Դա սպորտ չէ, այլ՝ մարտարվեստ։ Բայց հենց որ կարատեիստը պատրաստ է լինում կյանքի ու մահու կռվին մասնակցելուն եւ լիցքավորվում է լրջագույն պայքար մղելու համար, նա հասկանում է, որ կարատեն նաեւ աշխարհայացք է, փիլիսոփայություն է։ Կամ, ինչպես Արեւելքում են ասում՝ կարատեն ուղի է։ «Եթե միայն քեզ համար ես ուժ որոնում, ապա լավ կլինի սարեր բարձրանաս ու մենակ ապրես»,- կարատեի այս խորհրդին հետեւելով՝ մարզիկը պետք է հասկանա, որ ինքը միայն մի փոքրիկ օղակ է, որի դերը շղթայի ամրությունն ապահովելու մեջ է։ Այն, ինչ կարատեիստը սովորում է մարզումների ժամանակ, պետք է իրեն պետք գա՝ հասարակության մեջ տեղ զբաղեցնելու համար։ Քո ուժը հասարակության ուժն է դառնում։ Որքա՞ն է այդ մոտեցումը հարազատ եւ ըմբռնելի մեր հայկական իրականության մեջ, որտեղ ընդունված չէ հասարակական բարօրությունը սեփական շահերից վեր դասել՝ դժվար է պատկերացնել։ Սակայն հերիք է տեսնել փայլուն աչքերով ու հավաք շարժուձեւ ունեցող երիտասարդ հայ կարատեիստների ելույթը, որոնք կլանված ու շնորհակալ հետեւում էին սեւ գոտի ունեցող կիոկուշին-կան կարատե-դո ոճի 6-րդ դանի վարպետ Ալեքսանդր Նեստերենկոյի հրահանգներին ու զրույցներին, որպեսզի համոզվես՝ նոր սերնդին ճիշտ ուղի է պետք ցույց տալ։ Եվ ամենակարեւորը՝ դա պետք է անել ճիշտ խոսքերով ու ճիշտ օրինակով։ «Նեստերենկոն ոչ միայն իմ երեխային, այլեւ՝ ինձ լավ դաս տվեց։ – ասաց որդուն պարապմունքների բերած երիտասարդ մի կին։ -Գիտեք, մեր կյանքի ուրախությունը կամ պատիժը կախված է մեր իսկ մոտեցումից, փողոց անցնելու մեր սովորություններից, քայլվածքից, խոսքերից։ Թափթփված մարդը նաեւ իր հարաբերությունների մեջ է թափթփված»։ Այն, ինչ սովորեցնում է արեւելյան խորաթափանց ու համառություն ենթադրող մարտարվեստը, շատ է պետք այսօրվա մի քիչ շփոթված ու մոլորված երիտասարդներին։ Այս մարզաձեւը հավաքվածություն ու հարգալից վերաբերմունքի դաս է տալիս։ «Հայ երեխաները սովոր չեն աշխատելու, կարատեն պետք է քայլ առ քայլ ներարկել նրանց մեջ։ Մարդը միշտ պետք է ինքն իր վրա աշխատի»,- ասաց Ալեքսանդր Նեստերենկոն՝ քննություն ընդունելով հայ կարատեիստներից։ Նա կարատեի տեխնիկան երկրորդական է համարում, կարեւորը՝ մոտեցումն է։ Երբ ապրում ես ու շփվում ես բնական թեթեւությամբ ու հարգանքով, ուրեմն իսկական կարատեիստ ես։ Կամ էլ՝ պարզապես լավ եւ ուժեղ մարդ ես…
Մի քանի օր է, ինչ Հայաստանում Կիոկուշին-կան կարատե-դո ֆեդերացիային աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Կիոկուշին-կան կարատե-դո միջազգային ֆեդերացիայի նախագահության անդամ, «Օյամա արեւմտյան կենտրոն» միջռեգիոնալ հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նեստերենկոն: Հայաստանում արդեն քանի տարի գործում է Կիոկուշին-կան կարատե-դո ֆեդերացիան, որի նախագահն է Ա. Հակոբյանը: Օրերս ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվեց Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Կիոկուշին-կան կարատե-դո-ն բավական մեծ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում: ՌԴ-ում այս ֆեդերացիայի պատվավոր նախագահ է Վլադիմիր Պուտինը, որն աջակցում է այս մարզաձեւի զարգացմանը:
Ի դեպ, 2001թ. Կիոկուշին-կան կարատեի լեգենդար վարպետ, հիմնադիր Օյամա Մասուտացուն հանդիպելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ՝ նրան է հանձնել պատվավոր սեւ գոտի (5-րդ դան):
– Կիոկուշին բառը թարգմանաբար «տուն» է նշանակում։ Ի՞նչ խորհուրդ ունի այդ անվանումը։
– Կարատեի այդ ուղղությունն ավելի մոտ է ընտանիքի գաղափարին, այն ակունքներին, որտեղից սկսվում է հասարակությունը։ Ուս ուսի իրար հետ մարզվող կարատեիստները բարեկամանում են, եղբայրանում։ Դա է հիմնական խորհուրդը։
– Բայց ամեն դեպքում՝ դիտելով այսօրվա մարզումները, կարելի է ենթադրել, որ մարտարվեստը մարդուց լավ շարժվող ու գործող ավտոմատ է պատրաստում, որը ճշգրիտ կատարում է մարզչի հրահանգները։
– Ոչ, դրանք հրամաններ չեն, դա դիսցիպլինա ու կարգապահություն է։ Կարատեն հաճախ բանակի հետ են համեմատում, իսկ բանակը միայն այն դեպքում է հաղթում, երբ դիսցիպլինա ունի։ Հրամանները զուտ դատարկ ֆորմա են, քանի որ դուք ներքուստ միշտ պատրաստ եք այդ հրամանները կատարելուն։ Հրամանները տալիս ենք՝ ձեր հմտությունը, ձեր ներքին վիճակը հասկանալու համար։ Եթե կողմնակի հայացքով նայեք, ապա մեզ որպես զինվորներ կընկալեք, բայց իրականում դա այդպես չէ. փորձի, տարիներ տեւող մարզումների հետ ազատություն է ծնվում։ Իհարկե, շատ բան կախված է նաեւ ուսուցչից։ Մարզումների հետ մեկտեղ մարդն այն բնականությունն ու թեթեւությունն է ձեռք բերում, որը եւ պետք է բնորոշի հասարակության մեջ ունեցած իր վարքագիծը։ Մենք չենք ասում, որ զբաղվելով կարատեով, մարդն ավելի առողջ կամ ուժեղ կլինի, մրցումների կմասնակցի, կկարողանա իր ընտանիքը պաշտպանել… Դրանք կարատե կոչվող սառցաբեկորի միայն մի մասն են։ Կարատեի նպատակը մարդ դաստիարակելն է, լավ շարժուձեւ սովորեցնելն է։ Մարդկանց պետք է սովորեցնել միմյանց հետ ճիշտ շփվել։
– Դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ով հենց Ճապոնիայում է ուսանել։
– Ես հիմա էլ եմ սովորում, օգոստոսին այնտեղ մրցումների էի։ Չեմ կարող ասել, որ Ճապոնիայում քչերն են սովորում, Ռուսաստանն այդ իմաստով բոլոր երկրներից առաջ է, մեր երկիրը դոմինանտ դեր է կատարում կարատեում։ Երբ կարատե ես սովորում, անպայման փորձում ես հասկանալ՝ իսկ ի՞նչ է իմ երկրում կատարվում, ինչպիսի՞ն են իմ երկրի ավանդույթները, մշակույթը, ի՞նչ վիճակում է հասարակությունը։ Կարատեն սեփական երկիրն ավելի լավ հասկանալու առիթ է տալիս։ Ֆուձի-սանում հայտնվելով` նման հարցեր ես ինքդ քեզ տալիս։
– Ֆուձիյամայո՞ւմ…
– Դե այդպես միայն արտասահմանցիներն են ասում, իսկ ճապոնացիները սարը Ֆուձի-սան են անվանում, քանի որ այդպես ավելի հարգալից է հնչում, այդպես մարդիկ իրենց ուսուցչին են դիմում։
– Հայ երիտասարդ կարատեիստների քննության ժամանակ դուք նրանցից մեկին ասացիք՝ «Սխալվելու իրավունք չունես, քանի որ քո սխալը թշնամին կօգտագործի»։ Դա նաեւ կյանքի՞ դպրոց է։
– Ճիշտ այդպես։ Հասկանո՞ւմ եք, սխալը միայն ֆիզիկական բռնությունը կամ հարվածը չէ, կարող ես նաեւ դիմացինիդ վիրավորելով սխալ գործել։ Երբ վիրավորում են եղբորդ, քրոջդ, աշխատակցիդ կամ ուսուցչիդ, դա կարելի է միայն որպես բառ ընկալել։ Բայց այդ պատահական ասված, նետված բառն ամենամեծ սխալն է, որի նպատակը ստորացումը ու դիմացինին անհարմար վիճակում դնելն է։ Կարատեն օգնում է այդ վիճակից նվազ կորուստներով դուրս գալ։ Հավաքվածությունն ու լավ վարքագիծը միշտ էլ գնահատելի են։ Ոմանք ավելի մեծ ձգողական ուժ են ձեռք բերում, ու նրանց հետ շփվել ցանկացողների թիվը միշտ մեծ է լինում։ Եթե հարցնեք՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում, կպատասխանեմ՝ ուրեմն, նա կարատեով է զբաղվում։
– Իսկ, օրինակ, բասկետբոլով զբաղվող մարդը նման ուժ չի՞ ունենում։
– Բասկետբոլը զուտ սպորտաձեւ է, որը զուրկ է ավանդույթներից։ Իսկ կարատեի հիմքում հարգանքն է։ Որտեղ կա սպորտ, այնտեղ փող, վիրավորանք ու մրցանակային տեղեր կան։ Եվ գայթակղություն կա… Դա բերում է խարդախության, որի արդյունքում մարդու անձը դեգրադացիայի է ենթարկվում։ Իսկ կարատեն բոլորովին այլ սկզբունքների վրա է հիմնված, կարատեն հասարակության անդամ է դաստիարակում։ Ոչ մի այլ սպորտաձեւ իր առջեւ նման նպատակ չի դնում։
– Կարատեն Հայաստանում զարգացնելու միտում տեսնո՞ւմ եք։
– Իհարկե, դուք շատ լավ ավանդույթներ ունեք։ Պարզապես պետք է կարողանալ մարդ դաստիարակել։ Շատ բան է կորել Սովետական Միության փլուզումից հետո, հիմա պետք է վերականգնել։ Դուք հիմա ինքնուրույն եք, աշխատում եք ազգային լեզուն, ավանդույթները, մշակույթը վերածնել։
– Հայաստանում հենց դիսցիպլինան է կաղում, դա նկատվում է նաեւ հայ կարատեիստների մոտ, որոնց հետ դուք սեմինար ու մարզումներ եք անցկացրել։
– Ամեն ինչ ընտանիքից է սկսվում՝ եւ կարատեում, եւ պետության մեջ։ Երեխաները մեղավոր չեն. նրանց միմյանց հարգել, սովորել ու լավ աշխատել չեն սովորեցնում։ Բացթողումը հաճախ կարատեի դպրոցում չի լրացվում, ծնողները փող են վճարում ու ասում են՝ դե, սկսեք արագ սովորեցնել… Իսկ կյանքի, հարաբերությունների, համբերության մասին ոչ ծնողների, ոչ էլ երեխաների հետ չեն զրուցում։ Հայաստանում գտնվելով, ես աշխատել եմ որքան հնարավոր է շատ զրուցել հենց նրանց ծնողների հետ։ Կարծում եմ, նրանց համար շատ բան ավելի հասկանալի դարձավ, եւ նրանց հոգում որոշակի հեղաշրջում տեղի ունեցավ։ Ես ուզում եմ, որ նրանք հասկանան՝ ի՞նչ է սերը, ի՞նչ է կյանքը, հայրենասիրությունը։ Կարատեն միայն միջոց է՝ այդ ամենը հասկանալու համար։ Ինքնատիրապետումը, դիսցիպլինան սովորեցնում են սիրել ու հարգել միմյանց եւ ճիշտ կառուցել շփումը հասարակության հետ։