Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն քննարկելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» նախագիծը։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ցանկացած օրինագիծ պետք է ունենա հիմնավորում, ինչն այս նախագիծը չունի։ Բացի այդ, ըստ Բ. Նավասարդյանի՝ այս օրինագիծը ծնվել է «առանց շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու»։ Բ. Նավասարդյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ մտահոգություն հայտնեց, որ եթե օրինագիծն առաջին ընթերցմամբ անցնի, դրանում այլեւս հնարավոր չի լինի փոփոխություններ մտցնել: Իրավաբան Դավիթ Սանդուխչյանի խոսքերով՝ «արագ» ընդունված այս օրինագծի հիմնական թերություններից մեկն այն է, որ Հանրային հեռուստաընկերության համար հանվում է գովազդի հեռարձակման 5 րոպե սահմանափակումը, ինչը մասնավոր հեռուստաընկերություններին կդնի բարդ ֆինանսական դրության մեջ։ «Օրենքի այս նախագիծը տանում է հանրային հեռուստաընկերության առեւտրականացմանը, որը դրական երեւույթ չէ»,- ասում է Դ. Սանդուխչյանը։ Նրա հավաստմամբ, օրինագիծը մշակելիս Եվրախորհրդի առաջարկությունները հաշվի չեն առնվել: