Տխուր անեկդոտ

03/10/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Անկախության 15-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցի առիթով մեր մայրաքաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկն անվանակոչվելու է եւ դառնալու է Ֆրանսիայի հրապարակ: (Ի դեպ, Մաշտոցի պողոտայի, Բաղրամյան եւ Սայաթ-Նովա փողոցների այդ բանուկ խաչմերուկը հետեւողականորեն փորձում են ներկայացնել որպես հրապարակ): Դժվար է ըմբռնել անվանակոչության պատճառահետեւանքային կապը.Հայաստանը տոնում է անկախությա՛ն 15-ամյակը, իսկ հրապարակն անվանակոչվում է Ֆրանսիա պետության անունով: Թե ով է նման որոշման հեղինակը եւ ինչ տրամաբանությամբ է ընտրվել մայրաքաղաքի հենց ա՛յդ հատվածը, պարզեցինք Երեւանի քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնից (որը զբաղվում է մայրաքաղաքի փողոցների, հրապարակների անվանակոչության խնդիրներով): Այսպիսով, անվանակոչության առաջարկի հեղինակը Երեւան քաղաքի խորհուրդն է, որի կազմում են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու մայրաքաղաքի 12 համայնքների ղեկավարները: Զախարյանի տրամաբանությունն էլ է հասկանալի. այն տարածքը, որը վաճառել կամ որի վրա շենք կառուցել հնարավոր չէ՝ հայկական կոչվել ոչ մի կերպ չի կարող: Մեզ հետ զրույցի ընթացքում կազմակերպատեսչական բաժնի աշխատակցուհին, ի դեպ, փորձում էր իմաստ փնտրել մե՛ր հարցադրման մեջ՝ իսկ ի՞նչ կա, որ. ինչո՞ւ պետք է Երեւանում լինի Արգենտինայի, Բրազիլիայի հրապարակ, իսկ Ֆրանսիայի պես երկրի անունով հրապարակ չլինի: Եվ հետո, այդ երկրի հետ մեր դիվանագիտական, բարեկամական հարաբերությունները Երեւանի հենց կենտրոնում Ֆրանսիական հրապարակ ունենալը նույնքան արդիական են դարձնում, որքան կրիմինալի դեմ պայքարելը:

Եթե խնդիրը զուտ բարոյական հարթության ենթատեքստում դիտարկենք եւ սկսենք մեր սիրելի գործը՝ հաշվել, թե իր ամերիկացի գործընկերոջ համեմատ՝ քանի անգամ է Ֆրանսիայի նախագահն արտաբերել «ցեղասպանություն» բառը, ապա կարելի էր ավելի լայն ժեստ անել՝ ասենք, մայրաքաղաքի եկեղեցիներից մեկն էլ վերանվանակոչել Փարիզի Աստվածամոր տաճարի, ուր իր պաշտոնական այցի ընթացքում կիրակի առավոտյան ժամերգությանը կմասնակցեր կաթոլիկ նախագահը: Հատուկ ջանքեր պետք չեն. ոչ մի օտարերկրացի Երեւանում իրեն, միեւնույն է, չի զգա այլ քաղաքակրթության, այլ մշակույթի կրող երկրում: Մասնավորապես, Ֆրանսիայի հարգարժան նախագահը, շրջելով Երեւանում, կարող է մտնել «Էյֆել» խանութ, սուրճ խմել «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանում, ճաշել «Ֆրանսիական խոհանոցում», հայրենիք վերադառնալիս էլ իր ընտանիքի անդամների համար գնումներ կատարել «Հագուստ՝ Փարիզից» խանութից: Սակայն այս ամենից որեւէ ֆրանսիացու հարգանքը մեր պետության կամ ժողովրդի հանդեպ բնավ չի ավելանա: Ի դեպ, հարգանքի կամ ինքնահարգանքի մասին. երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին Շառլ Ազնավուրի դիմավորման արարողությունը, երգչի՝ ինքնաթիռից իջնելուն պես ինչ-որ մի ստրուկ հայ չինովնիկի հրահանգով լրագրողների խումբը շարժվեց դեպի երգիչն, ու եթերից հնչեց նույն այդ մեկի հրահանգը լրագրողներին. «Հա՛րց տվեք, հարց տվեք»: Գիշերվա կեսին լրագրողները երգչից սկսեցին անկեղծորեն եւ հերթական անգամ հետաքրքրվել, թե վերջին անգամ երբ է համերգ տվել Երեւանում եւ «ինչպես» տեսավ Երեւանը ա՛յս անգամ: Ճանապարհից հոգնած ալեհեր երգիչը մեկ-երկու լակոնիկ նախադասությամբ կարճ կապեց եւ շարժվեց դեպի մեքենան: Դիմավորման համար հավաքված լրագրողների խումբն ակնհայտորեն այդ ժամին օդանավակայան էր տարվել զուտ որպես բուտաֆորիա, որքան էլ ցավալի է խոստովանել:

Հետաքրքիր կլինի հետեւել Երեւանով շրջող Ֆրանսիայի նախագահին: Դժվար չէ պատկերացնել Ժակ Շիրակի նրբանկատ լռությունը, երբ Ազնավուրի ուղեկցությամբ հայտնվի շանսոնիեի անվան հրապարակում եւ ստիպված լինի իրեն զսպել եւ չփորձել համեմատել բնօրինակը եւ մեծ երգչի արձանը: Վստահորեն «Մոսկվա» կինոթատրոնին հարող այս հրապարակն էլ կարելի է անվանել Ֆրանսիական, քանի որ Ազնավուրը հայ է միայն ազգությամբ: Սակայն մենթալիտետով երգիչը միանշանակ ֆրանսիացի է: Հակառակ դեպքում իր անվամբ հրապարակի բացման ժամանակ այդքան ապշած ու շփոթված տեսք չէր ունենա եւ անհեթեթ տեքստ ընթերցող Երեւանի երբեմնի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին այդքան հետաքրքրությամբ չէր զննի: Այնպես որ, մեր սահմանափակ երեւակայությամբ Ժակ Շիրակին նման ժեստ անելն ասիական շողոմություն է, որն ազգությամբ ֆրանսիացի եւ բարեկիրթ սիրալիրությունների սովոր նախագահի կողմից ավելի շուտ չի ընկալվի: Եվ հետո, այդ բանուկ խաչմերուկը (ի դեպ, կենտրոնի միակ չանվանակոչված տարածքը, ինչպես ներկայացրին քաղաքապետարանում) Ֆրանսիական հրապարակ անվանակոչելը զուտ էսթետիկական առումով եւս անհասկանալի է: Օպերայի հարակից այդ տարածքում ոչինչ չի հիշեցնում Ֆրանսիան: Այդ երկրի մասին տարտամ ու տխուր հիշողություններ է արթնացնում թերեւս միայն Կոմիտասի արձանը. Կոմիտասն իր կյանքի վերջին շրջանն անց է կացրել Ֆրանսիայի հոգեբուժարանում: Այսքանը: Մնացած ամեն ինչ խիստ հայկական է՝ բացառությամբ մի փոքր այն կողմ գտնվող «Հռոմ» խանութի: Սակայն այդ մասին՝ արդեն Սիլվիո Բեռլուսկոնիի ոչ պաշտոնական այցի ընթացքում: