«Հայկական խաղաղապահ զորակազմի ուղարկումն Իրաք նշանակում է պաշտոնական
Երեւանի արտաքին քաղաքական գծի փոփոխություն»,- հայտարարել է ռուսական
«Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան Վիկտորիա Պանֆիլովան:
Նա նշել է, որ Վարշավայում համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո
Մերձավոր եւ Միջին Արեւելքի, եւ հատկապես՝ Իրաքի հայկական համայնքն իր
նկատմամբ ճնշում զգաց թե՛ արաբ բնակչության, թե՛ տեղի իշխանությունների
կողմից: Նույն թերթին տված հարցազրույցում ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանն
անօրինաչափ է համարել միջամտությունն արաբական երկրների գործերին: Նրա
ասելով, իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ արդեն իսկ այսօր
արաբական երկրներում, հատկապես՝ Իրաքում, Լիբանանում, Սիրիայում եւ
Արաբական Էմիրություններում, հակահայկական տրամադրությունների ալիք է
բարձրացել: Ավելին, Ա. Սարգսյանը չի բացառում մեր երկրի համար
դրամատիկական հետեւանքները, եւ գտնում է, որ Իրաք հայկական զորախումբ
ուղարկելու որոշումը փորձ է ցույց տալու, որ Երեւանը մտադիր է լուրջ
շտկումներ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ: «Սակայն անհրաժեշտ է
հաշվի առնել, որ Ռուսաստանը Հայաստանի աշխարհառազմավարական դաշնակիցն է,
եւ այդ հանգամանքը չի կարող չանդրադառնալ երկու երկրների
փոխհարաբերությունների վրա»,- ասել է նա: