Ըստ «Trend»-ի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը քաղաքական ղեկավարներին կոչ է արել դրսեւորել հեռատեսություն եւ պատասխանատվություն ստանձնել՝ սառեցված հակամարտությունները լուծելու համար, որոնք ցանկացած պահի կարող են վերածվել նոր հակամարտության: Ելույթ ունենալով մշտական խորհրդի նստաշրջանում՝ դե Գուխտն ասել է, թե անհրաժեշտ է վերադարձնել հավատը ԵԱՀԿ հանդեպ, որն արդյունավետ գործիք է ամբողջ Եվրոպայում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի խոսքերով՝ սառեցված հակամարտությունները հիշեցնում են այն մասին, որ աշխարհը կայուն չէ: Նա նաեւ ասել է, թե Բելգիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, այս տարի փորձել է լուծել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները. «Ցավոք, պետք է արձանագրել, որ արդյունքի չհասանք, համենայնդեպս մինչ օրս: ԼՂ հարցում որոշ առումով առաջընթաց արձանագրելու մեր հույսերը չարդարացան: Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ»: