Կեղծումներից բացի, մասնագետները կարեւորում են կոսմետիկ պարագաների պահպանման կարգը, մանավանդ` այս տարվա ամռան աննախադեպ շոգին հազվագյուտ վաճառակետերում (որտեղ ամենաէժան օծանելիքն արժե 10-30 ԱՄՆ դոլար) կարելի էր հանդիպել օդափոխիչների կամ հատուկ սառնարանների: Եթե չասենք, որ մեզ մոտ կոսմետիկան հիմնականում վաճառվում է փոքրիկ կրպակներում, «էժան գներ» հայտարարությամբ խանութներում:
Վերջերս «Mennen speed stick» անվանմամբ (նախատեսված է տղամարդկանց համար) քրտնապաշտպանիչ քսուքների գործածումից տարբեր մարդկանց մոտ ալերգիայի (կարմրություն, քոր) նշաններ են հայտնաբերվել: Փորձեցինք պարզել քսուքների գործածումից առաջացած անցանկալի երեւույթների պատճառները, մանավանդ, խոսակցությունների համաձայն, այդ միջոցների սխալ գործածումը ընդհուպ քաղցկեղի կարող է հանգեցնել: Պատահական ընտրված վաճառասրահի մենեջերն ասաց, որ տվյալ ապրանքանիշ ներկրողը «Պրոկտր ընդ Գեմբլ» ամերիկյան ընկերությունն է: «Բնակչության կողմից բավականին շատ ահազանգեր են լինում, որ մեզ մոտ վաճառվող պարֆյումերիան միշտ չէ, որ պահպանում է տվյալ ֆիրմայի արժանիքները: Անցյալ տարի «Պրոկտր ընդ Գեմբլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ կատարեցինք նրանց ապրանքանիշերի կեղծումների հայտնաբերմանն ուղղված ստուգայցեր: Երեք ամսվա ընթացքում երեք տասնյակից ավելի առեւտրի կետերում հայտնաբերեցինք կեղծված ապրանքներ: Մեծամասամբ կեղծված էին «Բլենդամեդ» ատամի մածուկները, «Պոնտին Պռովի» միանգամյա օգտագործման շամպունները: Փորձաքննությամբ պարզվեց, որ բացի արտաքին տեսքից (տուփը, մակնշումն այնքան վարպետորեն են կեղծում, որ չի տարբերվում օրիգինալից), կեղծված էր նաեւ պարունակությունը: Դժվար է ճշտել, տեղո՞ւմ են կեղծում, թե՞ կեղծված է ներկրվում, քանի որ, բացի հիմնական մատակարարից, խանութները փոքր քանակությամբ ու մատչելի գներով ապրանքներ ձեռք են բերում պատահական մարդկանցից»,- ասում է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի մարքեթինգային հետազոտությունների եւ մոնիթորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայաթյանը: Լայն սպառման ապրանքների, այդ թվում՝ կոսմետիկական պարագաների կեղծված տեսականին հիմնականում ներկրվում է հարեւան Վրաստանից, փոքր քանակությամբ կեղծվում է նաեւ Հայաստանում: Ֆ. Հայաթյանի ասելով, այս տարվա ուսումնասիրության արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն կարելի է հաստատել, որ կեղծումների տեսականին փոխվել է, քանի որ այս տարի գերազանցապես կեղծված են օծանելիքները:
Հավաստի աղբյուրի համաձայն, արդեն մեկ տարի է, ինչ «Պրոկտր ընդ Գեմբլ» ընկերության տարածաշրջանային կենտրոնական գրասենյակը Թբիլիսիից տեղափոխվել է Բաքու, որի պատճառով էլ Հայաստանում չի գործում ընկերության շահերը պաշտպանող պաշտոնական ներկայացուցչություն: Մեր տեղեկություններով, սակայն, «Պրոկտր ընդ Գեմբլ»-ի ապրանքաշրջանառության ամսական ծավալները մեզ մոտ հասնում են 2-2,5 մլն դոլարի: Արտասահմանյան այս խոշոր ընկերությունը Հայաստանում ապահովում է խոշոր եկամուտներ: «Ներկայացուցչությունն ինչ-որ չափով շուկայում առկա կեղծումները հսկում ու կանխում էր, իսկ այսօր բարձիթողի վիճակ է: Այսօր մեծ քանակությամբ մազերի ներկեր ու աչքի տուշեր առաջացնում են մազերի եւ արտեւանունքների թափում: Մեզ նույնիսկ մի կին էր դիմել, որը մազի ներկից ճաղատալացել էր: Այդ կինը մազի ներկը գնել էր «Բարեկամություն» մետրոյի գետնանցումի վաճառակետերից: Ցավը նրանում է, որ վաճառողը ոչ մի մեղք չունի, նա ապրանքը ձեռք է բերում մեծածախ շուկաներից: Լայն սպառման ապրանքները հաճախ առաջացնում են ալերգիաներ, օրգանիզմի վրա թողնում են կործանարար ազդեցություն: Փաստորեն, որքան քաղաքակրթությունը զարգանում է, այնքան հիվանդությունները շատանում են: Գիտահետազոտական ինստիտուտները դեռեւս չեն հայտնաբերել դրանց պատճառները: «Լսել են ձայնը, չգիտեն, թե այն որտեղից է գալիս»՝ ռուսական հայտնի ասացվածքին հավատարիմ մեր ազգաբնակչությունը «հակապրեսպիրանտ» միջոցները հաճախ օգտագործում է առանց լողանալու: Մինչդեռ դրանք օգտագործելիս կանանց մոտ կարող են առաջանալ մաստիտներ, քաղցկեղ: Օծանելիքն ու նման քրտնապաշտպանիչ միջոցները պետք է օգտագործել մաքուր մաշկի վրա, քանի որ այդ քսուքները փակում են քրտնածորանները` դժվարացնելով մարմնից թունավոր մասնիկների հեռացումը: Մաշկն օրգանիզմի հայելին է: Եթե մաշկի վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր, նշանակում է` օրգանիզմում կա հիվանդագին երեւույթ: Օրինակ, Ճապոնիայում 100-ից ավելի հիվանդություններ միայն եղունգների կառուցվածքի միջոցով են որոշում: Մաշկի միջոցով նրանք ախտորոշում են բավականին շատ հիվանդություններ: Եթե որեւէ լայն սպառման ապրանքի օգտագործումից որեւէ մեկի մոտ առաջանում է ալերգիա, ապա պետք է դադարեցնել, որովհետեւ ալերգիան կարող է խորանալ, իսկ նրանց բաղադրությունը որոշելն այդքան էլ հեշտ չէ»,- նշում է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ, բժշկուհի Մելիտա Հակոբյանը: Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաեւ շուկայում առկա այլ կոսմետիկ միջոցների` օրինակ, եղունգների համար նախատեսված ներկերին` նշելով, որ դրանք հաճախ առաջացնում են եղունգների տրոհում: «Ամբողջը փչացած վիճակում են, չգիտես, թե, ի՞նչ լուծող նյութերով են պատրաստված: Կա անտեսանելի մեծ դաշտ, անհայտ ծագման կոսմետիկ միջոցներ, որից օգտվում են աղջիկների եւ կանանց մեծամասնությունը: Չես կարող ճշտել, իրականում դրանք ո՞ր երկրի արտադրանքն են: Այսօր կոսմետիկ ապրանքները կեղծվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Դրանք միշտ կեղծվել են ու կկեղծվեն: Կեղծողների նպատակը հարկային դաշտից դուրս մնալն ու հարստանալն է»,- ավելացնում է Մ. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է քիմիական բաղադրությամբ կոսմետիկ միջոցներից ծագող ալերգիկ հիվանդություններին, ապա Կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի հանրապետական կենտրոնի պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը նշում է, որ, առհասարակ, ամբողջ աշխարհում ալերգիկ հիվանդությունների թիվը շեշտակիորեն աճում է` հասնելով աղետալի չափերի: Կան երկրներ, որտեղ յուրաքանչյուր երկրորդն է ալերգիկ: Հայաստանը բացառություն չէ: Պատճառները դեռեւս անհայտ են: Տեսականորեն ալերգիկ հիվանդությունների աննախադեպ աճը պրոֆեսոր Գամբարովը կապում է իմունային համակարգի խանգարումների հետ: Այսպես, մեզ մոտ ալերգիկ հիվանդությամբ տառապում են երեխաների 25 տոկոսից ավելին, հասուն ազգաբնակչության 25-30 տոկոսը: Ընդ որում, նրանց 75 տոկոսը քաղաքային բնակչությունն է, ինչը բացառում է հիվանդության ծագման բնակլիմայական գործոնը: «Քիմիական քսուքներն ու ներկերը որակյալ լինելով հանդերձ, կարող են առաջացնել ալերգիա: Այժմ մեր կլինիկայում մի կին է պառկած, որն ամբողջությամբ ճաղատացել է` ինչ-որ մազի ներկից: Արտադրող ընկերությանը չես կարող մեղադրել, որովհետեւ, կարող է տվյալ կնոջ օրգանիզմը ներկը չի ընդունում, դա խիստ անհատական է: Մեղադրելու համար ապացույցներ են պետք: Պետք է ստեղծել մասնագիտական հաստատություններ, որոնք պարբերաբար փորձաքննություններ կանցկացնեն, կվերահսկեն վաճառվող կոսմետիկ պարագաները, ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում է ընդունված, երբ հետեւողականորեն վերահսկվում են, ինչպես սնունդն ու դեղորայքը, այնպես էլ կոսմետիկական պարագաները»,- ասում է Ս. Գամբարովը: