Սեպտեմբերի 28-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ է այցելել փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որը հանդիպել է Ռազմիկին եւ նրան տեսել հյուծված եւ հիվանդ վիճակում: Մեկուսարանի բժիշկները հաղորդել են, որ Ռազմիկ Սարգսյանի մոտ ախտորոշվել է թոքախտ, սակայն բժիշկների պնդմամբ` նրան հիվանդանոց չեն տեղափոխում, քանի որ բանտախցում նրան տրամադրվում են անհրաժեշտ բուժման միջոցներ: Նույնը հիմնավորել է նաեւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պետ Սարգսյանը: Ռազմիկը գանգատվել է փաստաբանին, որ հիվանդ է արդեն մոտ երկու ամիս, եւ միայն 3 օր առաջ են նրան հետազոտել եւ նման ախտորոշում տվել: Կալանավորին նման ախտորոշմամբ բանտախցում պահելը ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերի կոպիտ խախտում է:
Հիշեցնենք որ, սրան նախորդել է միջազգային հեղինակավոր Հյումն Ռայթս Ոտչ (Human Rights Watch) եւ Հելսինկյան ֆեդերացիա (International Helsinki Federation for Human Rights) կազմակերպությունների` Հայաստանի իշխանություններին այդ դատավարության համար դատապարտող պաշտոնական հայտարարությունը:
Ռ. Սարգսյանն ակնհայտ կեղծ դատավճռով ապօրինաբար մեղադրվում է մարդասպանության մեջ, եւ ներկայումս Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի գործը գտնվում է բողոքարկման փուլում Վճռաբեկ դատարանում:
Ռազմիկի թոքախտով անսպասելի վարակվելը արդարադատությունն իրականացնող մարմինների անօրինական գործողությունների օրգանական շարունակությունն է:
Կարեն Հակոբյան, «Հույս» ՀԿ
Սեդա Մելիքյան,
«Հոգեւոր Հայաստան» ՀԿ
Հարություն Սիմոնյան, քաղաքացի
Գոհար Արմենակյան, Զինվորի պաշտպանության մայրերի նախաձեռնող խումբ
Արսեն Խառատյան, Հանուն գիտության զարգացման նախաձեռնող խումբ
Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ
Միքայել Դանիելյան, Հելսինկյան ընկերակցություն
Զառա Փոստանջյան, փաստաբան
Աշոտ Աթոյան, փաստաբան