Ավարտվեց Անապայի «Կինոշոկ» միջազգային 15-րդ կինոփառատոնը, որին ավանդաբար իրենց նոր ֆիլմերն են ներկայացնում ԱՊՀ եւ Բալթյան երկրների կինեմատոգրաֆիստները: Կինոգետ Արմեն Մեդվեդեւի գլխավորած ժյուրին լավագույնը ճանաչեց էստոնացի ռեժիսոր Պեետեր Սիմմի «Մինչեւ կոկորդս կուշտ եմ» ֆիլմը: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված են եղել նախկին Խորհրդային Միության 11 երկրների ֆիլմերը, որոնց թվում պետք է լիներ նաեւ հայ-ամերիկյան արտադրության «Արահետ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռուբեն Քոչարն է: Սակայն «Արահետի» հետ անհասկանալի անախորժություններ են տեղի ունեցել, ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել, քանի որ մաքսատան աշխատակիցները թույլ չեն տվել ֆիլմը մաքսակետից դուրս հանել: Ռուբեն Քոչարին առաջարկել են ֆիլմը գոնե վիդեոժապավենի վրա` մրցույթից դուրս ցուցադրել, սակայն ռեժիսորը հրաժարվել է: Կինոքննադատներն ու ժյուրիի անդամները ափսոսանք են հայտնել, որ ֆիլմը դիտելու հնարավորություն չեն ունեցել: Թեեւ հայկական կինոն վերջին տասը տարիներին լավ ֆիլմերով չի փայլել, այսուամենայնիվ, բոլորը ցանկացել են արտագաղթին եւ հայրենիք վերադառնալու թեմային նվիրված հայ ֆիլմի հետ ծանոթանալ: Ընդ որում, գրեթե բոլոր մրցութային ֆիլմերի հիմքում հենց արտագաղթն ու պոետիկ հնչերանգներ ստացած կարոտաբաղձությունն է եղել: Այդ մասին են ուզբեկական, էստոնական, լիտվական ֆիլմերը: Հայկական ֆիլմը, որը չի կարելի շատ որակյալ կինեմատոգրաֆիստական աշխատանք համարել, այնուամենայնիվ, կարող էր այդ թեմայի նոր մեկնաբանությամբ հիշվել: