Սեպտեմբերի 27-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանում շատ վտանգավոր խումբ է վնասազերծվել: Վրաստանի Հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է ռուսաստանցի չորս սպաների եւ Վրաստանի՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Ձերբակալվածները մեղադրվում են լրտեսության եւ «սադրիչ գործողություններ» նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածներից հինգը հայեր են:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ խմբի գործունեությունը ղեկավարվել է Երեւանից՝ Գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սինիցինի կողմից: Ռուսաստանի իշխանությունները Վրաստանից պահանջել են անհապաղ ազատ արձակել ռուսաստանցի սպաներին: Բացի այդ, ՌԴ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին եւ սկսել է ռուսաստանյան հիմնարկների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների մասնակի տարհանումը Վրաստանից: Արդեն երեկ նրանցից մոտ 100-ը տարհանվել են: ՌԴ Արտգործնախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց: Միաժամանակ Վրաստանում Ռուսաստանի դեսպանատունը դադարեցրել է մուտքի վիզայի տրամադրումը Վրաստանի բոլոր քաղաքացիներին: Իսկ ՌԴ խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովն էլ չի բացառել, որ Վրաստանի իշխանությունների կողմից ռուսական զորախմբի մի քանի սպաների ձերբակալումը կարող է հանգեցնել պատերազմի: Ռուսաստանը նաեւ կոչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ հրավիրել վրաց-աբխազական հակամարտությունը քննարկելու համար: ՄԱԿ-ի ԱԽ անդամ Ռուսաստանը ԱԽ-ից նաեւ պահանջել է ճնշում գործադրել Վրաստանի վրա՝ դադարեցնելու գործողությունները, «որոնք կարող են վտանգել խաղաղությունը տարածաշրջանում»: Սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն հետաձգել է Վրաստանի հարցով խորհրդատվական նիստը, քանի որ խորհրդի անդամները ՄԱԿ-ի քարտուղարությունից լրացուցիչ տեղեկատվություն են պահանջել: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս է հայտնել, որ ուրբաթ օրը կընդունվի ԱԽ նախագահի հայտարարությունը, որն «ԱԽ բանաձեւից հետո ՄԱԿ-ի՝ ուժով երկրորդ արձագանքն է»: Ռուսաստանի պատրաստած հայտարարության նախագիծը Չուրկինն անվանել է «հանգիստ եւ հավասարակշռված»: Ըստ նախագծի, ԱԽ-ն պահանջում է վրացական զորքերի եւ այլ ռազմական կազմավորումների դուրսբերում Կոդորի կիրճից եւ վերադարձ 1994-ի մայիսի 14-ին Մոսկվայում ստորագրված խաղաղ կարգավորման պլանին: Նախագծում Վրաստանի վերջին գործողությունները որակվում են որպես «սադրիչ», եւ ԱԽ-ն վրացական կողմից պահանջում է զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Իսկ ձերբակալված ռուսաստանցի 4 զինծառայողներին երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտարարել է, թե Անդրկովկասում ռուսական զորքերի շտաբի շրջափակումը չի դադարեցվելու, քանի դեռ ռուսական կողմը չի հանձնել Կոնստանտին Պիչուգինին, ում եւս վրացական կողմը կասկածում է լրտեսության մեջ: Սակայն Վրաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Իվան Վոլինկինն էլ երեկ հայտարարել է, թե ռուսական կողմը մտադիր չէ Վրաստանին հանձնել Պիչուգինին: Ի դեպ, երեկ լրատվական որոշ գործակալություններ տեղեկություն տարածեցին այն մասին, թե Վրաստանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել ռուսական բանակի 6 զինծառայողի, ընդ որում, հաղորդվում էր, որ այդ 6-ից 3-ը ՀՀ քաղաքացիներ են: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանը հայտնվում է բավականին դժվար կացության մեջ: Վրաստանում վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, Հայաստանը մտահոգված է ռուս-վրացական հարաբերություններում լարվածության մեծացմամբ եւ «մոտիկից հետեւում է իրադարձություններին»: Նախարարի խոսքերով՝ դա առաջին հերթին Վրաստանի ներքին խնդիրն է, երկրորդը՝ վրաց-ռուսական պրոբլեմ է: Վրաստանում ձերբակալված խմբի անդամների թվում հնչել են նաեւ հայկական անուններ, սակայն, ինչպես ընդգծել է Վ. Օսկանյանը, նրանք Վրաստանի քաղաքացիներ են: «Հայաստանի անունն էլ է տրվել, բայց Հայաստանին չի վերաբերում»,- ավելացրել է նա: Վ. Օսկանյանը նաեւ հույս է հայտնել, որ ռուս-վրացական հարաբերությունների բարդացումը դրանց խզմանը չի հանգեցնի: «Մենք տեսել ենք, թե այդ ամենը որքան բացասական է ազդում Հայաստանի վրա՝ տնտեսական, քաղաքական առումներով: Այնպես որ, հուսանք, որ բանականությունն այստեղ կգերիշխի, եւ երկու երկրները կկարողանան այս հարցը երկկողմ բանակցությունների շնորհիվ կարգավորել»,- երեկ ասել է ՀՀ արտգործնախարարը: Նշենք նաեւ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Անատոլի Գրոմիկոն նախօրեին հերքել է Վրաստանի ՆԳ նախարարի արած այն հայտարարությունը, թե լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալված խմբի գործունեությունը Երեւանից համակարգել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության սպա Ա. Սինիցինը: Նշենք նաեւ, որ զարմանալի զուգադիպությամբ սեպտեմբերի 28-ին դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը: Պաշտոնապես նշվում է, թե գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում Կարմիր կամուրջ չափիչ հանգույցի վերակառուցման եւ կարգավորման պատճառով: Նախնական տվյալներով՝ աշխատանքները կտեւեն 4 օր: