսե Թորոն քաղաքագիտություն է ուսումնասիրում ամերիկյան համալսարանում եւ ասում է, որ Չավեսի նկատմամբ ունի հակասական վերաբերմունք: Մի կողմից, համաձայն է իր երկրի նախագահի` Բուշի հասցեին հնչեցրած բոլոր գնահատականներին, բայց մյուս կողմից կարծում է, որ Չավեսը շատ է կենտրոնանում միջազգային խնդիրների վրա, մոռանալով, որ «Վենեսուելան, չնայած իր նավթային պաշարներին, չի կարողանում հաղթահարել աղքատությունը»: Հայրո Հոսեի պատմելով, այսօր ամբողջ Վենեսուելան ու նույնիսկ իր ընտանիքի անդամները բաժանված են Չավեսի կողմնակիցների եւ հակառակորդների: Ընդ որում, նրա հակառակորդներն իրենց դժգոհությունն արտահայտում են հիմնականում մասնավոր զրույցներում, քանի որ վախենում են իշխանության հաշվեհարդարից: 1999թ. Վենեսուելայում նախագահի լիազորություններն ընդլայնելու համար հանրաքվե անցկացվեց: Ըստ էության, ընտրությունը հետեւյալն էր՝ տա՞լ Չավեսին նոր լիազորություններ, թե՞ ոչ: Քվեարկության ժամանակ գործի դրվեց էլեկտրոնային տվյալների բազան: Եվ հիմա, բոլոր այն քաղաքացիները, որոնք «դեմ» են քվեարկել, հիմնականում «դժվարանում են» աշխատանքի տեղավորվել: Կառավարությունը քվեարկության գաղտնիության սկզբունքը խախտելով, օգտագործելով տվյալների այդ բազան` ուղղակի հաշվեհարդար է տեսնում իր այն քաղաքացիների հետ, որոնք դեմ են քվեարկել հանրաքվեին:
Այժմ Վենեսուելայում կազմակերպում են անգամ քաղաքացիական բանակումներ, որտեղ բնակչությանը սովորեցնում են «ինչպես պատերազմել»: Հայրո Հոսեն անթաքույց ժպիտով է խոսում այդ PR ակցիայի մասին. «Այո, տեղյակ եմ այդ մասին: Չեմ կարծում եմ, որ լուրջ է: Ես պացիֆիստ եմ ու չեմ հավատում պատերազմին եւ չեմ կարծում, որ կռիվ լինի»:
Պատերազմ չի էլ լինի. գիտե՞ք ինչու, որովհետեւ Վենեսուելան ԱՄՆ տնտեսական գործընկերներից է եւ նավթի հիմնական գնորդն է: Այդ պատճառով Սպիտակ տունը ժպիտով է վերաբերվում մարգինալ քաղաքական գործչի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը 2002թ. փորձել է հեղաշրջում կազմակերպել Վենեսուելայում: Չավեսի «ամերիկյան հյուրախաղերն» ավարտվեցին Հարլեմում, որտեղ նա հանդիպեց սոցիալիստ-ուսանողների հետ: Նրանք Վենեսուելայի նախագահին ողջունեցին ծափահարություններով։ Քիչ անց պարզվեց, որ հավաքի մասնակիցները մինչ այդ «պարգեւատրվել էին»: Իսկ ավելի ուշ Չավեսը կպարզի, որ իր կրքոտ ելույթի ժամանակ Նյու Յորքի օդակայանում, խախտելով դիվանագիտական իմունիտետի մասին կանոնը, ամերիկացի մաքսավորները խուզարկում էին իր արտգործնախարարի ճամպրուկը…: