Դպրոցականները վատացել էին արցունքաբեր գազից

03/10/2006

Սեպտեմբերի 28-ին Երեւանի թիվ 86 դպրոցում տեղի էր ունեցել զանգվածային թունավորում, որի հետեւանքով 36 աշակերտներ տեղափոխվել էին Մուրացան փողոցի վրա գտնվող համալսարանական կլինիկա: Թիվ 86 դպրոցի տնօրեն Անահիտ Շառոյանի ասելով, աշակերտների ինքնազգացողության վատացման պատճառ է հանդիսացել նրանց համադասարանցի` 6-րդ Ա դասարանի աշակերտ Դավիթ Պողոսյանը, որն իր հետ դասասենյակ էր բերել գազալցված տարա` «սրեդստվո սամոոբորոնի ի զասչիտ օտ սոբակ» ռուսերեն մակնշմամբ: «Դավիթն ընկերներին ցույց տալով կարմիր գույնի տարան, ասել է` տեսեք ի՞նչ «դեզոդորանտ» եմ բերել, եւ փչել է ընկերների ուղղությամբ, որից հետո երեխաները վատացել են: Միջադեպից պետք չէ աղմուկ սարքել, որովհետեւ բոլոր աշակերտներն արդեն լավ են ու բոլորն այսօր ներկա են եղել դասերին: Տղան անզգուշություն է ցուցաբերել` չիմանալով տարայի նշանակությունը: Նրանց տանը եղել է այդ սրվակը, քանի որ տղայի հայրը նախկինում դատապարտված է եղել: Այսօր հրավիրել ենք մանկխորհրդի արտակարգ նիստ, որտեղ ուսուցիչներին եւ ծնողներին ցուցվել է` աշակերտների պայուսակներն ամեն օր ստուգել»,- ասաց Ա. Շառոյանը: Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանի փոխանցմամբ, գազալցված ինքնապաշտպանիչ տարան կարճատեւ, մոտ 2 ժամ ազդեցությամբ արցունքաբեր գազ է, որը գրգռում է լորձաթաղանթները: Դրանից հաճախակի օգտվում են ռուս կանայք` փողոցի շների եւ ավազակների հարձակումներից պաշտպանվելու համար: «Երեխաներն ավելի շատ վախեցել էին, քան վատացել, դրա համար նրանց ցուցաբերվեց հոգեբանական բուժօգնություն»,- նշեց Ա. Սողոյանը: